կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 20:27
Հասարակություն

Հայկական ճանապարհներն անհանգստացնում են ադրբեջանցիներին

Հայկական ճանապարհներն անհանգստացնում են ադրբեջանցիներին

Ադրբեջանական Haqqin.az-ը անդրադառնում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային նախագծին` իր դժգոհությունը հայտնելով հայկական կողմի մասնակցության առնչությամբ:

«Նման յուղալի կտորից չի ցանկացել զուրկ մնալ Հայաստանը, որը նպատակադրվել է, որ երկաթուղին անցի ոչ միայն իր տարածքով, այլեւ Ռուսաստանի կողմից գրավված Աբխազիայի: Վերջին հանգամանքն առաջացրեց Վրաստանի դժգոհությունը, եւ թվում էր, թե Ռուսաստանի եւ Իրանի կողմից աջակցություն ստացած հարցը հանվել է օրակարգից, սակայն Հայաստանը Հայաստան չէր լինի, եթե հեշտ համաձայներ նման լուծման»,- գրում է ադրբեջանական կայքը:

Haqqin.az-ը չի կարողանում «ներել» Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ով Իրան կատարած իր վերջին այցի ժամանակ համաձայնագիր է ստորագրել «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին:

Անհանգստանալով, որ Հնդկաստանից Իրանով դեպի Ռուսաստան եւ Եվրոպա ավտոփոխադրումները կարող են իրականացվել հայաստանյան ճանապարհներով, ադրբեջանցի լրագրողը միեւնույն ժամանակ նշում է, որ թեեւ դա մեծ նշանակություն չունի Ադրբեջանի համար, այդուհանդերձ մեծապես վնասում է Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղային նախագծին: Միեւնույն ժամանակ Ադրբեջանում ափսոսում են Իրանական ներդրումներն եւ իրանցի մասնագետների գործադրած ջանքերը` հայկական նախագծերում, մասնավորապես նոր տրանսպորտային միջանցքի իրագործման համար հայկական նոր ճանապարհների կառուցման նպատակով:

«Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որ ԵՏՄ անդամ է, որը միեւնույն ժամանակ կապում է Ռուսաստանը եւ Մերձավոր Արեւելքը: Իր դեմ տրամադրելով երեք ոչ բարեկամական երկրների` Ադրբեջանին, Թուրքիային եւ Վրաստանին, Երեւանն իր սուվերենությունն ամրապնդում է Իրանի հետ դաշինքով եւ ԵՏՄ անդամակցությամբ` փորձելով ներկայացնել իրեն՝ որպես հուսալի կամուրջ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Իսկ Հայաստանն այդկերպ ձեռք է բերում լայն հնարավորություններ` դուրս գալ Սեւ ծով եւ Պարսից ծոց, որը ոչ միայն նրան կհանի տնտեսական շրջափակումից, այլեւ կընդլայնի արտաքին տնտեսական հնարավորությունները: Մեծ ջանք են գործադրում երրորդ ուժերը` Ադրբեջանի` արդեն պատրաստ ենթակառուցվածքների պարագայում ստեղծել նոր ենթակառուցվածքներ Հայաստանում, նույնիսկ եթե դրա համար պահանջվեն միլիարդավոր դոլարներ: Ուշադրություն դարձրեք, իրանական բեռներին ոչինչ չի խանգարում առանց խոչընդոտների սեւծովյան ափ հասնել արդեն գործող` Ադրբեջանի ճանապարհներով` ինչպես ավտոմոբլիլային, այնպես էլ երկաթուղային: Բայց ոչ, նրանք նորից ճանապարհներ են կառուցում Հայաստանի տարածքում` հաղթահարելով մեծ դժվարություններ` ռելիեֆի հետ կապված»,- գրում է Haqqin.az-ը: