Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-01-01 10:23
Հասարակություն

Մեր օրգանիզմը չի հասկանում` տո՞ն է, թե՞ ոչ. սննդաբանի խորհուրդներ

Մեր օրգանիզմը չի հասկանում` տո՞ն է, թե՞ ոչ. սննդաբանի խորհուրդներ

Տոնական օրերից հետո մարդիկ բախվում են ավելորդ քաշի, մարսողության խանգարման հետ կապված խնդիրների հետ:

Սննդաբան Հասմիկ Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տոնական օրերին աղեստամոքսային խնդիրներից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է սնունդը սպատրաստել քիչ քանակությամբ, իսկ շուտ փչացող ուտելիքը չավելացնել ընդհանուր բաժնին: «Գաղտնիք չէ, որ ամեն ինչ սարքում ենք մեկ օրում, կարծես աշխարհի վերջն է: Ամանորի օրերին, ճիշտ է, դժվար է նոր բան պատրաստել, բայց, օրինակ, եթե աղցանը մանրացնենք և այդպես` առանձին բաղադրիչներով պահենք սառցարանում, ավելի լավ կլինի»,- ասաց նա:

Տոնական օրերին թունավորումներից խուսափելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս միատեսակ ուտելիք օգտագործել:

 Հովհաննիսյանը նշեց նաև, որ Ամանորին չպետք է մոռանալ ուտել միրգ ու բանջարեղեն, իսկ միս ուտելիս գոնե խուսափել յուղոտ կտորներից. առանց այդ էլ այդ օրերին շատ ենք ուտում, և օրգանիզմը սթրես է ապրում: «Մեր օրգանիզմը չի հասկանում` տո՞ն է, թե՞ ոչ: Հնարավորության դեպքում լավ կլինի տապակած մթերքը փոխարինել շոգեխաշածով: Հյուր գնալիս փորձեք յուրաքանչյուրի տանը ընտրել գոնե մեկ կերակրատեսակ. եթե որոշել եք խմորեղեն ուտել, պետք չէ նախ այն ուտել, հետո անցնել, ասենք, բլինչիկին»,- նշեց մասնագետը:

Ըստ սննդաբանի` որքան էլ դժվար է, այնուամենայնիվ, պետք է պահպանել սննդակարգը, ինչպես նաև խուսափել մեծ քանակությամբ գազավորված հյութեր ըմպելուց:

Հովհաննիսյանը նշեց նաև` վատ զգալու դեպքում անպայման դիմել բժշկի: «Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ ինչքան ուշ դիմեք բժշկի, այնքան ավելի երկար կտևի հետևանքները բուժելը»,- ասաց նա: