կարևոր
3319 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-28 20:47
Արցախ Քաղաքական

Քանի դեռ Ադրբեջանը չի պատժվում, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում․ Արցախի ՄԻՊ

Քանի դեռ Ադրբեջանը չի պատժվում, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում․ Արցախի ՄԻՊ

Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր եւ ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսեւորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց եւ տեխնիկան, ինչպես նաեւ բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը:

«Սեփական հանցավոր քաղաքականությունն առաջ մղելու համար տեղեկատվական հող նախապատրաստելու նպատակով ադրբեջանական կողմը պարբերաբար տարածում է կեղծ տեղեկատվություն Արցախի ՊԲ կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Ասվածը անտարակուսելիորեն ապացուցվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ երկու օր առաջ արած հետեւյալ հայտարարությամբ․ «Եթե նրանք ինչ-ինչ սադրանքների ու հակաիրավական գործողությունների դիմեն, ապա այդ անօրինական զինված կազմավորումների հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով»։

Այսինքն՝ հրադադարի խախտման մեջ պարբերաբար մեղադրելով հայկական կողմին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել սեփական նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի խախտումները, մոլորեցնել միջազգային դերակատարներին եւ պնդել Արցախի զինված ուժերի ապառազմականացման անօրինական եւ չհիմնավորված պահանջը։

Արցախի Հանրապետության Մարտունու եւ Մարտակերտի շրջանների ուղղությամբ 2023 թ․ հունիսի 28-ի ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետեւանքով զոհվել են Արմո Աբգարյանը (1969 թ/ծ, ԱՀ Մարտունու շրջան, գյուղ Գիշի), Գագիկ Բալայանը (1987 թ/ծ, ԱՀ Մարտունու շրջան, գյուղ Գիշի), Սամվել Թորոսյանը (2003 թ/ծ, ԱՀ ք․ Ստեփանակերտ), Երվանդ Թադեւոսյանը (2003 թ/ծ, ԱՀ Քաշաթաղի շրջան), վիրավորում ստացած զինծառայողներ չկան։

Վերոնշյալ բոլոր անձինք զոհվել են ՊԲ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում՝ Ադրբեջանական զինված ուժերի կողմից հեռահար հրետանային միջոցների եւ ԱԹՍ֊ի կիրառման հետեւանքով։

Ադրբեջանական այսօրվա ռազմական հարձակման հետեւանքով զոհված չորս անձինք ոչ միայն իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանն Ադրբեջանի շարունակական ռազմական ագրեսիայից պաշտպանող անձինք են, այլեւ մարդիկ, որոնք ունեին ընտանիքներ եւ առօրյա կյանք։ Նրանցից երկուսը՝ 54-ամյա Արմո Աբգարյանը եւ 36-ամյա Գագիկ Բալայանը, կամավորներ էին Արցախի Գիշի համայնքից, որոնց հիմնական գործունեությունը գյուղատնտեսությունն էր։ Արմոն ուներ չորս երեխա, որից երկուսը անչափահաս, իսկ Գագիկը՝ չորս անչափահաս երեխա։ Ադրբեջանական հանցավոր ռեժիմը պատասխանատու է 2020 թվականի պատերազմի աղետալի հետեւանքների դեմ դեռեւս պայքարող արցախցիների այս բոլոր անմարդկային տառապանքների եւ զրկանքների համար։

Հատկանշական է, որ նույնիսկ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը եւ միջազգային տարբեր դերակատարների կողմից Արցախում առկա իրավիճակի նկատմամբ ուշադրությունը չեն զսպում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որը շարունակում է գործել լիակատար անպատժելիության զգացումով։

Ադրբեջանը, խաղաղության մասին խոսելով, մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ միեւնույն ժամանակ ուժի եւ ուժի սպառնալիքի բացահայտ կիրառման ներքո առաջարկելով կա՛մ բռնի հպատակեցում, կա՛մ վտարում սեփական հայրենիքից:

Քանի դեռ միջազգային ԲՈԼՈՐ դերակատաների կողմից Ադրբեջանը չի պատժվում իր հանցավոր գործողությունների եւ Արցախի ժողովրդի կյանքի եւ այլ հիմնարար իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, խաղաղ գործընթացը օգտագործելու է որպես քողարկում Արցախի էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականության համար»,- նշվում է հայտարարության մեջ: