կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-11 17:50
Տնտեսական

Իրանը Հայաստանի տարածքով գազ կարտահանի Վրաստան

Իրանը Հայաստանի տարածքով գազ կարտահանի Վրաստան

Ըստ «Ազատության»` նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ:

Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու:

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը, ով հետևում է թեմայի շուրջ իրանցի պաշտոնյաների հայտարարություններին և իրանական լրատվամիջոցների հրապարակումներին, փոխանցեց, որ Թեհրանում կարծում են, որ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը:

«Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն նոր գազամուղ և այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաև Հայաստանից [Իրան] մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա», - «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց Մոնասյանը:

Մանրամասների համար «Ազատությունը» դիմել է Իրանի նավթի, Վրաստանի էներգետիկայի ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ:

Առայժմ արձագանքել են միայն Երվանդ Զախարյանի գլխավորած գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ թեմայի վերաբերյալ առաջիկա օրերին հանդես կգան հատուկ հայտարարությամբ:

Աղբյուրը` այստեղ