Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դու պլանավորում ես, Աստված` տնօրինում. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսն այսպես սկսեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ ընթացիկ տարում միությունը 130 միջոցառում է իրականացրել` շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, քննարկումներ: «Գրողների միությունը եզակի միություն է, քանի որ մեր անդամների թվում են նաև Սփյուռքի գրողները: Ավելին` ընթացիկ տարում 20-ից ավելի սփյուռքահայ գրողներ են եկել Հայաստան»,- հայտնեց Միլիտոնյանը:
Նա նշեց նաև, որ ՀԳՄ-ն համագործակցում է տարբեր երկրներում հայանպաստ գործունեություն ծավալող օտարազգի գրողների հետ: Բացի այդ` այս տարի Գերմանիայում եղեռնազոհ գրողների գործերի շնորհանդեսը եղավ` 4 հատորով` գերմաներեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:
Միլիտոնյանի հավաստմամբ` գրական միջազգային հարաբերություններն ընդլայնվել են:
«Մենք միջազգային փառատոների ենք մասնակցել Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Բելառուսում… Ընթացիկ տարում 20 գիրք ենք հրատարկել` գրականության, պատմության… Մենք հրատարակել ենք մեր դասականների գործերը նույնպես, քանի որ գրողների միությունը միայն այսօրվա գրողինը չէ: Ընթացիկ տարում հասցրեցինք նորոգել նաև ՀԳՄ կողքի այգին, դահլիճը տեխնիկապես վերազինեցինք, քանի որ միայն մի միկրոֆոն ունեինք, էն էլ` օրը մեջ փչանում էր»,- ասաց Միլիտոնյանը:
Ընթացիկ տարում ՀԳՄ-ն նաև 46 գրողի առողջապահական հարցերն է լուծել, ինչպես նաև շատերին հնարավորություն տվել Ծաղկաձորում և Սևանում անվճար հանգստանալու: «Մի խոսքով` արել ենք հնարավորը և գոհ ենք»,- ասաց ՀԳՄ նախագահը:
Հարցին, թե, փաստորեն, գրողները լավ էլ ապրում են, խնդիրներ, բողոքներ չունե՞ն, քանի որ մյուս ստեղծագործական միությունների ղեկավարներն ասում են, որ իրենք բազում խնդիրներ ունեն, Միլիտանյոնը պատասխանեց, թե մյուսները չգիտի` ինչ են ասում, բայց իրենք դժգոհ չեն: «Կարող է` մեկի կոշիկի մեջ մեխ կա, բողոքում է, ի՞նչ իմանամ: Գրողների միությունը գրողի փոխարեն չի գրելու, միությունը նաև չի հռչակում այս կամ այն գրողին: Խնդիրն այն է, որ այսօրվա գրականագետները չեն մտնում գրականության մեջ, և եթե մեկին ասենք` այսինչ գրողի մասին մի հոդված գրիր, որ միջազգային ամսագրում տպենք, չեն համաձայնի, քանի որ չունեն այդ ուժը: Գրականագիտությունը լրագրության մակարդակով է արվում»,- ասաց նա: