Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով առաջին դատական նիստը: Մեղադրող դատախազն այսօր հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Համաձայն դրա` Վահան Հակոբյանը, Վահան Հակոբյանի, Սարգիս Հախանումյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող`«ԱԿՄՍ», «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգներ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2015թ. մարտի 4-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը, տեղեկանալով որ Լևոն Ղազարյանը ժամանելու է «Նուբարաշեն» ՔԿՀ` տեսակցելու Դավիթ Իսպիրյան անունով կալանավորի, «ՎԱԶ-2107» մակնիշի` գողացված համարանիշներով մեքենայով նախապես ժամանել են ՔԿՀ-ի վարչական տարածք և, դիրքավորվելով ավտոկայանատեղիում, դարանակալել են և սպասել Ղազարյանի ժամանելուն: Լևոն Ղազարյանի ժամանելուց հետո ավտոմեքենայից դուրս գալով` երեք ամբաստանյալները ինքնաձիգներից առնվազն 82 փամփուշտ կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից Մեսրոպ Նազարյանցը` տեղում, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալները դեպքի վայրում թողել են ինքնաձիգներն ու ավտոմեքենան և ոտքով` բակային ճանապարհներով, հեռացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական տարածքից, նստել պատահական մեքենա, հետո մեկ այլ` տաքսի, և գնացել «Միլենա» տաքսի ծառայության ընկերություն:
Ի պատասխան դատավորի հարցին` արդյո՞ք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր ճանաչում են, եթե` ոչ, ապա ինչո՞ւ, ամբաստանյալներն ասացին` ոչ:
Նրանցից Սարգիս Հախանումյանը` Տլեն, պատճառաբանելով մեղքը չընդունելն ասաց. «Որովհետև մեղավոր չեմ»: Իսկ Սարգիս Գրիգորյանը` Ծգլը, ասաց. «Մենք կապ չունենք»:
Դատարան չէին ներկայացել դատակոչված վկաները, ուստի այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց մայիսի 10-ին:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: