Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արարատի մարզի Նորաբաց համայնքը սպասարկող 54 համարի երթուղային ավտոբուսն այսօր գյուղ չի մտել: Պատճառը համայնքի ճանապարհների, մեղմ ասած, անմխիթար վիճակն է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին համայնքի բնակիչները:
Նշենք, որ այս տրանսպորտային միջոցի գործունեությունը համակարգում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:
«Կրա՞կն ենք ընկել, որ ճանապարհները չեն վերանորոգում, որ ճանապարհներն անմխիթար վիճակում են: Տանից դուրս չգա՞նք, աշխատանքի չգնա՞նք, ուսանողները դասի չգնա՞ն»,- վրդովված ասաց բնակիչներից մեկը:
Մեկ ուրիշ բնակիչ էլ հավելեց. «Երևանից ընդամենը 3 կմ հեռու է մեր գյուղը, բայց այսօր գյուղը սպասարկող տրանսպորտային միջոց չկա»:
Ավտոբուսի վարորդներից Yerkir.am-ը փորձեց պարզել` ինչո՞ւ տրանսպորտային միջոցը համայնք չի մտնում: Ի պատասխան` վարորդներից մեկն ասաց. «Ես փոքր մարդ եմ, որ նման որոշում կայացնեմ: Մեզ ոնց ասել են, այդպես էլ անում ենք: Ճանապարհները լավը չեն»:
Հարցին` դա ո՞ւմ որոշումն է, վարորդներն իրե՞նք չեն ցանկանում մտնել Նորաբաց, վարորդներից մեկն արձագանքեց. «Մեր 54-ը քաղաքապետարանինն է, էլ ո՞վ պետք է որոշի»:
Yerkir.am-ի հետ զրույցում Նորաբացի համայնքապետ Գալուստ Գալստյանը հայտնեց, որ իրեն բանավոր են զգուշացրել, որ տրանսպորտը համայնք չի մտնելու: «Վարորդներն էին մի քանի օր առաջ զգուշացրել, այն էլ` բանավոր: Այսօր նկատել եմ, որ չեն մտնում գյուղ: Կփորձենք խնդիրը կարգավորել»,- ասաց համայնքապետը:
Նա էլ նշեց, որ պատճառը ճանապարհներն են: «Գիտենք, որ համայնքի ճանապարհները համայնքային բյուջեից պետք է վերանորոգվեն, բայց մեր ճանապարհների վիճակն այնպիսին է, որ համայնքի բյուջեով դա անելն անհնար է: 4 կմ-ից ավելի կենտրոնական ճանապարհն է, որն ամբողջությամբ քանդված է»,- ասաց համայնքապետը, ապա ավելացրեց. «Մեր միջոցներով կարողանում ենք մի փոքր բարելավել ճանապարհի վիճակը, սակայն այդպես խնդիրը չի լուծվում` մեկ տարի հետո նույն վիճակն է»:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ Նորաբացում մի քանի անգամ ահազանգելուց հետո էլ ճանապարհները չեն վերականգնվում, ստիպված են լինում, որպեսզի մեքենան ամբողջովին չփչանա, շրջանցիկ ճանապարհով գնալ:
«Բացի այդ` դա Արարատի մարզն է, այդ տրանսպորտը կարող է ընդհանրապես չգնալ այդտեղ, բայց մարզի խնդրանքով գնացել է: Ճի՞շտ կլինի, որպեսզի տրանսպորտային միջոցը փչանա և չկարողանա սպասարկել նույնիսկ Երևանի բնակիչներին»,- ասաց Նավասարդյանը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից էլ Yerkir.am-ին հայտնեցին, որ իրենք պատասխանատու են միայն միջպետական ճանապարհենրի համար, իսկ համայնքային ճանապարհների հարցը գտնվում է մարզպետարանների վերահսկողության տակ:
Yerkir.am-ը փորձեց խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալ Արարատի մարզպետարանից, սակայն մարզպետարանից մեր զանգերին չպատասխանեցին:
Թե, ի վերջո, ո՞ւմ իրավասության տակ են գտնվում Նորաբաց համայնքի ճանապարհների և տրանսպորտի բացակայության խնդիրները, պարզ չէ, սակայն պարզ է, որ մինչ պատկան մարմինները պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են բարդում, համայնքը շարունակում է մնալ առանց տրանսպորտի:
Ամալյա ԱՌԱՔԵԼՅԱՆ