Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեին ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը, ի տարբերություն ԱՊՀ դիտորդների, հնչեց քվեարկությունից զգալիորեն հետո՝ երկու օր անց: Բրյուսելի դիրքորոշումը, որը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ներկայացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, իմաստային առումով գրեթե կրկնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված հայտարարությունը: Նրանց կողմից փաստացի երեք հիմնական շեշտադրում է արվում: Առաջին՝ որ փաստացի կայացած են համարում հանրաքվեն և նոր Սահմանադրության ընդունումը՝ շեշտը դնելով, մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կառավարման համակարգի փոփոխության առումով, դրա տված հնարավորությունների վրա: Երկրորդ՝ որ արժանահավատ են որակում հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքներ տեղ գտնելու մասին հասարակական-քաղաքական շրջանակներից հնչող քննադատությունը՝ առանց հստակեցնելու, թե որքանով կարող էին դրանք ազդել հանրաքվեի վերջնական արդյունքի վրա: Եվ, չնայած դրան, նրանք կոչ են անում իշխանություններին` հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունն ապահովելու նպատակով քննության առնել ընտրախախտտումների վերաբերյալ ներկայացված փաստերն ու տեղեկությունները: Եվ երրորդ՝ նրանք էական են համարում հանրաքվեից հետո նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, ընտրական համակարգի բարելավումը՝ փաստացի դրա արդյունքներով պայմանավորելով իրենց վերջնական դիրքորոշումները ներհայաստանյան իրողությունների, սահմանադրական փոփոխություններով իշխանության հետապնդած իրական նպատակների կապակցությամբ: Ավելի պարզ ասած՝ թե\' ԱՄՆ-ը և թե\' ԵՄ-ն հասկացնում են, որ իրենց համար ոչ թե հանրաքվեի լեգիտիմությունն է կարևոր, այլ Սահմանադրության դրույթների կատարման որակը, և որ հենց այդ մասով են նրանց հիմնական սպասելիքները:
Այն հանգամանքը, որ, ընտրախախտումների իրողությունը ֆիքսելով հանդերձ, նրանք միաժամանակ չէին շտապում վերջնական դիրքորոշում արտահայտել, վկայում է, որ թե\'ԱՄՆ-ի և թե\' ԵՄ-ի համար առավել էական է եղել այն, թե ինչպիսին են լինելու հետհանրաքվեական պրոցեսները: Պատահական չէ, որ նրանց պաշտոնական տեսակետների մեջ կարմիր թելով անցնում է մոտեցումը, որ հանրաքվեի լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելու խնդիրը ոչ թե իրենք են որոշողը, այլ հասարակությունը:
Այս տեսակետից` պետք է ենթադրել, որ Արևմուտքի նման միջանկյալ, բայց ավելի շատ լավատեսական շեշտադրումներով դիրքորոշման ձևավորման վրա ազդել են հետհանրաքվեական երեք հիմնական գործոններ: Առաջինը «Ոչ»-ի ճամբարն ամբողջացնող ուժերի կողմից զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ բավարար ապացույցներ, փաստարկներ չներկայացնելն էր, սահմանափակ թվով ընտրատեղամասեր բացելու և վերահաշվարկ կատարելու հայտ ներկայացնելը: Սա էական գործոն է հատկապես այն պատճառով, որ Արևմուտքը սահմանափակ թվով դիտորդներ էր գործուղել Հայաստան, և դատողություններ անելու միակ աղբյուրը հենց «Ոչ»-ի ուժերի կողմից ներկայացվելիք փաստերի առատությունը պետք է լիներ:
Երկրորդ գործոնը հանրաքվեից հետո զանգվածային բողոքի ակցիաների բացակայությունն էր: «Նոր Հայաստանի» և ՀԱԿ-ՀԺԿ տանդեմի կողմից շարժումը դադարեցնելու իրողությունից Արևմուտքում, թերևս, հետևության էին եկել, որ եթե մարդիկ դուրս չեն գալիս` պաշտպանելու իրենց քվեն, նշանակում է՝ համաձայն են արձանագրված արդյունքների հետ:
Եվ, վերջապես, երրորդ գործոնը. թերևս «Ոչ»-ի բևեռում ակնհայտ պառակտվածությունն ու հատվածականությունը, ուժեղ այլընտրանքի բացակայությունն է, որը թույլ չի տալիս Արևմուտքին այդ բևեռում գտնել բավականաչափ ամուր հենման կետ՝ փոփոխությունների տանելու` նրա պոտենցիալին հավատալու և իշխանության հանդեպ ավելի կոշտ լինելու համար: Նման պայմաններում Արևմուտքին մնում է պահպանել իշխանության հետ ունեցած կամուրջները, մանավանդ, որ այդ փոփոխություններն ապահովելու դրական ազդակներն առայժմ միայն հենց իշխանությունն է հղում: Խոսքը միայն իրավապահ մարմինների կողմից ներկայացված ընտրախախտումների ու ապօրինությունների մասին հաղորդումներին ընթացք տալու, առանձին դեպքերի առնչությամբ հետաքննություններ սկսելու, իսկ մեկ դեպքում էլ, կարծես, քրեական գործ հարուցելու տրամադրվածության ցուցադրության մասին չէ: Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման ողջ ընթացքում իշխանությունը Արևմուտքի հետ ամենասերտ համագործակցության պատրաստակամություն ցուցադրեց՝ ի դեմս Վենետիկի հանձնաժողովի հետ կանոնավոր խորհրդակցությունների, որը չէր կարող հաշվի չառնվել հանրաքվեի նկատմամբ վերջինիս դիրքորոշումների ձևավորման ժամանակ:
Բայց թերևս ամենահիմնական ազդակը եղավ ԵՄ-ի հետ համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ մշակելու և ընդունելու խոստումը: Պատահական չէր, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին տվեցին հենց դեկտեմբերի 7-ին, այսինքն` հանրաքվեի հենց հաջորդ օրը, որով, ըստ էության, փակվեց ԵՄ-ի կողմից հանրաքվեի հարցում կոշտ դիրքորոշում դրսևորելու «պատուհանը»:
Այս իրողությունները ստիպել են Արևմուտքին նախապատվությունը տալ Հայաստանում ներքին ստատուս քվոյի պահպանմանը, որը նաև տեղավորվում է աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում անկայունության նոր օջախներ չստեղծելու` թե\' ԱՄՆ-ի և թե\' ԵՄ-ի ընդգծված քաղաքական ուղեգծում: Արևմուտքը, փաստորեն, նոր նշաձող է սահմանում` Հայաստանի իշխանության նկատմամբ դիրքավորվելու առումով: Այդ նշաձողերն են՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական կոնսենսուսով Ընտրական օրենսգրքի մշակումը, ԵՄ-ի հետ շրջանակային փաստաթղթի ստորագրումն ու Հայաստանի կողմից հստակ հանձնառությունների ստանձնումը, ԱՄՆ-ի մասով՝ կոռուպիցիայի դեմ պայքարի հանձնառության լրջությունը, որը, կարծես, դարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գործունեության հիմնական առաջնահերթությունը կամ լեյտմոտիվը:
Գևորգ Դարբինյան