կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 14:03
Հասարակություն

Նրանք հիվանդ են, նրանց գլուխը մեխ է մտել, չեն կարողանում հանել․ գեղանկարիչը՝ Փաշինյանի աջակիցների մասին

Ընտրություններն են մոտենում, սիրելի՛ ժողովուրդ, խնդրում եմ՝ մի քիչ խելոք մտածեք, խելք հավաքեք, պարտված մարդը չի կարող երկիր ղեկավարել, նա հարգանքի արժանի չէ․ Yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը։

«Երբ տեսա, թե ինչպես են պահվում պատերազմում զոհված երիտասարդների աճյունները, զզվեցի մեր ղեկավարությունից։ Ինչպե՞ս կարելի է, ուզում եք՝ մենք գժվե՞նք, առանց այն էլ գիժ ենք։ Ի՞նչ եք ուզում մեզնից, մեր հոգիները դուք ծախել եք, թունավորել եք, այսպես չի կարող շարունակվել։ Աշխարհի կողմից մենք այլեւս չենք ընդունվում»,- ասում է նա։ «Ժողովրդի մի փոքր մասն արդեն զոմբիացել է, նրանք հիվանդ են, նրանց գլուխը մեխ է մտել, չեն կարողանում հանել։ Նրանք մտածել չգիտեն, լսել են, աստվածացրել են։ Ծիծաղելի է։ Լսում եմ գյուղական միջավայրի ժողովրդին․ նրանց մի փոր հաց է պետք, ուրիշ ոչինչ, երկիրն ուտելով չի, դու պիտի տաս էդ երկրին։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մեր գյուղական միջավայրի ժողովուրդը չի կարողանում կողմնորոշվել»,- նշում է գեղանկարիչը։

Վերհիշելով Հայաստանի անցած 30 տարիների պատմությունը՝ Միրզոյանը կարծիք է հայտնում՝ հայ ժողովրդի դժբախտությունը սկսվել է Լեւոն-Տեր Պետրոսյանի կառավարությունից, երկիրը կորցրել է իր բալանսը․ «Դրական տեղաշարժ եղավ այն տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանն էր աշխատում․ այդ ընթացքում մեր երկիրն ավելի կայուն էր, մեծ շինարարություն սկսվեց երկրում, նա կարողացավ ստեղծել մի կառավարություն, որն ավելի ճկուն էր աշխատում։ Ես համոզված եմ, որ Քոչարյանը հիմա ավելի լավ կաշխատի»։

ՀՀ երկրորդ նախագահի կառավարման տարիներին Միրզոյանն ազգային պատկերասրահի տնօրենն էր, հիշում է, թե ինչ երկրների հետ էր Հայաստանը բարեկամություն եւ ընկերություն անում, իսկ այսօր մեկուսացված է, ոչ մի երկրի հետ հարաբերություն չկա։

«Հիշո՞ւմ եք, երբ նա (նկատի ունի Փաշինյանին) Պուտինին չդիմավորեց։ Պուտինը այնքան թասիբ ունի, որ եթե դու իրեն չես դիմավորել, բանի տեղ չես դրել, էսօր ինքը քո սխալը հայ ժողովրդից է հանում։ Իսկ դու ո՞վ ես, լսի, որ կայսրության ղեկավարի հետ քեզ այդպես պահես։ Կարող ես իրեն չսիրել, բայց պարտավոր ես ընդունել, դիմավորել, ամեն ինչ անել։ Հիմա Պուտինը իրեն էլ բանի տեղ չի դնում։ Ինքը մեղք է, պետք է շատ շուտ հրաժարվեր, ընտանիքին վերցներ, նստեր ինքնաթիռ, գնար, մեզ էս օրը չգցեր։ Փաշինյանն ինձ այլեւս չի հետաքրքրում, ես իրեն վաղուց իմ միջից հանել եմ, ես չեմ կարողանում իրեն լսել, չեմ կարողանում մտքերը հասկանալ․ այն, ինչ կատարվել է այս 3 տարվա մեջ, բարդել նախկինների վրա, լուրջ մոտեցում չէ»,- ընդգծում է գեղանկարիչը։

Զարմանում է՝ ո՞նց կարելի է՝ գան քո հողի վրա քո զինվորին գերի վերցնեն, դու, որպես երկրի ղեկավար, ոչինչ չանես, թշնամին մտել է հողդ, չես կարողանում վռնդել։ «Չի ղեկավարվում երկիրը։ Այս անձնավորությունը փչացրեց մեր կյանքը, մտածելակերպը։ Ես զարմանում եմ, որ այսօր կան մարդիկ, որոնք դրական կարծիք են նրա մասին հայտնում։ Ո՞նց կարելի է մտածել թուրքի հետ սահման բացելու մասին, սա անխելք մարդկանց որոշում է, եւ ես համոզված եմ, որ մենք ամեն ինչ պիտի անենք, որ Ադրբեջանի հետ սահման չբացվի»,- շեշտում է գեղանկարիչը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան