կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 16:32
Իրավական

Այդ զենքը մի օր պետք է կրակեր. զինված հանցախմբի գործով ցուցումներ են տրվել ԱԱԾ-ին

Այդ զենքը մի օր պետք է կրակեր. զինված հանցախմբի գործով ցուցումներ են տրվել ԱԱԾ-ին

Այսօր Yerkir.am-ի լրագրողը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա տեղեկություններ ունի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի այլ անդամների՝ ազատության մեջ գտնվելու մասին, և այս ընթացքում վերահսկող դատախազն ի՞նչ ցուցումներ է տվել նախաքննական մարմնին:

Ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումները դեռևս շարունակվում են: Նա հայտնեց, որ դատախազության կողմից բազմաթիվ ցուցումներ են տրվել ԱԱԾ-ին, սակայն, նախաքննական գաղտնիությունից ելնելով, ինքը ձեռնպահ կմնա դրանք կոնկրետացնելուց: Գլխավոր դատախազը նշեց, որ ճիշտ չէ հրապարակել, թե ինչ գործողություններ կատարելու կամ չկատարելու կամ ինչ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն է տեսել հսկող դատախազը, քանի որ դա ինքնին կբացահայտի նախաքննության տվյալ փուլում ձեռք բերված տեղեկությունները:

Գևորգ Կոստանյանը վստահեցրեց, որ դատախազական հսկողությունը պատշաճ մակարդակով է իրականացվում, այդ գործն անընդհատ քննարկման առարկա է դառնում, և քրեական հետապնդում հարուցելու կամ չհարուցելու հետ կապված բոլոր հարցերը դատախազի հետ քննարկվում են:

Դիտարկմանը, թե ի՞նչն է պատճառը, որ նման հանցագործության բացահայտումը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց, ավելին` երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ հանցագործությունն ուղղված էր պետական իշխանության առանձին ճյուղերի դեմ, որոշ անձինք անգամ սկսեցին արդարացնել այն:

«Ես թերահավատորեն վերաբերվելու հիմքեր չեմ տեսնում, որովհետև այդ զենքը մի օր ինչ-որ մի տեղ պետք է կրակեր: Դա ուղղված կլիներ պետական մարմինների՞, թե՞ կոնկրետ անձանց դեմ, այս պահի դրությամբ, հասարակական մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից, նշանակություն չունի: Համենայն դեպս, այն, որ իրավապահներին հաջողվել է առնվազն վնասազերծել մի խումբ մարդկանց, ովքեր իրենց տրամադրության տակ ունեցել են այդչափ զենք և զինամթերք, կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի պետք է ուրախ լինի, որ մենք ինչ-որ մի վտանգից և ոճրագործությունից զերծ ենք մնացել: Անհավատ վերաբերվելու հիմքեր ես չեմ տեսնում»,-ասաց նա: