կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 13:35
Քաղաքական

Մարքս կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է. Բորդյուժան՝ ԼՂ կարգավորման մասին

Մարքս կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է. Բորդյուժան՝ ԼՂ կարգավորման մասին

Այսօր Մոսկվա-Աստանա տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց ՀԱՊԿ անդամ երկրների լրագրողների հարցերին: Հայ լրագրողների հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի ռազմական ուժը տարբեր տրամաչափի զենքերից, անգամ` տանկերից կրակում է Հայաստանի ու Արցախի ուղղությամբ, կարելի է ասել, որ Ադրբեջանը զենք է կիրառում ՀԱՊԿ երկրների ուղղությամբ:

Հարցին, թե արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է ՀԱՊԿ-ի դիրքորոշումներում Սերժ Սարգսյանի դժգոհության արտահայտումից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. «Չեմ տեսնում անհրաժեշտություն փոխելու ՀԱՊԿ-ի դիրքորոշումն այս զգայուն հարցի վերաբերյալ: ՀԱՊԿ-ը ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Մենք մոնիթորինգ ենք անում դրությունը, որովհետև այն կապված է մեր գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ: Դրանով զբաղվում են փոքր-ինչ այլ միջազգային կազմակերպություններ՝ Մինսկի խումբը: Ուստի փոխել մեր դիրքորոշումը, չեմ կարծում, թե իմաստ ունի: Կրկնում եմ, որ ամեն տարի աշխարհում տիրող իրավիճակի հետ կապված ընդանուր հայտարարությունների մեջ լինում է նաև պետությունների դիրքորոշումը: Հայտարարություններ են անում ԱԳ նախարարները, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Անընդհատ խոսել այս մասին հարկավոր չէ: Դիրքորոշումը հստակ է: Կարող եմ ևս մեկ անգամ ասել՝ ՀԱՊԿ բոլոր պետությունները կողմնակից են, որ հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Բոլոր պետությունները դեմ են լարվածության էսկալացիային, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի կիրառմանը: Մնացած ամեն ինչը կարդացեք Մարքսի մոտ, այնտեղ գրված է»: