Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օտարերկրյա, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացիները, ընդհանուր առմամբ, կարող են 180 օրվա` 6 ամսվա ընթացքում ՌԴ տարածքում գտնվել առավելագույնը 3 ամիս` 90 օր: Այդ ժամկետը խախտելու պարագայում նրանք 3 տարի չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք` սկսած այն օրվանից, երբ նրանք կատարել են ժամկետների խախտումը. լրագրողներին այսօր ներկայացրեց իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը:
Սա պայմանավորված է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին «ՌԴ-ից ելքի եւ ՌԴ մուտքի մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով: Ըստ այդմ` Ռուսաստան ոչ վիզային ռեժիմով մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացիները, 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը 90 օր` 3 ամիս:
Այս պայմանը, սակայն, ունի բացառություններ: Ըստ առաջին բացառության` այդ պայմանը չի տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, քանի որ նրանք կարող են 90 օրից ավելի ժամկետով գտնվել Ռուսաստանի տարածքում այն դեպքում, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր եւ այդ պայմանագրով սահմանված ժամկետի ամբողջ ընթացքում կարող են գտնվել Ռուսաստանի տարածքում: «Ընդ որում` դա տարածվում է ոչ միայն այդ մասնագետների վրա, այլեւ նրանց ընտանիքների անդամների»,- տեղեկացրեց իրավաբանը:
Նա պարզաբանեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են համարվում հիմնականում գիտամանկավարժական, գիտահետազոտական գործունեություն իրականացնող անձինք, ընդհանրացված ասած` գիտնականները, ովքեր մեկնում են ՌԴ համապատասխան աշխատանքներ կատարելու, եւ նրանց աշխատավարձը կազմում է նվազագույնը 1 միլիոն ՌԴ ռուբլի` ամսական, որը հստակ սահմանվում է օրենքով:
Երկրորդ կատեգորիայի մեջ են մտնում արտադրական ոլորտում նվազագույնը 700 հազար ռուբլի` ամսական, աշխատավարձ ստացող անձինք:
Եվ երրորդ կատեգորիան այլ ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, ովքեր ստանում են 2 եւ ավելի միլիոն ռուբլի աշխատավարձ: Թե դա ո՞ր ոլորտներին է վերաբերում, ըստ Լիլիթ Ներսեսյանի, արդեն կարգավորվում է ենթաօրենսդրական ակտերով:
Հաջորդ բացառությամբ` 90-օրյա ժամկետից ավելի Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել օտարերկրյա այն քաղաքացիները, այդ թվում` ՀՀ-ից, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի եւ իրենց գործատուների հետ կնքում են աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բայց այս դեպքում նրանք Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 1 տարի` սկսած այն օրվանից, երբ մուտք են գործել ՌԴ տարածք:
Լիլիթ Ներսեսյանը մանրամասնեց, որ, սակայն, եթե անգամ արտագնա աշխատանքի մեկնածը կնքել է, օրինակ, 2 տարվա աշխատանքային պայմանագիր, միեւնույն է, նա 1 տարին լրանալուց հետո պետք է լքի ՌԴ սահմանը եւ հետ վերադառնա միայն 3 ամիս անց: Իսկ եթե արտագնա աշխատանքի մեկնողի հետ Ռուսաստանում նրա գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքի, ապա նա ստիպված պետք է լքի ՌԴ սահմանները` 90-օրյա ժամկետը լրանալուն պես:
Երրորդ բացառությունն էլ տարածվում այն օտարերկրա քաղաքացիների վրա, ովքեր ՌԴ են մեկնել` կրթություն ստանալու: «Այս դեպքում ՌԴ-ում նրանց` 90 օրից ավելի գտնվելու ժամկետը սահմանվում է նրանց` կրթական հաստատությունում կրթություն ստանալու ժամկետով»,- նշեց Լիլիթ Ներսեսյանը:
Ընդհանրացնելով`180-օրյա ժամկետում 90 օր Ռուսաստանում կարող են գտնվել այն մարդիկ, ովքեր ՌԴ են մեկնել որպես զբոսաշրջիկ կամ` բարեկամներին, հարազատներին այցելելու: