կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 15:28
Հասարակություն

«Աշտարակ կաթ»-ի հավանական գնորդը գործում է ԱՄՆ-ում. ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ծրագրերը

«Աշտարակ կաթ»-ի հավանական գնորդը գործում է ԱՄՆ-ում. ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ծրագրերը

Սնանկ ճանաչված  «Աշտարակ կաթ» ընկերությունը պատրաստվում է գնել «Ադրա Ռեմարա» ընկերությունը. այսօր լրագրողներին տեղեկացրեց հավանական գնորդ ընկերության ներկայացուցիչ Արտակ Ավագյանը:

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կազմակերպություն է «Ադրա Ռեմարա»-ն և ի՞նչ գործունեություն է ծավալում, Ավագյանը պատասխանեց, որ կազմակերպությունը գործում է ԱՄՆ-ում, «համաշխարհային կազմակերպություն է»: 

Նա կազմակերպության առողջացման ծրագրի ղեկավարն է, իսկ ընկերության սեփականատերերն Արա և Արտակ Ասատրյաններն են:

Նշենք, որ այս պահի դրությամբ ընկերությունը համարվում է հավանական գնորդ, և իրավական հարցերը դեռ կարգավորված չեն:

«Գործընթացը դեռ ամբողջությամբ չի ավարտվել, ընթացի մեջ է: Մենք հիմա սկսել ենք առողջացման ծրագրի նախնական փուլը: Առողջացման ծրագիր ասելով՝ նկատի ունենք ներդրումներ անելը»,- ասաց Ավագյանը:

Անդրադառնալով գյուղացիներին չվճարած կաթի դիմաց գոյացած պարտքերի մարման հարցին՝ Ավագյանը նշեց, որ փորձում են գյուղացիներին օգնել պարտքերը մարելու հարցում: «Մենք չենք կարող այս պահին միանգամից իրենց նախկին բոլոր պարտքերը մարել: Մթերում-մարում ենք, բոլորի հետ անհատական փորձում ենք համաձայնության գալ առանց ոչ մեկին նեղացնելու: Պարտքը կազմում է մոտավորապես 180 միլիոն դրամի կարգի»,- ասաց Արտակ Ավագյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը մի քանի խոսքով ներկայացրեց ՝ ինչ նպատակով է նախարարությունում հավանական գնորդների հետ քննարկում կազմակերպվել: «Մի քանի շաբաթ է` նախարարությունը  փորձում է գտնել այն հնարավորությունները, որոնցով կարող է երաշխավորվել «Աշտարակ կաթ» ընկերության ապրանքանիշով արտադրանքի արտադրության շարունակականությունը ՝ երաշխավորելով նշված կազմակերպության աշխատողների աշխատատեղերը և  այն բազմաթիվ գյուղացիների, ովքեր երկարատև գործունեություն են ունեցել ընկերության հետ և վաճառել են իրենց գյուղատնտեսական արտադրանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենը բավական բարդ ընթացք է ենթադրում:

«Դեռ ճանապարհ կա անցնելու, բայց ամենակարևորն այն է, որ հավանական գործընկերներից մեկը, ով  քաջածանոթ է շուկային և «Աշտարակ կաթ»-ի գործունեությանը,  գիտի այն խնդիրները, որոնք  պետք է լուծի՝ շուկայում իր կայուն տեղը վերականգնելու, որակյալ արտադրանքը սպառողներին հասցնելու համար: Կազմակերպությունը մի շարք բանակցություններ է ունեցել նախկին ղեկավարության հետ, փորձում են համատեղ գտնել այն լուծումները, որոնք այսօրվա առանձնահատուկ  պայմաններով են թելադրված: Ամենակարևորն այն է, որ  երեք օր է` ձեռնարկությունը  գործում է, արտադրանքը հասնում է  խանութներ, և շահագործող կազմակերպությունը լիահույս է, որ առաջիկա ամիսներին կապահովի կայունություն, կերաշխավորի  գյուղացիների արտադրանքի կայուն գնումներ և աշխատատեղեր»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կազմակերպության նպատակները երկարաժամկետ են, կազմակերպությունը  վստահ է, որ իր հիմնական անելիքը որակյալ ապրանքը սպառողին հասցնելն է, իսկ մնացածը ժամանակի ընթացքում կերևա: