կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 12:18
Տնտեսական

Իրան-Հայաստան էլեկտրական ենթակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018-ին

Իրան-Հայաստան էլեկտրական ենթակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018-ին

Այսօր ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդես եկավ 2015թ. տարեկան ամփոփիչ ասուլիսով: Էլեկտրաէներգիայի վերաբերյալ տեղեկատվության ամփոփումից հետո անդրադարձ եղավ գազի վերաբերյալ ընդհանուր տեղեկությանը:

Այսպես՝ 2015թ. ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներկրվել 1920,9 մլն խոր.մետր բնական գազ, Իրանից` 371 մլն խոր. մետր: Նախորդ տարվա համեմատությամբ` ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8 տոկոսով, ինչը պայմանավորվել է, առաջին հերթին, ներքին սպառման անկմամբ։ Սպառումը կրճատվել է հատկապես ջերմային կայաններում։ Գազամակատարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները կազմել են 6,2 տոկոս։

Էներգետիկ համակարգում անցած տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն էր, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին կառավարությունը հաստատեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը:

Երկրի էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովմանն ուղղված ամենախոշոր միջոցառումներից են` գործող միջուկային բլոկի շահագործման ժամկետի երկարացման և մինչև 600 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի, տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական շուկայի ընդլայնմանը և խորացմանը նպաստող` Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ գծերի և ենթակայանների կառուցման ծրագրերը։ Դրանց մի մասն արդեն մեկնարկել կամ մեկնարկման փուլում է։

Այդպիսի ծրագրերից է Իրան-Հայաստան գծի կառուցումը, որի շրջանակներում սկսվել է սարքերի, սարքավորումների և այլ նյութերի մատակարարումը։ Նախատեսվում է գծի կառուցումն ավարտել 2018թ.։

Այս տարի կմեկնարկի նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ծրագիրը։

Անցած տարվա վերջին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, ինչը նպատակ ունի միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը, բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը, փոխհոսքերի կառավարման մակարդակը, անվտանգությունն ու հուսալիությունը։

Այդ ծրագիրը նախադրյալներ է ստեղծում ձևավորել հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք՝ ապահովելով կապը ԵԱՏՄ և ԵՄ երկրների էներգահամակարգերի հետ։ Կարևոր միջոցառումներ են նախատեսվում նաև բարձր լարման ցանցի հուսալիության բարձրացման ուղղությամբ։ Մի շարք ներդրումային ծրագրերի շրջանակներում կկառուցվեն և կվերակառուցվեն «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3», «Վանաձոր-1» 110 կՎ, «Երևան ՋԷԿ» 220 կՎ և «Աշնակի» ենթակայանները։

Մեկնարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այդ նպատակով ՌԴ-ից ներգրավվել են 300 մլն դոլար վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Սկսվել է գործող էներգաբլոկի համակարգերի և սարքավորումների համալիր զննումը։ Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2016թ. սեպտեմբերին։

Անցած տարվա վերջին Հայաստանի կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Երևանի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ: