Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ քաղաքացիների կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ գործը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է չորս անձ, ընդ որում` երկուսը հայր ու որդի են, իսկ մյուս երկուսը՝ ազգականներ` կանայք: Երեքը Վանաձոր քաղաքի բնակիչներ են, մեկը` Երևանի:
Այսօր դատարանում հայտնի դարձավ, որ ամբաստանյալներից Ռաֆիկ Պապոյանը նախքան ձերբակալվելը աշխատել է` որպես շինարար, նրա որդին` Սերգեյը, աշխատում է հացի արտադրամասում, իսկ ամբաստանյալներից Կարինե Դումաշյանը մատուցողուհի է «Երևան Պանդոկ»-ում:
Այս գործով մեղադրանքը պաշտպանում է դատախազ Արամ Արամյանը: Նա հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 49-ամյա Ռաֆիկ Պապոյանը, բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած` Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող` Սեյրան անունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացրել նրա հետ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Պապոյանի որդին՝ 25-ամյա Սերգեյ Պապոյանը, Թուրքիայում բնակվող հոր ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող` Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել նրա կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայություն իրականացնելու տարիներին տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
Գործով մյուս ամբաստանյալ՝ 46-ամյա Կարինե Ղումաշյանն էլ, ըստ մեղադրանքի, բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած` Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող` Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր հաշվով մոտ 1500 ԱՄՆ դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Իսկ 18-ամյա Դիանա Գորոյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջկանից` Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար և նվերներ է տրամադրել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից է:Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու, ինչպես նաև Կ. Ղումաշյանի որդուն` Տիգրան Կարապետյանին, հավաքագրելու նախապատրաստության, այն է՝ նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանա Գորոյանը այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:
Ռաֆիկ Պապոյանին, Կարինե Ղումաշյանին, Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասի (պետական դավաճանություն), իսկ Դիանա Գորոյանին՝ ՔՕ 335 հոդվածի 1-ին մասի (հանցագործության մասին չհայտնելը) հատկանիշներով:
Առաջադրված մեղադրանքում 4 ամբաստանյալներից ոչ մեկն իրեն մեղավոր չճանաչեց: