Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում զինված հանցախմբի վնասազերծումից հետո շարունակվում է ուժեղացված հսկողությունը պետական պահպանության կարևորագույն օբյեկտների տարածքում: Այսօր yerkir.am-ի լրագրողը ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է նման հսկողության պատճառը, և արդյո՞ք ոստիկանությունը շարունակում է այս գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել:
Պողոսյանը հայտնեց, որ վնասազերծվել է խումբ, որն առանձնապես ծանր հանցագործություններ էր նախապատրաստել: Ըստ նրա` օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Պողոսյանը միաժամանակ նշեց, որ իրեն համարում է լուրջ մարդ և չի կարող մանրամասներ հայտնել, քանի որ դեռևս նախաքննություն է ընթանում: Փոխոստիկանապետը ընդգծեց, որ ոստիկանությունը պատրաստ է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս գործի օպերատիվ ուղեկցումն ապահովել:
Դիտարկմանը, թե ի՞նչ առիթ է տվել ոստիկանությունը, որ հանրության ստվար զանգված թերահավատորեն է վերաբերվում ոստիկանության և ԱԱԾ-ի կատարած բացահայտմանը` այն որակելով բեմականացում, Պողոսյանը պատասխանեց՝ օրինակ բերելով ոստիկանության կողմից պատրաստված տեսահոլովակները:
«Ամենաուսուցողական օրինակներից մեկը՝ քաղաքացին երբեմն ականատես է լինում, որ հարևանի տանից գողություն է կատարվում: Հասարակ, սովորական դեպք՝ բնակարանային գողություն, երբեք չի մոտենում ոստիկանությանը, ասում՝ գիտե՞ք՝ բնակարանային գողություն կատարողն այսինչն էր կամ այնինչը, կամ ինչ-որ կերպ ինֆորմացիան մեզ չի հասցնում: Բայց, երբ իր բնակարանից են գողություն կատարում, աղմուկ է բարձրացնում, էլ չասեմ` ինչ աստիճանի: Հիմա մեր ժողովուրդն այդպես է վերաբերվում ամեն ինչին: Այս դեպքին էլ փորձեցին այդպես վերաբերվել, բայց հետո` գոնե ընթացքում, հասկացան, որ չարաչար սխալվել են»,- ասաց նա և հավելեց. «Դեռ ընթացքում իրենք բավական լուրջ առիթներ՝ կունենան հասկանալու համար, թե ինչ աղետ է կանխարգելվել, խափանվել, իսկ դրանից հետո արդեն մնացածը թողնում եմ իրենց դատին: Սարսափելին գիտեք ո՞րն էր այն ամենի մեջ, որ մի քանի վայ մասնագետներ հայտնվեցին՝ նախկինում այս կամ այն պաշտոն զբաղեցրած, և, մեղմ ասած, սկսեցին վայրահաչոցները: Ամո՛թ իրենց բոլորին և փառք ու պատիվ այն տղաներին, ովքեր բարեհաջող վնասազերծեցին այս խումբը և դեռ շարունակում են աշխատանքները, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները»: