կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-19 13:25
Հասարակություն

Պետք է պաշտպանվենք, հակառակ դեպքում` ցեղասպանություն կլինի. Դավիթ Բաբայան

Պետք է պաշտպանվենք, հակառակ դեպքում` ցեղասպանություն կլինի. Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի զրույցում, անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը, նշեց, որ այդ ամենն ամենևին էլ չի պայմանավորում Սարգսյան-Ալիև հանդիպումով:

«Որևէ կապ չկա հանդիպումների և հրադադարի խախտումների միջև: Եթե նախկինում Ադրբեջանն այդ խախտումները սաստկացնում էր այդ հանդիպումների նախօրեին, ընթացքում կամ էլ հանդիպումներից հետո, ապա հիմա արդեն նման տենդենցներ չեն նկատվում: Ադրբեջանը մշտապես է խախտում հրադադարի ռեժիմը: Սա դարձել է նրանց ապրելակերպը` որպես ֆաշիստական, ահաբեկչական պետություն»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Նրա խոսքով` դա ավելի շատ կապ ունի աշխարհաքաղաքական  և ներքաղաքական որոշ զարգացումների հետ: «Աշխարհաքաղաքականի համատեքստում մենք պարզ տեսնում ենք Թուրքիա-Ադրբեջան տանդեմի միասնական ճակատը` հայության դեմ: Թուրքիան իրեն պահում է որպես ահաբեկչական պետություն, ահաբեկիչներին սատարող պետություն` Սիրիայում, Իրաքում, Ռուսաստանի դեմ հարաբերություններում: Վերջերս Թուրքիայի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներ, արտգործնախարարը, վարչապետը եղել են Բաքվում, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը եղել է Թուրքիայում և այնպիսի հայտարարություններ է արել, որ կարծես 1918 թվականն է` պանթյուրքիզմի գաղափարախոսության ոսկե դարը, ֆաշիստական ժամանակահատվածի հռետորաբանություն են օգտագործել»,- ընդգծեց Բաբայանը` հավելելով, որ պարզ երևում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին են աշխատում և այդ աշխատանքը շատ սերտ համագործակցության միջոցով են իրականացնում:

«Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա պետք է ասեմ, որ Ադրբեջանում բարդ իրավիճակ է ստեղծվել. իշխող կլանը ոչ միայն հետապնդում է ընդդիմադիրներին, այլ նաև իր իսկ ճամբարի ներկայացուցիչներին: Փաստորեն, ԱԱԾ-ում մոտ 200-300 հոգի հանվել են համակարգից, նաև` ՊՆ-ից, ՆԳՆ-ից, ԱԳՆ-ից, նախագահականից: Այսինքն` վատ վիճակ է ստեղծվել հենց ներսում: Դրան պետք է գումարել նաև նավթի գների անկումը. թմրամոլի նման նստած են նավթի  եկամուտների վրա»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Ըստ նրա` այս իրավիճակում լավագույն տարբերակը արտաքին թշնամու կերպարի զարգացումն է, որը թույլ է տալիս իշխող կլանին դեմ գնացողներին դիտարկել որպես պետության թշնամի: «Ադրբեջանցիները սահմաններին լարում են իրավիճակը, բայց դա ներկայացնում են որպես հայկական կողմի ագրեսիա, և դա նրանց թույլ է տալիս ներքին զտումներ կատարել: Մենք միշտ էլ համարժեք պատասխան ենք տալու: Նրանք ունեն բազմաթիվ զոհեր: Այո, մենք էլ ունենք, սա դժբախտություն է,  սա անդառնալի կորուստ է, բոլորս ողբում ենք, բայց այլ տարբերակ չկա, պետք է պաշտպանենք հայրենիքը: Այլ տարբերակը ցեղասպանությունն է: Համեմատություն անեմ, որը գուցե այնքան էլ կոռեկտ չէ, բայց հանցագործություններից, հիվանդություններից, ճանապարհատրանսպորտային պատահարներից ավելի շատ մարդ է մահանում և զոհվում Հայաստանում ու Արցախում, քան սահմանները պաշտպանելիս»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: