կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 20:08
Քաղաքական

Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ

Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը ՀՅ Դաշնակցության 125-ամյակի տոնակատարությանը

 

Խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ու դաշնակցականների մասին, ես պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին:

Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ, չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ:

Դաշնակցության ծնունդը կենսական անհրաժեշտություն էր: Միջնադարում հայոց թագավորությունների անկումով սկիզբ առած հայության հալածանքներն ու հայրենազրկումը 17-18-րդ դարերում կործանարար ընթացք էին ձեռք բերել՝ պետականության կորստի հետ միասին առարկայացնելով նաև Հայրենիքի կորստյան վտանգը։ Իսկ 19-րդ լուսավորյալ դարում տեղահանություններին, հալածանքներին ու կոտորածներին գումարվել էր նաև մի նոր սպառնալիք՝ կրոնական համայնքի վերածված հայության արագ ձուլման վտանգն իրեն ավելի հոգեհարազատ միջավայրերում։ Արդյունքում՝ մի պահ թվում էր թե Թուրքիայում այլևս հայը չի կարողանալու ապրել իբրև մարդ, իսկ ահա Ռուսաստանում ու եվրոպական երկրներում հայն, իբրև որոշակի ազգության ներկայացուցիչ՝ ենթակա է ձուլման ստույգ վտանգին։

19-րդ դարում սկիզբ առած հայության կրթական, մշակույթային, տնտեսական ու քաղաքական վերածնունդը մեր ինքնության վերահաստատման այն բախտորոշ հանգրվանն էր, երբ սեփական պատմությունն ու մշակույթը սկսեցինք ընկալել լուսավորության դարի արժեչափերով։ Հայկական վերածնունդը նշանավորեց մեր վերադարձը քաղաքակիրթ ազգերի շարքն՝ իբրև մշակութային ամբողջություն, ինչն անխուսափելիորեն պետք է արդյունավորվեր որպես ազգային-ազատագրական պայքար: Սա էլ, իր հերթին, հրամայական անհրաժեշտություն էր դարձնելու ազգի քաղաքական կամքի նոր կենտրոնի ձևավորումը։ Վերածննդի ու նորացման հենց ա՛յս հնոցում՝ Հայոց պատմության հիմնական, առանցքային իրադարձությունների հենց ա՛յս շղթայում բյուրեղացավ մեր քաղաքական կամքի նոր կենտրոնը՝ ծնունդ առավ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Իր «հին կռիվը» շարունակելով՝ հայրենիքում սեփական ինքնության հաստատման համար, հայ ժողովրդին պետք էր դարերի խորքից եկող իր էությունը նորովի մարմնավորող կազմակերպություն։ Դաշնակցությունն էր այդ կազմակերպությունը, որը կարողացավ մեր ներսում վերակենդանացնել ու արթնացնել Արևմուտքի մեծագույն ձեռքբերումը՝ ազատության գաղափարը: Դա արեց՝ այն համադրելով ռուս հեղափոխական նարոդնիկների կողմից նորացված համամարդկային արդարության մեր ներսում դարեր շարունակ անթեղված տեսլականի հետ։ Քանզի միայն նոր միջավայրին համահունչ հայկական ինքնության վերահաստատման միջոցով էր հնարավոր հեղափոխական պայքարի քուրայում կերտել նոր հայություն և նոր Հայաստան։

Մեռնող ու հարություն առնող մեր հեթանոս աստվածների նման՝ Դաշնակցությունը դարձավ իր նոր ձևերի մեջ մեր հին էությունը բացահայտող հայ մշակույթի ավանդույթները ժառանգած միակ հայկական կազմակերպությունը։ Նրա ծնունդը գալիս էր վկայելու, որ չնայած բոլոր արհավիրքներին մեր ժողովուրդը պահպանել է իր քաղաքակրթական տիպը։ Այսինքն՝ Դաշնակցությունը ազատագրական պայքարի ընթացքում ծնունդ առած սովորական կուսակցություն չէր, քաղաքականությունը սոսկ հայի ու թուրքի կռիվ պատկերացնող հայրենասիրության պարզունակ դրսևորում չէր: Այն մեր ինքնության հին բաղադրիչների նորացված բովանդակության վրա հիմնված ազգային կամքի այն կենտրոնն էր, որն իր դարն ապրող Միջնադարի կրոնական համայնքից հայությանն առաջնորդեց դեպի պետություն ու պատմություն կերտող ազգ դառնալու դժվարին, բայց իր այլընտրանքը չունեցող ուղին։

Փառք ու պատիվ քրիստափորներին, զավարյաններին ու ռոստոմներին, ովքեր ճիշտ ըմբռնեցին ժամանակի հրամայականը: Նրանք էին, որ գիտակցեցին պետական ազգ դառնալու համար ժամանակին համահունչ ընթանալու, ազատության ու արդարության մասին մեր հին պատկերացումները նոր ժամանակների ավազանում վերանորոգելու և ՙհարատեւ կռվի՚ միջոցով ո՛չ մի հալածանքի, ո՛չ մի բռնության առջև չընկրկելու անհրաժեշտությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք կարողացանք ճիշտ օգտագործել ցարական և Օսմանյան կայսրությունների փլուզման պահը՝ պետականորեն ինքնակազմակերպվելու համար: Դրա շնորհիվ էր, որ մենք կարողացանք խուսափել Մերձավոր-Միջին Արևելքի այլ քրիստոնյա ժողովուրդներին բաժին ընկած դառը ճակատագրից։

Այո՜ մենք թանկ գին վճարեցինք այդ նպատակին հասնելու համար՝ հայդուկային կռիվների զոհասեղանին դնելով լավագույն մարտիկների կյանքը: Սակայն այնուհետեւ՝ ռուսական առաջին հեղափոխության տարիներին բռնկված հայ-թաթարական կռիվներում ու Իրանի սահմանադրական հեղափոխության շրջանում ապահովեցինք մեր հիրավի պատմական հաղթանակները։

Փառք ու պատիվ Արաբոյին ու Հրայր Դժոխքին, Սերոբ Աղբյուրին ու Գևորգ Չավուշին, Անդրանիկին ու Սեբաստացի Մուրադին, Քեռիին ու Սեպուհին, Համազասպին ու Նիկոլ-Դումանին, Սևքարեցի Սաքոյին ու Եփրեմին և ՀՅԴ դրոշի տակ ու հայրենիքի ազատության համար կռված բոլոր հրամանատարներին ու խոնարհ հերոսներին։ Նրանց խիզախությունն ու ինքնազոհությունը իզուր չանցավ, որովհետև նրանք ազգի մարտական մկրտության ու ինքն իրեն պաշտպանելու գործի առաջամարտիկները դարձան։

Չմոռանանք որ հետագայում՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում ցեղասպանության ենթարկվեցինք ոչ միայն մենք, այլև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդները։ Սակայն ամենադաժանն ու միաժամանակ ամենակազմակերպվածը՝ Հայոց ցեղասպանությունն էր, որը կարող էր իսպառ վերջ դնել հայ ժողովրդի գոյությանը, եթե Արևմտյան Հայաստանում չկազմակերպվեին դիմադրություններ: Դրանց արդյունքում էր, որ դեպի Արևելյան Հայաստան նահանջած Վասպուրականի ու Տարոնի լավագույն ուժերի և Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում կռված արևելահայ սպաների ու շարքային զինվորների համախմբմամբ եւ Դաշնակցության համառ ջանքերի շնորհիվ, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում՝ Հոկտեմբերյան հեղաշրջմամբ արձանագրված Ռուսաստանի՝ որպես պետություն, փաստացի փլուզման պայմաններում, ստեղծվեց կանոնավոր բանակ՝ 20 հազարանոց Հայկական կորպուս: ԵՎ վերջինիս մղած համառ կռիվների ու 1918-ի Մայիսյան հերոսամարտերի արդյունքում էր, որ կարողացանք ստիպել թուրքական զորքերին կանգ առնել Սարդարապատում, Բաշապարանում, Ղարաքիլիսյաում և շուրջ կես տարի դոփել Բաքվի մատույցներում…

Այո, եթե ժամանակին ձևավորված չլիներ ազգի կամքի կենտրոնը, եթե չլիներ մեր 30-ամյա ազատագրական պայքարի փորձն ու կազմակերպվածությունը, ավերակներից իբրև փյունիկ չեր հառնի Հայաստանի առաջին Հանրապետությունը, որի կերտումով վերջ դրվեց ազգի կործանման ընթացքին և սկիզբ՝ վերելքին։


Փառք ու պատիվ արամմանուկյաններին, ռուբենտերմինասյաններին, նժդեհներին, դրոներին ու վրացյաններին և 1918-ի հերոսամարտերում ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտերում անմահացած մեր բոլոր մահապարտներին, այն իրական հերոսներին, որոնցից շատերի անունները մինչ օրս անհայտ է մեր հասարակությանը։ Փառք ու պատիվ Զեմլյակի ու Դալի Ղազարի, Պողոս Դավթյանի ու Յապոնի, Կուռո Թարխանյանի ու Մազմանյանի նման հրամանատարներին, որոնք անհավասար կռիվներում, ինքնազոհության գնալով՝ կարողացան փրկել այն թանկ հողակտորը, որն այսօր Հայաստան է կոչվում։
Մեր արժանապատվությունը թույլ չտվեց, նույնիսկ մեզ համար ամենաբարենպաստ եւ թույլ պայմաններում, ներելու գեթ ցեղասպանության կազմակերպիչ բորենի պատասխանատուներին, եւ հայկական քաղաքական կամքի կենտրոնի՝ Դաշնակցության Ընդհանուր Ժողովի, որոշումով մեկը մյուսի հետեւից գետին տապալվեցին ցեղասպանները։ Փառք ու պատիվ Սողոմոն Թեհլերյանին, Արշավիր Շիրակյանին, Միսակ Թորլաքյանին, Հրաչ Փափազյանին եւ բոլոր-բոլորին։

Հայաստանին պարտադրված խորհրդայնացումը մենք դիմավորեցինք իբրև արդեն իսկ պետականորեն կազմակերպված և որոշակի տարածքների վրա բացարձակ մեծամասնություն կազմող ազգ, որն այլևս անհաղթահարելի պատնեշներ էր ստեղծել ֆիզիկական բնաջնջման և ուծացման սպառնալիքների առջև:

Առջեւում պատմության մի վիթխարի շրջան էր, երբ ցեղասպանությունից փրկված եւ աշխարհով մեկ սփռված գաղթականությանը հայկական ոգով եւ էությամբ կազմակերպելու գործը անհնար էր իրականացնել խորհրդային կարգերով կաշկանդված հայրենիքից, երբ զուգահեռաբար անհրաժեշտ էր առաջ տանել Հայ դատը եւ աշխարհին թույլ չտալ մոռանալ Հայոց ցեղասպանությունը: Եվ կազմակերպվեց Սփյուռքը։

Փառք ու պատիվ աղբալյաններին, լևոն շանթերին, նավասարդյաններին, մարուխյաններին, աբո աշճյաններին, Լիզբոնի 5-ին։

Հայկական նորանկախ հանրապետության վերակերտմանը զուգահեռ, մենք ևս վերընձյուղվեցինք Հայրենիքում։ Մենք վերսկսեցինք մեր գործը՝ հավատարիմ մնալով մեր էությանը․ միս ու ոսկորով նվիրվեցինք Արցախի արդեն իսկ սկսված ազատագրական պայքարին և, պատիվ ունեմ հայտարարելու, որ մենք դարձյալ կանգնեցինք հայկական պետականության՝ Արցախի անկախ հանրապետության կերտման ակունքներում։

Փառք ու պատիվ արթուր մկրտչյաններին, աշոտ ղուլյաններին, մերուժան մոսյաններին, շահեն մեղրյաններին, արամ պողոսյաններին, վարդան դուշմաններին, պետոներին, վահան հովհաննիսյաններին։

Մենք գործեցինք այլեւս մեր երկրում՝ ունենալով երեք նշանաբան․ Արցախ, արդարություն, միասնականություն։
Ցավոք, մեր այդ նշանաբանները խորթ էին ոմանց համար, ոմանց համար խորթ էր մեր էությունը: Եւ փոխանակ մեր դարավոր փորձն ու հնարավորությունները օգտագործվեին ի նպաստ հայրենիքի կայացման, փորձ արվեց կոտրել մեզ: Արդյունքում, իհարկե, կոտրվեցին այդ փորձն անողները, բայց ափսոս էին այն ժամանակն ու միջոցները, որ մսխվեցին՝ կոտրելու համար մի բան որն անհնար է կոտրել: Անհնար է կոտրել իրական ազգայինը, իրապես գաղափարականը:

Փառք ու պատիվ հրայրմարուխյաններին, խաժակտերգրիգորյաններին, վահանհովհաննիսյաններին։
Վերջին շրջանի մեր գործունեության մասին․ հակառակ այն բանի, որ այսօր անընդհատ մեզ ուղեկցում են չարամիտ քննադատություններն ու խրատական հորդորները, իրականում մենք մեզ պետք է կարողանանք գնահատել ձեռք բերված արդյունքներով։ Որոշները, այսպես կոչված՝ արմատական դիրքորոշումներով, ի՞նչ կարողացան հաջողեցնել, ուրիշները՝ սեփական դիմագիծը կորցնելով և այլոց կառքին լծվելով, ինչի՞ հասան և մենք ո՞ւր ենք։

Մենք դեմ ենք եղել հայ-թուրքական ծանոթ արձանագրություններին և ընդդիմացել ենք։ Դեմ ենք եղել վճռականորեն և դեմ ենք նաև այսօր, դեմ ենք լինելու նաև վաղը, սակայն այնպես ենք ընդդիմացել, որ կարող եմ ինձ թույլ տալ ասելու, որ անխտիր կերպով բոլորին տվել ենք հնարավորություն սրբագրվելու, մեր տրամաբանությանը համընթաց ընթանալու, ելք գտնելու։ Մենք հաջողեցինք, թեպետ դեռ ավելի ճիշտ է ասել․ մենք հաջողելու ընթացքի մեջ ենք։

Ցեղասպանության 100-ամյակի նշումը մեծ կարևորություն ուներ։ Մենք հակված էինք, որ այն նշվի ազգային միասնականության մթնոլորտում, ունենա շեշտված քաղաքական բնույթ և նոր հանգրվանի՝ պահանջատիրության շրջանի սկիզբ դառնա։ Եվ հակառակ սկզբնական բազմապիսի խանգարող հանգամանքներին, մեզ ազգովի հաջողվեց՝ նշել այն ազգային միասնականության մթնոլորտում, ՙՀիշում եմ և պահանջում՚ նշանաբանով և վերջապես՝ մեր ազգային-քաղաքական ուղղությանն ամբողջությամբ համապատասխան պատմական հույժ կարևորություն ունեցող Հռչակագրի ընդունումով։ Վատիկանում, Երևանում, Լոս-Անջելեսում, Բեյրութում և այլուր կազմակերպված որակյալ, աննախադեպ մասշտաբային կարևորագույն միջոցառումների կազմակերպումով՝ ազգովի պատվավոր գործ կատարեցինք։

Հայրենիքում վերահաստատվելու առաջին օրվանից մինչ հիմա Դաշնակցության համար առաջնահերթություն է Արցախի հարցը: Մենք միշտ համոզված ենք եղել, որ այն պահին երբ դադարի բաբախել Արցախի զարկերակը, կանգ կառնի նաեւ Հայաստանի սիրտը: Իրական պատերազմում հաղթած ժողովուրդը իրավունք չունի պարտվելու քաղաքական, քարոզչական, դիվանագիտական ճակատներում։

Դաշնակցությունը Արցախի կողքին է եղել միշտ, Արցախի կողքին է նաեւ հիմա: Հատկապես հիմա, երբ Ադրբեջանը փորձում է սահմանային մաշող պատերազմով և նավթի դոլարներով քարոզչական արշավ տանել մեր դեմ, մենք փորձում ենք՝ օգտագործելով մեր կազմակերպության ու Հայ Դատի ցանցի կարողությունները, արծարծել Արցախի անկախ հանրապետության ճանաչման հարցն ու համապատասխան քարոզչական հակահարված տալ հակառակորդին: Այդուամենայնիվ, մենք հավատացած ենք, որ այս ուղղությամբ հայկական բանակի հերոսական ճիգերին զուգահեռ՝ պետք է կազմակերպել ու ոտքի հանել պետական ու ազգային մեր ողջ պոտենցիալը։ Առողջ, ազգային բանակի թիկունքին, եթե կա կազմակերպված պետական քաղաքականություն ու միասնական ժողովուրդ՝ մենք անպարտելի ենք լինելու։

Իր ողջ կենսագրության ընթացքում Դաշնակցությունը եղել է այնտեղ, ուր հային վտանգ է սպառնացել: Այսօր մենք սիրիահայության կողքին ենք եւ, մեր ջանքերը համադրած պետության եւ ողջ հայության ջանքերի հետ՝ կարողացել ենք Սիրիայում ստեղծել միասնական մթնոլորտ։ Կարողացել ենք նաեւ մեր միասնական ու հետեւողական աշխատանքով նպաստել Սիրիայում բնակվող հայերին ներսիրիական հարցերում ճիշտ կողմնորոշվելու եւ իբրեւ համայնք՝ հարձակումների ուղղակի թիրախ չդառնալու: Սակայն ակնհայտ է վնասների, կորուստների, ավերվածությունների, մարդկային դժբախտությունների մեծ ծավալը, և մենք պետք է շարունակենք հետևողական կերպով մեր զորակցությունը ցուցաբերել առաջին հերթին Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին, ապա հայրենիքում հաստատված սիրիահայերին և վերջապես ամենուր, որտեղ ճարահատ հայտնվել են նրանք։

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 125 տարի տանում է քաղաքական պայքար: Վերջին 25 տարիներին քաղաքական այդ պայքարը մենք տարել ենք հայրենիքում: Արժե նկատել, որ դա չափազանց բարդ է եղել եւ չափազանց բարդ է եղել հիմնականում այն պատճառով, որ մենք քաղաքական պայքար ենք մղել քաղաքական դաշտի գրեթե բացակայության պայմաններում: Մեր գործունեությամբ մենք փորձել ենք ամեն կերպ նպաստել քաղաքական դաշտի ձեւավորմանը, որովհետեւ մենք համոզված ենք եղել, որ միայն առողջ քաղաքական դաշտի եւ մրցունակ քաղաքական ուժերի առկայության պարագայում է հնարավոր հասնել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, հետեւաբար՝ ժողովրդի բարեկեցության: Մենք եղել ենք խորհրդարանական համակարգի եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակիցն ու ջատագովը: Մեր կուսակցության 125-ամյակը նշանավորվելու է սահմանադրական հանրաքվեում «այո»-ի հաղթանակով, հետեւաբար եւ մեր երկարամյա պայքարի հաղթանակով:

Միով բանիվ մեր պայքարը շարունակվում է: 125 տարի մենք արդարության ճանապարհին ենք եւ շարունակելու ենք մնալ այդ ճանապարհին այնքան, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել:

Իմ խոսքի սկզբում ես ասացի, որ չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ: Չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ:

Խոսելով Դաշնակցության եւ դաշնակցականների մասին, ես շարունակելու եմ խոսել հայրենիքի ու հայ մարդու մասին:

Այն հայրենիքի, որ երազել ենք ունենալ դարեր ի վեր: Այն հայ մարդու, ով դարեր ի վեր պայքարում է իր երազած հայրենիքն ունենալու համար:

Պետք է հավատալ միայն այս երկուսին՝ մեր երազած հայրենիքին ու դրա համար պայքարող հայ մարդուն:
Լեռնային մի կիսադատարկ գյուղում ապրող ծերունին շարունակում է մշակել իր հողը, որովհետեւ հավատում է, որ արտերկիր մեկնած իր որդիները մի օր կվերադառնան ու տեր կկանգնեն այդ հողին: Նշանակում է՝ նա հավատում է իր հայրենիքին ու պայքարում է դրա համար: Նշանակում է ես հավատում եմ այդ ծերունուն:

Երեւանյան դպրոցներից մեկում դասավանդող ուսուցչուհին, ում աշխատավարձը հազիվ է բավականացնում ապրելու համար, անշահախնդրորեն շարունակում է հայրենասերներ դաստիարակել, որովհետեւ հավատում է, որ նրանք են տեր կանգնելու հայրենիքին:

Ամիսներով աշխատավարձ չստացած շինարարը ինչ որ տեղ շարունակում է կառուցել մի շենք կամ մի ճանապարհ՝ հավատացած, որ կառուցում է իր հայրենիքը:

Սահմանային զորամասերից մեկում ծառայող սպան շարունակում է աչալուրջ հետեւել իր զինվորներին, ովքեր նույնքան աչալուրջ հսկում են հայրենիքի սահմանը:

Աշխարհի իր անկյունում՝ սեփական հայրենիքում, ստեղծագործող անքուն արվեստագետը շարունակում է անել իր գործը՝ նկարում է մի նկար, գրում է մի երգ կամ մի բանաստեղծություն, որովհետեւ հավատում է, որ որքան մեծ է աշխարհը՝ նույնքան մեծ է իր հայրենիքը:

Նշանակում է այս մարդիկ հավատում են իրենց հայրենիքին ու պայքարում են դրա համար: Նշանակում է ես հավատում եմ այս մարդկանց:

Ես հավատում եմ հայ գյուղացուն, ուսուցչին, շինարարին, սպային ու զինվորին, նկարչին ու բանաստեղծին ու բոլոր նրանց, ում չթվարկեցի, բայց ովքեր իրենց տեղում անշահախնդրորեն անում են իրենց գործը՝ նշանակում է պայքարում են հայրենիքի համար:

Բայց նաեւ մենք ոչ մի բանի չէինք հասնի, եթե չպահպանեինք հայ մարդուն: Հայ մարդուն՝ հայրենիքից դուրս եւ իհարկե՝ հայրենիքում: Քաղաքակրթությունը, մարդասիրությունը, ուժն ու հզորությունը, միայն բառեր են, անշուշտ՝ չափազանց արժեքավոր, բայց միայն բառեր, եթե մարդը կտրվում է իր արմատներից: Մեր պարագայում՝ յուրաքանչյուր հայ, ուր էլ որ նա ապրի, կտրվելով իր արմատներից կարող է կտրել հայի արմատն ընդհանրապես: Այս գիտակցումն է, որ մշտապես առաջնային է դարձրել հայապահպանության խնդիրը:

Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ուրուգվայում կամ Ավստրալիայում բնակվող հային հայ պահել, չթողնել, որ նա կտրվի իր արմատներից: Այս գիտակցումն է, որով անհրաժեշտ է եղել առաջնորդվել: Առաջնայինը եղել է հայապահպանությունը: Հային իր արմատներին կպած պահելը: Փառք Աստծուն կարողացել ենք: Դրա ապացույցն են հայրենիքից դուրս ապրող այն միլիոնավոր հայերը, ովքեր հայ են:

Բայց հային պետք է հայ պահել նաեւ ներսում՝ հայրենիքում:

Մեր տեսակի եւ մեր ինքնության մասին է խոսքը:

Հայի տեսակն ու ինքնությունը ոչ մի կապ չունեն թուլության, վախկոտության ու հարմարվողականության հետ: Հայի տեսակն ու ինքնությունը ոչ մի կերպ չեն ենթադրում, շողոքորթություն, քծնանք ու բամբասանք:
Մենք չենք կարող ունենալ մեր ուզած հայրենիքը, եթե մենք տուրք տանք մարդկային այս ճղճիմ հատկություններին: Այո, մեր տեսակի մեջ դրանք չկան, սակայն մեզ մշտապես փորձել են այդպիսին դարձնել: Եւ, որ ամենավատն է, փորձել են ոչ միայն ուրիշները, այլեւ՝ մենք:

Երբ ժողովուրդը թուլանում է, երբ ժողովուրդը վախենում է, երբ ժողովուրդը հարմարվում է, երբ ընդունակ է շողոքորթել ու քծնել, ժողովուրդը դառնում է հեշտ կառավարելի: Հեշտ կառավարելի ժողովուրդը ձեռնտու է եղել մեր թշնամուն, ձեռնտու է եղել ոչ մեր սեփական երկրի իշխանությանը: Երկար ու ձիգ տարիներ մեզ փորձել են դարձնել այդպիսին: Չեն կարողացել, որովհետեւ վճռորոշ պահին միշտ գլուխ է բարձրացրել մեր իրական տեսակը՝ ուժեղ խրոխտ ու հպարտ տեսակը:

Բայց ամենասարսափելին այն է, երբ ներսից է փորձ արվում ինքներս մեզ դարձնել վախկոտ, թույլ, այսինքն՝ հեշտ կառավարելի:

Վա՜յ այն իշխանությանը, որն իր ժողովրդի թուլության մեջ կտեսնի իր ուժը: Վա՜յ այն իշխանությանը, որն իր թուլությունը կպարտադրի ժողովրդին:

Հայապահպանությունն, արդ, միայն դրսում հային ու հայի տեսակը պահպանելը չէ, այլեւ ներսում՝ հայրենիքում:
Բայցեւայնպես, բավարար չէ պայքարել հայի տեսակի համար եւ պահպանել այդ տեսակը: Բավարար չէ պայքարել հայրենիք ունենալու համար եւ վերջապես ունենալ պետականություն: Կիսատ է հայը, քանի դեռ չի վերականգնել իր արդարությունը, կիսատ է պետականությունը, քանի դեռ այն ամբողջական հայրենիքում չէ: Այս գիտակցումն է, որ պետք է դարձնել բոլորինը:

Ես արդեն ասացի, որ հավատում եմ այն գյուղացուն, այն ուսուցչին, այն սպային եւ մյուսներին, ովքեր իրենց տեղում իրենց գործն են անում: Նրանք, անտարակույս, ունեն կիսատ արդարության եւ կիսատ հայրենիքի գիտակցումը: Բայց կան այլոք, շատերը, բազմաթիվ հայեր, ովքեր, ոչ իրենց մեղքով, չունեն այդ գիտակցումը: Եւ քանի դեռ չունեն, մենք չենք կարող հասնել մեր ուզածին:

Մեծ հարստության, բարձր դիրքի, մտքի կատարելության հասած մարդը իրականում ոչնչի չի հասել, եթե նրա մարմնի վրա կան չապաքինված ու ցավացող վերքեր, եւ այդ վերքերն հասցնողը մեղա չի եկել:
Նույնն է ժողովրդի եւ պետության պարագան: Մենք կարող ենք հասնել տնտեսության զարգացման, սոցիալական արդարության, ժողովրդավարության կայացման եւ անպայմանորեն կհասնենք: Սակայն զուգահեռաբար մենք պետք է տանենք արդարության վերականգնման մեր պայքարը: Եւ այդ պայքարը պիտի լինի յուրաքանչյուրինը:
Շատ լավ իմանալով մեր օրվա հնարավորությունները՝ մենք, սակայն, իրավունք չունենք ոչ միայն ընկրկելու եւ հույսը կորցնելու, այլեւ չգործելու: Մենք իրավունք չունենք հաջորդ սերունդին չնախապատրաստելու մեր դժվար պայքարին եւ մի բան ավել չթողնելու, քան մեր նախորդ սերունդն է թողել մեզ:

Արդ, հայ մարդը, լինի մշակ, թե՝ նախարար, բանվոր, թե՝ պատգամավոր, նա է, ով պահում է այս գիծը:
Իմ այսօրվա խոսքում ես խոսեցի Դաշնակցության եւ դաշնակցականների, հայրենիքի եւ հայ մարդու մասին: Հարյուր քսանհինգ տարիների ընթացքում մենք դեռ չենք հասել նրան, որ հայ մարդն ապրի իր ուզած հայրենիքում: Բայց մենք անպայմանորեն կհասնենք դրան:

Կեցցե՛ հայ մարդու ուզած Հայրենիքը:

Կեցցե՛ ազատ, անկախ միացյալ Հայաստանը:

11.12.2015

Երևան