կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 19:03
Իրավական

«Կանազի» հոսպիտալի ծեծկռտուքին մասնակից զինվորներն իրենց մեղավոր չճանաչեցին

«Կանազի» հոսպիտալի ծեծկռտուքին մասնակից զինվորներն իրենց մեղավոր չճանաչեցին

Երկու անգամ անընդմեջ հետաձգվելուց հետո այսօր վերջապես մեկնարկեց նախորդ տարեվերջին «Կանազի» հոսպիտալում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված աղմկահարույց քրեական գործով դատական նիստը:

 

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 զինծառայողի: Ամբաստանյալներ Ռազմիկ Մանուկյանի և Արշակ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտվել կալանավորումը, իսկ Դավիթ Մարկոսյանի և Գարեգին Դանիելյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այսօրվա նիստում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն ամբաստանյալներից ճշտեց նրանց անձնական տվյալները:

 

Ըստ այդմ` պարզ դարձավ, որ մեղադրյալի աթոռին նստած չորս զինծառայողներն էլ մարզերից են: Մասնավորապես` Ռազմիկ Մանուկյանը նշեց, որ ինքն Արմավիրից է, ունի 8-ամյա կրթություն, Դավիթ Մարկոսյանը հայտնեց, որ Վանաձորից է, տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ և նախկինում դատապարտված է եղել: Գարեգին Դանիելյանն էլ, ով բնակվում էր Վայքում, նշեց, որ ունի 9-ամյա կրթություն, ամուսնացած է, ունի մեկ տարեկան երեխա: Արշակ Թորոսյանն էլ նշեց, որ Ստեփանակերտից է:

 

Այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ փոխվել է մեղադրող դատախազը: Մեղադրանքն այսուհետ դատարանում կպաշտպանի զինվորական կայազորի դատախազ Ամիրյանը:

 

Դատավորի այն հարցին, թե` ստացե՞լ եք ձեր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ դատարանի ուղարկած հուշաթերթիկները, ամբաստանյալները պատասխանեցին` ոչ:

 

Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: 4 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չճանաչեցին:

 

Այսպես` շարքային զինծառայող Ռազմիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ստացիոնար բուժման մեջ ՀՀ ՊՆ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, ալկոհոլի ազդեցության տակ, նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ՝ մի խումբ անձանցով, բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զինվորական ծառայության և կոչումով իրենց նկատմամբ պետ, հոսպիտալի հրամանատար, բ/ծ փոխգնդապետ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել նրա շապիկը: Ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողապահարանը որպես զենք օգտագործելով, նետել է Ս.Օհանյանի ուղղությամբ: Իսկ Ա.Թորոսյանը՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ: Այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ՝ մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել»:

 

Իսկ զինծառայող Գարեգին Դանիելյանն էլ մեղադրվում է «հոսպիտալում` իրենից բջջային հեռախոսն ուզելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում, իրեն հայհոյելու և հարվածելու համար բռնություն գործադրելով, ոտքով մեկ անգամ ժամկետային զինծառայող Դավիթ Մարկոսյանի ոտքին հարվածելու մեջ: »: