կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 20:09
Առանց Կատեգորիա

ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը գործարք չէ

ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը գործարք չէ

Երեկ կայացած` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ՀՀԿ-ն նախնական համաձայնության է եկել ՀՅԴ-ի հետ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու  հարցում, իսկ վերջնական համաձայնության մասին ավելի հստակ կհայտարարվի շաբաթվա վերջին։  

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշել է, որ այս համագործակցությունը մեկ տարվա չէ և միտված է ապագային։

Այսպիսով` կարելի է ընդհանրացնել, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն եկել են քաղաքական համագործակցության շուրջ ընդհանուր հայտարարի, որ այս համագործակցությունն ավելի հեռահար է, քան զուտ պորտֆելների բաշխումը:

Որքան էլ շատ են շահարկումները, թե տեղի ունեցողն ընդամենը հերթական գործարքն է երկու ուժերի միջև, որքան էլ ընդունեն կամ չընդունեն այդ քայլին գնալու` կողմերի դրդապատճառները, իրականում տեղի է ունենում առավել քան տրամաբանված պրագմատիկ քաղաքական գործընթաց։ Դա ակնհայտ է դառնում հետևյալ մի քանի կարևոր ցուցիչների համադրման արդյունքում։

1. Այն հանգամանքը, որ թե\' ՀՀԿ խոսնակը և թե\' ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները շեշտադրումը կատարում են ապագա համագործակցության վրա, վկայում է, որ չնայած դրա վրա մամուլի կենտրոնացմանը, պորտֆելների վերաբաշխման խնդիրը բանակցություններում եղել է ոչ հիմնականը, առավել ևս, երբ ՀՅԴ-ն շարունակում է պնդել, որ ուժերի ներկայիս հարաբերակցության և ՀՀԿ-ի` բացարձակ մեծամասնություն ունենալու պայմաններում հնարավոր չէ խոսել իրական, բնական կոալիցիայի մասին։  Ըստ էության` խոսքը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ ապագա  խորհրդարան անցնելու դեպքում նոր իշխանության ձևավորման սկզբունքների, այլ կերպ ասած՝ իշխանության մոնոպոլիայի վերացման մասին է։ Թե ինչո՞ւ ապագա իշխանության ձևավորման հարցը կարող է քննարկման առարկա դառնալ ընտրություններից  հետո, բացատրվում է, թերևս, հենց բնական, այլ ոչ թե արհեստական, այսինքն` կրկին ՀՀԿ-ական բացարձակ մեծամասնության պայմաններում կոալիցիա ունենալու հանգամանքով։ Ի վերջո, պարզ է /որքան էլ ոմանք համառորեն չեն ցանկանում հասկանալ/,  որ եթե խնդիրը պորտֆելներ ձեռք բերելը կամ իշխանական կերակրատաշտից օգտվելը լիներ, ապա 2009-ին ՀՅԴ-ն դուրս չէր գա կոալիցիայից՝ առաջնորդվելով իր համար ծրագրային, քաղաքական և գաղափարական առաջնահերթություններով։ Որքան բնական և քաղաքական է հանուն սկզբունքների կոալիցիայից դուրս գալը, ըստ էության, նույնքան բնական ու քաղաքական պետք է լիներ հանուն քաղաքական նպատակների կամ սկզբունքների կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունների մեջ մտնելը։

2. Բանակցությունները, ընդհանուր առմամբ,տեղի են ունենում հրապարակայնորեն, հասարակության և ընտրողների աչքի առաջ՝ թույլ տալով նրանց որոշել՝ որքանով է այն համապատասխանում դասական քաղաքականության կանոններին, որքանով է վստահելի կամ անվստահելի և ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ կամ չունենալ այդ համագործակցությունից։ ՀՅԴ-ն ասել է, թե ինչու է գնում իշխանության հետ համագործակցության, ինչ գին է վճարում դրա համար։ Այսինքն` թե\' այդ որոշումն ընդունելու հիմնավորումները, թե\' վճարվելիք գինը և թե\' ենթադրվող պատասխանատվությունը բացառապես քաղաքական են:

3. Համագործակցության բանակցությունները ծավալվում են ՀՅԴ-ի առաջադրած 7 պահանջների` այս կամ այն չափով կատարման պայմաններում՝ այն դեպքում, երբ կուսակցությունը հենց դրանով էր պայմանավորել որևէ ուժի և առաջին հերթին իշխանության հետ համագործակցությունը՝ երբևէ չբացառելով դրա հնարավորությունը։ Տվյալ դեպքում խնդիրը հետևյալն է՝ ո՞ր դեպքում էր ավելի հավանական, որ այդ պահանջները կատարվելու շանս էին ունենալու` եթե ՀՅԴ-ն, անկախ իր պահանջներից, դրանց թեկուզ մասնակի կատարման փաստից, սկզբունքային համարեր ընդդիմության դաշտում մնա՞լը, թե՞ այդ կետերի կատարման համար իշխանության ներսում որոշակի նախնական լծակներ ստանալը։ Այսինքն` թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ հեռանկարի առումով, ի՞նչ էր ՀՅԴ-ին տալու երդվյալ ընդդիմադիր մնալը մի դաշտում, որտեղ միայն ավերակներ են և ներքին մանր գզվռտոցներ։

4. Փաստ է, որ, մնալով ընդդիմադիր դաշտում, ՀՅԴ-ն չէր կարողանալու հանդես գալ ընդդիմության դրոշակակրի դերում, չէր կարողանալու համախմբել ընդդիմադիր ուժերին, որոնք առանց ՀՅԴ-ի էլ այսօր ունակ չեն անգամ մեկ հանրահավաք անցկացնելու ժամի շուրջ փոխզիջումների հասնել։ Մինչդեռ ակնհայտ է, որ ներկա դրությամբ, հատկապես` խորհրդարանական կառավարման մոդելի ներդրումից հետո, որևէ առանձին վերցրած ուժ, անկախ նրանից՝ ընդդիմություն է, թե` ոչ, չի կարող միայնակ բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում։

Հետևաբար, նրանք, ովքեր ցանկանում էին ՀՅԴ-ին տեսնել բացառապես երդվյալ ընդդմադիրի կարգավիճակում, նախ պետք է պատասխանեն հետևյալ պարզունակ հարցին` ինչպե՞ս կարող էր ՀՅԴ-ն քաղաքական համագործակցություն ծավալել ուժերի հետ, որոնք մերժում էին նրա համար սկզբունքային ամենակարևոր գաղափարը՝  խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը։ Ինչպե՞ս էր հասկացվելու այդ ուժերի հետ նման համակարգի կայացմանն ուղղված համատեղ գործունեության ծավալումը։ Եթե վերանանք ՀՀԿ-ի՝ իշխանություն լինելու իրողությունից և նրան մոտենանք միայն որպես շարքային կուսակցության, որը որակական առումով մյուսներից ո\'չ լավն է, ո\'չ էլ վատը, ապա սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումից հետո քաղաքական ընդհանուր դաշտում գտնվող ո՞ր ուժի հետ էր ավելի բնական համարվելու ՀՅԴ-ի գործակցությունը՝ ՀՀԿ-ի՞, թե՞, օրինակ, ՀԱԿ-ի կամ «Ժառանգության»։ 

Միակ  դաշտը, որտեղ հնարավոր էր ընդդիմադիր ուժերի հետ ՀՅԴ-ի համագործակցությունը, Ընտրական օրենսգրքի և ԱԺ կանոնակարգ-օրենքի մշակումն է, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ստեղծումը։ Բայց սա այն դաշտն է, որը վերացած չէ նաև հիմա։

Ավելին` ՀՀԿ-ի հետ գործակցությունը ոչ թե բացառում, այլ, ընդհակառակը, իմաստավորում է նման հնարավոր համագործակցությունն ընդդիմության հետ։ Որովհետև ստանձնելով ընտրությունների որակի համար պատասխանատվության մի մասը՝ ՀՅԴ-ն, ըստ էության, վերածվում է ՀՀԿ-ի վրա այդ համագործակցության շրջանակներում ազդելու, նրա հետ փոխզիջման  հասնելու գործնականում միակ խողովակի։ Եվ առավել խելամիտ կլիներ ոչ թե մերժել օրենսգրքի մշակման քաղաքական գործընթացը, որն, այսպես, թե այնպես, իրականացվելու է, այլ ներգրավվել դրանում, առաջին հերթին` ՀՅԴ-ի ձեռք բերած կարգավիճակն օգտագործելու միջոցով։

 Գևորգ Աղաբաբյան