կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 14:33
Տնտեսական

Ֆիննախը մեկ տարի է՝ ապօրինաբար հարկում է ապրանքները. Բագրատյան

Ֆիննախը մեկ տարի է՝ ապօրինաբար հարկում է ապրանքները. Բագրատյան

Երեկ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար  Տատյանա Վալովայան հայտարարել էր, թե երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ԱԱՀ  են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին, ինչը փաստացի նշանակում է, որ Հայաստանում ապօրինի հարկ են գանձում:

Այսօր այդ թեմային անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նախ կարծիք հայտնեց, որ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանն ինքն է իր հանդեպ պատժամիջոցներ սահմանել, քանի որ ԵՏՄ-ից եկող ապրանքները ներմուծվում էին նույն ռեժիմով, ինչ նախկինում՝ մինչև ԵՏՄ մտնելը:

Ըստ Բագրատյանի` ֆինանսների նախարարությունն արդեն մեկ տարի է՝ ապօրինաբար հարկում է ապրանքները: Նա հիշեցրեց, որ ինքը ԵՏՄ կողմնակից չի եղել, հիմա էլ դեմ է այդ միությանը, որովհետև տնտեսական առումով հեռանկար չի տեսնում այդ միությունում, և եթե Հայաստանը չգնար դեպի ԵՄ, այդ դեպքում ԵՏՄ մտնելու հարց չէր առաջանա: Ըստ Բագրատյանի` ԵՏՄ-ն միավորում է այնպիսի երկրներ, որոնք ունեն համաչափություն արտադրության բնագավառում, այնինչ` պետք է լինի անհամաչափություն, բայց եթե անգամ Հայաստանը որոշել էր անդամակցել ԵՏՄ-ին, ապա  արդեն մեկ տարի պետք է օգտվեր այդ հնարավորությունից:

«Երկիրն արդեն մեկ տարի է՝ ԵՏՄ-ում է, բայց ապրանքները հարկվում են այնպես, ինչպես առաջ էին հարկվում: Խոսքը վերաբերում է սահմանին գանձվող ԱԱՀ-ին, մի զգալի չափով մաքսատուրքերի ու զանազան վճարների: Մի քանի օր առաջ կառավարությանն եմ մոտեցել ու ասել՝ էս ի՞նչ եք անում»,- ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ մտնելուց հետո Ռուսաստանի հետ առևտուրը նվազել է 9 տոկոսով, Բելառուսի հետ՝ 10 տոկոսով, Ղազախստանի հետ՝ 15 տոկոսով: Բագրատյանը հիշեցնում է իշխանությունների ոգևորվածությունը, երբ նրանք ասում էին, թե ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի համար բացվելու է 170 միլիոնանոց շուկա, բայց դա սուտ դուրս եկավ: