Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ հունվարի 30-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանգամանալից ներկայացնելով վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացները, անդրադարձավ սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքում ՀՅԴ ունեցած և նրանից ակնկալվող դերակատարությանը: Առանձնակի քննության առարկա դարձնելով ՀՅԴ հանրահայտ 7 կետերը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը որոշակի գոհունակություն հայտնեց վերոհիշյալ կետերի շուրջ արձանագրված դրական լուծումների կապակցությամբ, խոսեց իշխանության հետ հնարավոր համագործակցության նպատակների և ձևաչափերի մասին: Ներկա հանգրվանում Հրանտ Մարգարյանն իբրև քաղաքական ձեռքբերում որակեց նոր Սահմանադրության ընդունումը, ուր իրացվել են ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները երկրի կառավարման մոդելի և մի շարք կարևորագույն քաղաքական խնդիրների շուրջ:
Անդրադառնալով հետսահմանադրական ընթացքին` բանախոսը կարևորեց ՀՅԴ քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրում առկա սոցիալական, տնտեսական ու աշխարհաքաղաքական մարտահրավերները դիմագրավելու առումով: Խորհրդակցության ընթացքում հատկապես ընդգծվեցին ներկուսակցական խնդիրները` կուսակցության ընդլայնումն ու կազմակերպվածությունը դիտելով որպես ամենօրյա արդյունավետ աշխատանքի նախապայման: Խորհրդակցությանը հաջորդող հարցուպատասխանի ընթացքում արծարծվեցին և պարզաբանումներ տրվեցին իշխանության հետ հնարավոր համագործակցության բովանդակության և ձևաչափի շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումների շարքը` առավել հանգամանալից քննելու ՀՅԴ ներքաղաքական և ներկուսակցական օրակարգերը:
ՀՅԴ ԳՄ մամլո դիվան