| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ի՞նչ տնտեսական տարի է սպասվում Հայաստանին՝ կապված Համաշխարհային բանկի կանխատեսումների հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` այն տնտեսական սանկցիաները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, գնալով բացասական սպասումներ են առաջացնում, շարունակվում է նավթի գնի անկումը, էապես արժեզրկվում է ռուբլին` դոլարի նկատմամբ, և այդ ամենը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի տնտեսության համար:
Պատգամավորի խոսքով՝ միջազգային քաղաքական ու տնտեսական բացասական գործոններին են ավելանում Հայաստանի հարևան Իրանի նկատմամբ կիրառվող նոր սանկցիաները սուննի երկրների կողմից` պայմանավորված Իրանի և սուննի երկրների միջև հարաբերությունների սրացմամբ, որտեղ, ի դեպ, ներքաշված է Թուրքիան:
Գագիկ Մինասյանի կանխատեսմամբ՝ նավթի գնի անկումը շարունակվելու է՝ դարձյալ միջազգային քաղաքական հանգամանքների պատճառով, ուստի Հայաստանում ներդրումների աճի հետ կապված կան բացասական սպասելիքներ: Այդուհանդերձ, պատգամավորի խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է իրագործեն տնտեսական ծրագրերը, թեև արտաքին գործոնները խիստ անբարենպաստ են:
Գագիկ Մինասյանն առաջիկա անելիքներից մատնանշեց ռեսուրսների, նոր Սահմանադրության հնարավորությունների արդյունավետ օգտագործում, ինչը, սակայն, ժամանակ է պահանջելու:
ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի անհրաժեշտությունը, քանի որ կոռուպցիան նվազեցնում է երկրի տնտեսական ակտիվությունը: «Կոռուպցիայի դեմ պայքարում մենք կատարել ենք լրջագույն քայլեր, սակայն դեռ բավական քայլեր կան իրականացնելու: Մենք կարևոր ենք համարում նաև ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել հավասար մրցակցության ապահովման համար»,- ասաց Մինասյանը: