կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-15 11:48
Հասարակություն

Համալիրի նախկին գնորդը սնանկ է. նոր մանրամասներ

Համալիրի նախկին գնորդը սնանկ է. նոր մանրամասներ

Կառավարության որոշմամբ` չեղյալ է հայտարարվել կառավարության` 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշումը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված էր նրանով, որ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված` պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ` ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է պատրաստի նախագիծ, որով համալիրի բաժնետոմսերի կառավարումը ՊՆ-ից կփոխանցվի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Թեև yerkir.am-ի հետ զրույցում պետական գույքի կառավարման վարչության պետի խոսնակ Մարգարիտա Սարգսյանը հայտնեց, որ գույքի կառավարումը փոխանցելու վերաբերյալ պաշտոնական որոշում դեռևս չկա, սակայն, ըստ ամենայնի, համալիրի բաժնետոմսերն ամբողջությամբ կփոխանցվեն հիշյալ վարչությանը: Նշենք, որ համալիրի գույքի կառավարումն ինքնին ծախսատար գործընթաց է, և մեր պետական գերատեսչություններն ամենևին էլ հոժարակամ չեն իրականացնելու դրա կառավարումը:

Ավելին` ըստ որոշ տեղեկությունների՝ համալիրի պետականացումից հետո գույքի տնօրինումը հանձնվել էր ՊՆ-ին, քանի որ ՀՀ պետբյուջեից ամենից շատ ֆինանսավորվող հիշյալ գերատեսչությունն էր ի վիճակի քիչ, թե շատ իրականացնել գույքի կառավարումը: Իսկ առաջիկայում արդեն այդ բարդ և պատասխանատու գործընթացն ընկնելու է Արման Սահակյանի ղեկավարած վարչության ուսերին:

Հիշեցնենք, որ համալիրի վաճառքից հետո մամուլը հեղեղվեց համալիրի գնորդի՝ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերության տնօրեն ու միակ բաժնետեր` ԱՄՆ քաղաքացի Վահագն Դինո Ավադիսյանի՝ խարդախության համար հետախուզման մեջ գտնվելու մասին լուրերով: Հայտնի դարձավ, որ ամերիկահայ գործարարի ֆինանսական մեքենայությունների զոհ են դարձել բազմաթիվ քաղաքացիներ, նրա վերաբերյալ քրեական գործեր են քննվել, իսկ մի գործով էլ, ըստ iravaban.net-ի՝ նա հետախուզվում է ԱՄՆ իրավապահների կողմից:

Yerkir.am-ի տեղեկություններով` Դինո Ավադիսյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ սահմաններից դուրս, վաճառել է գրեթե ողջ ունեցվածքն ու գտնվում է սնանկացման եզրին: Նրա կինը՝ Ջուլիա Մուրադյանը, այժմ բնակվում է Հյուսիսային Հոլիվուդում (North Hollywood): Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն՝ Դինոյի կնոջ մայրը, ով նույնպես «հանցագործի» համբավ ունի, մի ժամանակ փեսային օգնել է կեղծ անձնագրով Հայաստան փախչել, իսկ այնտեղ արդեն նրան օգնել է կնոջ եղբայրը` ոմն Վարդան Կուզիկյան: Տեղեկություններ կան, որ Դինոյի կնոջ մայրը բազմաթիվ կեղծ անուններով և կեղծ անձնագրերով է հանդես եկել, սակայն մինչ այս պահը վրիպել է իրավապահների ուշադրությունից:

Սակայն այս պատմության մեջ ցավալին այն է, որ ՀՀ կառավարությունը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը խզում է ոչ թե նրա համար, որ ընկերության տնօրենը հայտնի «հանցագործ է», այլ` որ այդ ընկերության կողմից համալիրի համար վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: Իհարկե, մյուս կողմից էլ հասկանալի է, որ դժվարանում են խոստովանել, որ համալիրը քիչ էր մնում վաճառեին հանցագործ մեկին:

Հիմա կարեւորն այն է, որ պատմամշակութային կոթողի տարածքում խաղատներ ու ժամանցի այլ վայրերի կառուցումը միառժամանակ հետաձգվում է: