կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-28 15:38
Հասարակություն

Պրովոկացիաները, որ տեղի են ունենում սահմանին, փորձություններ են, տեսնում են` ինչքա՞ն ամուր ես

Պրովոկացիաները, որ տեղի են ունենում սահմանին, փորձություններ են, տեսնում են` ինչքա՞ն ամուր ես

Բանակը ժողովրդի ուժն է, պետության սիմվոլը, երկրի ստեղծագործական կյանքի երաշխիքը, բարեմտային և ֆիզիկական ուժերի պոտենցիալն է, որն ուզած փորձության պահին կարող է պաշտպանել իր երկրի արժանապատվությունը. yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի մասին, ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Ըստ նրա` մեզ համար շատ կարևոր է դա գիտակցելը: Կոմպոզիտորի կարծիքով`  մենք հրաշալի ճանապարհ ենք անցել` առանց ինքնագովության, և 1990-ականներին մեր բանակի կազմավորման ոգևորության պտուղները հիմա էլ ենք տեսնում:

«Մենք նույնիսկ չենք էլ անդրադառնում այն հարցին, թե ինչպիսի օրհասական վիճակի մեջ կարող էինք հայտնվել, եթե մեր բանակը մի քիչ ավելի թույլ գտնվեր: Բոլոր պրովոկացիաները, որ տեղի են ունենում սահմանին, փորձություններ են, տեսնում են` դու ինչքա՞ն ամուր ես, ինչքանո՞վ կարող ես դիմակայել: Բայց ես տեսնում եմ նաև հասարակության գնահատականը զինվորին, բանակին. երբ զինվորական է քայլում քաղաքի փողոցներում, ես տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը զինվորական համազգեստով հայորդու հանդեպ, մարդկանց հարգանքն ու հպարտությունը»,- ասում է Ամիրխանյանը:

Ըստ նրա` այո, Հայոց բանակում խնդիրներ ու անելիքներ էլ կան, քանի որ բանակն ընթացք է, իսկ մեր ողջ կյանքը` կատարելության հասնելու ձգտում: «Օրինակ` երբ ես ինչ-որ մեղեդի եմ գրում, փորձում եմ այն դեպի կատարելություն տանել, բայց ինքս էլ չգիտեմ, թե ինչպիսին պետք է այն լինի: Ես միայն կարող եմ ինչ-որ բան ցանկանալ, բայց սիմվոլն ինքն է ստանում իր կատարյալ ձևը` անցնելով փորձությունների միջով»,- ասաց կոմպոզիտորը:

Ըստ Ամիրխանյանի` պետք է փաստել` Հայոց բանակն այսօր այնպիսին չէ, ինչպես 10 տարի առաջ, այն անընդհատ շարժման մեջ է:

«Ես իմ մաղթանքները կուտակել եմ իմ երգերի մեջ: Մի անգամ, երբ հանդիպել էի զինվորների հետ, դաշնամուր չկար, որ նվագեի, ես էլ սկսեցի ուղղակի զրուցել նրանց հետ: Դուրս գալիս ամբողջ զորամասը ոտքի կանգնեց, և ասացին` պատիվ ունեմ: Ես երբեք նման խոր զգացմունք չեմ ապրել: Կուզեի կիսել իմ երջանկությունն ու ոգևորությունը նրանց հետ, օգնել նրանց հասկանալ`  ինչ բան է երկիր ունենալու երջանկությունը և պաշտպանված երկիր ունենալու զգացումը»,- խոսքն ավարտեց մաեստրոն: