Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Սիվիլիթաս» հիմնադրամը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, կազմակերպել էր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակները գլխավորող գործիչների բանավեճ: Չէին ներկայացել կոալիցիոն կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները:
«Մարդիկ չեն պատրաստվում վերընտրվել, նրանք պատրաստվում են վերարտադրվել: Իշխանություններն ընտրողին համոզելու խնդիր չունեն, եթե ունենային` կմասնակցեին բանավեճին»,- ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով կոալիցիոն ուժերի բացակայությանը:
Նրա կարծիքով` Երևանում բոլոր խնդիրները փոխկապակցված են, և դրանց միակ լուծումը միահեծան իշխանություններից ազատվելն է: «Քաղաքապետն այսօր կամավոր հրաժարվել է իր լիազորություններից: Նա իրավունք չունի ինքնուրույն քայլեր անելու` ՀՀԿ-ն ինչ ասի, պետք է անի»,- հայտարարեց նա և հավելեց, որ Տարոն Մարգարյանը ենթարկվում է իրեն ազատող-նշանակողին, ոչ թե ժողովրդին:
Ըստ Ռուստամյանի` եթե իսկապես արդար, թափանցիկ կառավարման համակարգ չլինի Երևանում, բոլոր խնդիրները կմնան անլուծելի: «Քաղաքապետարանում պետք է հակակշիռ ձևավորվի. եթե չենք կարողացել նախագահին փոխել, կարող ենք քաղաքապետին փոխել: Ընդդիմադիր քաղաքապետն ամեն ինչ կանի` ամբողջացնելու իր լիազորություների շրջանակը»,- ասաց ՀՅԴ թեկնածուն: