Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզական ոլորտում ունեցել ենք լավ արդյունքներ. այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Այս տարի թե\' մասսայական և թե\' մանկապատանեկան սպորտում բարձրագույն նվաճումների ուղղությամբ իրականացրել ենք մի շարք ծրագրեր: Այս տարի իրականացրեցինք շատ լուրջ ծրագիր կառավարության կողմից` գույքային ծրագիրը: Նաև` երկու նոր ծրագիր կյանքի կոչեցինք: Մեկը` նախագահի մրցանակի համար լավագույն նախադպրոցական ծրագիրը, որին մասնակցեց 2800 երեխա: Ֆիզկուլտուրան պետք է ակունք առնի նախադպրոցական հիմնարկներում: Մեր կարծիքով` սառույցը կոտրվել է, և առաջին քայլն արդեն արվել է: Մյուսը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող ծրագիրն էր, որին մասնակցեց 170 մարզիկ: Դա ևս շարունակական ծրագիր է, որը մենք իրականացնելու ենք»,- հայտնեց նախարարը:
Ըստ նրա` այս տարի առաջին անգամ իրականացվել է նաև կիսամարաթոնի ծրագիրը, որին մասնակցել է մոտ 4500 մարդ: «Առաջին անգամ անցկացնելով` բնականաբար, լինում են թերություններ, բայց մյուս տարի կշտկենք այդ ամենը: Կիսամարաթոնն առաջին անգամ անցկացվում էր ոչ միայն Հայաստանում, այլ նաև մի շարք ԱՊՀ երկրներում: Մենք կաշխատենք, որ կիսամարաթոնը դառնա մարաթոն»,- խոստացավ Ղազարյանը:
Նախարարը նշեց, որ կարևորագույն հարցերից է նաև դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամերի անցկացումը: Նա հավելեց, որ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելու է կույրերի շախմատի աշխարհի առաջնությունը, բացի այդ` մեր թիմը մասնակցելու է Իրանում կայանալիք խուլ-համրերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
Հարցին, թե ի՞նչպես կգնահատի մարզական ֆեդերացիաների աշխատանքը, նախարարը պատասխանեց. «Յուրաքանչյուր ֆեդերացիա իր աշխատանքն է իրականացնում: Կան ֆեդերացիաներ, որ չեն թերացել, բայց չի ստացվել արդյունավետ աշխատել: Ֆեդերացիաների մասով լավ և վատ ես չեմ խոսի, բայց մի շարք ֆեդերացիաներ առաջ են գնում: Մարմնամարզությունում նման արդյունք չենք ունեցել և այս հաջողությունը երկարաժամեկտ աշխատանքի արդյունք է: Այս մարզաձևում ունենք մեկ վարկանիշ: Սպասում ենք ևս երկուսի: Չեմ ուզում բոլոր ֆեդերացիաներին առանձին անդրադառնալ: Բոլոր ֆեդերացիաներն էլ իրականացնում են աշխատանք, իսկ արդյունքը երևում է մեդալների տեսքով»:
Նա լրագրողների խնդրանքով նաև նշեց, իր կարծիքով, տարվա 3 լավագույն մարզիկների անունները`ըմբիշ Արթուր Ալեքսանյան, մարմնամարզիկ Հարություն Մերդինյան և Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյան:
Հարցին` ունի՞, արդյոք, սպորտի նախարարը լիազորություններ կամ համարձակություն, որպեսզի ազատվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, որն, ըստ երկրպագուների, պատուհաս է դարձել. նախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է համարձակությանը, դա չհասկացա: Յուրաքանչյուր մարզական ֆեդերացիա հասարակական կազմակերպություն է: Չեմ ուզում նորից անդրադառնալ այդ հարցին: Կա ազգային ֆեդերացիաների խորհուրդ, որը կայացնում է որոշում: Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության աշխատակիցն ուղղակի հրավիրվում է` որպես դիտորդ: Ես կցանկանայի որ ձեզ երկու ամսով նշանակեին այդ պաշտոնում: Ես ո\'չ պաշտպանում եմ, ո\'չ էլ քարկոծում եմ ինչ-որ մեկին: Խոսելը շատ հեշտ է»:
Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված իր շնորհավորանքին, Ղազարյանը նշեց, որ ինքը չի շնորհավորել նրանց, շնորհավորել է այդ օրը: «Դա անհեթեթություն է, ինչ գրում էին որոշ լրատվամիջոցներ, և այդ գրածներին վատ են արձագանքել նաև հաշմանդամություն ունեցողները: Ես չեմ շնորհավորել իրենց, ես շնորհավորել եմ այդ օրը: Հպարտությամբ կարող եմ ասել որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մեծ ծրագրեր ենք իրականացրել, և դա շարունակական է լինելու»,- ասաց Գաբրիել Ղազարյանը: