կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 16:27
Իրավական

Հունան Պողոսյանը չի վիրավորել ռուս ցուցարարին. մանրամասներ` աղմկահարույց գործով վճռից

Հունան Պողոսյանը չի վիրավորել ռուս ցուցարարին. մանրամասներ` աղմկահարույց գործով վճռից

Օրերս Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հովիկ Շահնազարյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է ՌԴ քաղաքացի Ելենա Օվսյաննիկովայի հայցն ընդդեմ ոստիկանության պաշտոնյաների և պատգամավորի:

Հիշեցնենք, որ Ելենա Օվսյաննիկովան հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել պատասխանողներին` հրապարակավ ներողություն խնդրել, հերքել իրենց տարածած՝ իրականությանը չհամապատասխանող և Օվսյաննիկովայի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պարտավորեցնել Հունան Պողոսյանին, Նարեկ Մալյանին և Էդմոն Մարուքյանին` իրենց արտահայտություններով պատճառած բարոյական վնասի համար վճարել փոխհատուցում:

Ելենա Օվսյաննիկովան ՌԴ քաղաքացի է, ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ և արդեն 12 տարի բնակվում է ՀՀ-ում: Նա 2015 թվականին Բաղրամյան պողոտայում մասնակցել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված հավաքներին, որոնց ընթացքում կոչ է արել ոստիկաններին` զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելուց:

Հայցվորի պնդմամբ` ակցիայի ընթացքում Հունան Պողոսյանի կողմից արված` «մեզ մոտ բոլոր ոստիկանները սեռապես մտահոգված են, իսկ Դուք այստեղ նրանց առջև գնում-գալիս եք» արտահայտությունը վիրավորանք է, իսկ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն ու պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում զրպարտել են իրեն: Հայցվորն իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար Հունան Պողոսյանից, Նարեկ Մալյանից և ՀՀ ոստիկանությունից, որպես փոխհատուցման գումար, պահանջել է 6.000.000 ՀՀ դրամ փոխհատուցման գումար (յուրաքանչյուրից 2.000.000 ՀՀ դրամ), իսկ Էդմոն Մարուքյանից 2.000.000 ՀՀ դրամ:

Դատաքննության ընթացքում պատասխանող Հունան Պողոսյանն առարկել է ներկայացված հայցի դեմ՝ նշելով, որ ներկայացված փաստական հանգամանքները մասամբ են համապատասխանում իրականությանը:

Պողոսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ ակցիայի ժամանակ Ելենա Օվսյաննիկովան հայտնվել է ոստիկանական «պատնեշ» կազմած ծառայողների առջև և առանձին-առանձին փորձել զրույցի մեջ մտնել ոստիկանների հետ: Դա նկատելով՝ նրան է մոտեցել ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանը և պահանջել չխանգարել ոստիկանների աշխատանքին ու հեռանալ: Ըստ ներկայացուցչի՝ Պողոսյանը հայցվորին ուղղված որևէ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել: Այս կապակցությամբ դատարանը որոշել է, որ «սադրիչ» արտահայտությունը որպես զրպարտություն համարվելու ու այդ հիմքով որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան, ուստի այս պատճառաբանություններով տվյալ արտահայտության մասով հայցն արդեն իսկ անհիմն է:

Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Ելենայի և պատգամավոր Թևան Պողոսյանի հետ ունեցած զրույցի տեսագրությունն ու դրան կից մեկնաբանել, որ նա ուկրաինացի սադրիչ է: Էդմոն Մարուքյանն էլ, իր հերթին ,մեկնաբանել է, որ նա հարբած է եղել: Այս կապակցությամբ Նարեկ Մալյանի ներկայացուցիչը հայտնել է, որ իր վստահորդը որևէ անուն չի հիշատակել:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչն էլ հայտնել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Մարուքյանը գրառում է կատարել այն մասին, որ Ելենա Օվսյաննիկովայի վրայից շատ ուժեղ ալկոհոլի հոտ է փչել, ոչ թե գրել է, որ Ելենա Օվսյաննիկովան եղել է հարբած: Ըստ նրա՝ Էդմոն Մարուքյանը հայցվորի անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել, նրան «հարբեցող» կամ «հարբած» չի անվանել, նրա կողմից կատարված գրառումն ընդամենը վերաբերել է ալկոհոլի հոտին, որն այդ պահին զգացվել է:

Արդյունքում` դատարանը վճռել է ամբողջությամբ մերժել ՌԴ քաղաքացու հայցը, Ելենա Օվսյաննիկովայից հօգուտ Էդմոն Մարուքյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Ելենա Օվսյաննիկովայից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 176.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, պետական տուրքի գումար:

Ի դեպ, նախքան վճռի հրապարակումը՝ դատական նիստերից մեկի ընթացքում դատավորը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կան հաշտության նախադրյալներ, ինչին ի պատասխան, հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն ասել էր, որ եթե պատասխանողները ներողություն խնդրեին, թեկուզ` ոչ հրապարակային, իրենք պատրաստ կլինեին քննարկել հաշտության տարբերակներ: Սակայն նիստին ներկա պատասխանողները` ոստիկանության ներկայացուցիչ Նարեկ Սիմոնյանը և Մարուքյանի ներկայացուցիչ Ա. Սուքիասյանը, բացառել էին հաշտության հնարավորությունը: