կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-22 16:08
Հասարակություն

Գազալցակայաններում պայթյունների պատճառները վերացնելու նպատակով քայլեր կձեռնարկվեն

Գազալցակայաններում պայթյունների պատճառները վերացնելու նպատակով քայլեր կձեռնարկվեն

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում` հաստատել ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի: Որոշմամբ հանձնարարվում է էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ապահովել հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը: 

«Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վերջերս ավտոգազալիցքավորման ճնշակայաններում հաճախակի դարձած պայթյունների առաջացման պատճառների վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2015 թվականի հուլիսի 22-ի N02/23.12/12667-15 հանձնարարականի կատարմամբ: 

Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ` կապված ԱԳԼՃԿ-ներին և գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման, ինչպես նաև նոր արտադրված և ներմուծվող գազաբալոններին ներկայացվող անվտանգության նորմերի և դրանց ապահովման մեխանիզմների սահմանման հետ, որոնց լուծման նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը: