Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱՀԻ» ՀԿ-ն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին գրանցել էր 728 դիտորդ, որոնցից ՏԸՀ-ում և ԸԸՀ-ում մշտապես ներկա էին գտնվել 508-ը, իսկ մնացած դիտորդները ընդգրկված են եղել շրջիկ խմբերում, ինչպես նաև փոխարինել են մյուս դիտորդներին ընտրատեղամասերում` ըստ նախօրոք կազմված գրաֆիկի:
«ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդները հիմնականում տեղակայված են եղել Երևան քաղաքի ընտրատեղամասերում, ինչպես նաև ՀՀ չորս մարզերում և մարզկենտրոններում:
Կազմակերպության դիտորդների կողմից դիտարկվել են ընտրատեղամասերում առկա մթնոլորտը, ընտրական հանձնաժողովի աշխատաոճը, ընտրական ընթացակարգերի պահպանումը, քվեարկության և ձայների հաշվարկի օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացումը ինչպես նաև ազատ կամաարտահայտության իրավունքի պահպանումը: «ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդների շրջիկ խմբերի կողմից դիտարկվել է նաև ընտրատեղամասերի հարակից տարածքներում տիրող իրավիճակը:
«ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդների կողմից սահմանափակ թվով ընտրատեղամասերում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնք վկայում են, որ դեռ ամբողջությամբ չի արմատավորվել ընտրական բարձր մշակույթը և անթերի աշխատաոճը: Մտահոգիչ երևույթներից էին ընտրական ընթացակարգերի որոշակի` հիմնականում տեխնիկական բնույթի խախտումները:
Այս ամենով հանդերձ` հարկ է նշել, որ արձանագրված թերությունները համատարած բնույթ չեն կրել: Դիտարկված տեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացները ճնշող մեծամասնությամբ անցել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, հիմնականում` զուսպ և հավասարակշռված մթնոլորտում: Ինչպես նաև դիտարկված ընտրատեղամասերում հասարակական կարգի խախտման, ընտրողների կամքի վրա ներազդելու ակնառու դեպքեր չեն արձանագրվել:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով իրականացրած դիտորդական առաքելության արդյունքներն ու գնահատականները` «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն հայտարարում է՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցել է ԵԱՀԿ և Եվրախորհրդի նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների ու ժողովրդավարական քվեարկությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան` ազատ, արդար և թափանցիկ: Մեր կողմից չեն արձանագրվել խախտումների այնպիսի դեպքեր, որոնք կարող էին ազդել կամ կանխորոշել քվեարկության, ձայների հաշվարկի և ընդհանուր առմամբ հանրաքվեի արդյունքների վրա:
Սահմանադրական փոփոխությունների թե կողմնակիցները և թե դեմ արտահայտվողները ակտիվ քարոզարշավ էին ծավալում: Հնարավորություն են ունեցել հանրությանը անարգել ներկայացնելու իրենց տեսակետները: Իշխանությունները ջանքեր են գործադրել քարոզարշավի համար անարգել մթնոլորտ ապահովելու համար: Հանրահավաքների, միավորումների և արտահայտման ազատությունը ճնշող մեծամասնությամբ հարգվել է: Պաշտոնական քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ը մեծամասամբ արդարացի վերաբերմունք են դրսևորել կողմերի նկատմամբ:
Ազատ հասարակության ինստիտուտ