Միասին կարող ենք
կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-13 17:37
Քաղաքական

Հասարակության առաջ դրված ընտրությունը պետք է կառուցված լինի ոչ թե վախի, այլ արժանապատիվ և արդար քաղաքականության վրա

Հասարակության առաջ դրված ընտրությունը պետք է կառուցված լինի ոչ թե վախի, այլ արժանապատիվ և արդար քաղաքականության վրա

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների խոսույթում ձևավորվում է մի պարզ ուղերձ․ եթե հասարակությունը վերադառնա ազգային պահանջների և Արցախի հարցի բարձրաձայնմանը, ապա Հայաստանը նորից կհայտնվի պատերազմի վտանգի առաջ։ Այսօր կրկին Փաշինյանը հստակ խոսեց, որ Ղարաբաղյան շարժման շարունակությունը՝ պատերազմ է։

Այս մոտեցումը ակնհայտ օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ հատկապես ընտրությունների նախաշեմին։ Հասարակությանը ներկայացվում է ընտրություն՝ կամ ընդունել իշխանության առաջարկած օրակարգը, կամ կանգնել պատերազմի վտանգի առաջ։ Այս կերպ քաղաքական դաշտը սահմանափակվում է երկու ծայրահեղությունների միջև, որտեղ քաղաքացին ստիպված է ընտրել «վատից՝ քիչ վատը»։

Արցախյան շարժումը, որը 1988 թվականին ծնվեց ժողովրդի կամքով և ինքնորոշման պահանջով, այսօր ներկայացվում է որպես պատերազմի պատճառ կամ վտանգավոր ուղի։ Սակայն պատմական իրականությունը ցույց է տալիս, որ այդ շարժումը եղել է ժողովրդի իրավունքների և ազատության ձգտման արտահայտությունը։ Այն չէր ծնվել պատերազմի ցանկությունից, այլ՝ արդարության պահանջից։

Պատերազմի վախով հասարակությանը կառավարելու փորձերը նոր երևույթ չեն քաղաքականության մեջ։ Երբ իշխանությունը փորձում է հասարակությանը կանգնեցնել վախի առաջ, դա հաճախ նշանակում է, որ իրական քաղաքական քննարկումը փոխարինվում է զգացմունքային ճնշմամբ։

Այսօր ևս հասարակությունը կանգնած է նման իրավիճակի առաջ։ Մի կողմից ներկայացվում է իշխանության խաղաղության օրակարգը, մյուս կողմից մշտապես հիշեցվում է պատերազմի վտանգը՝ որպես հակառակ ընտրության հետևանք։ Սակայն իրական քաղաքական ընտրությունը չպետք է սահմանափակվի միայն վախի և պարտադրանքի շրջանակում։

Արցախյան հարցը, անկախ իշխանությունների հայտարարություններից, շարունակում է մնալ ազգային և քաղաքական կարևոր հիմնախնդիր։ Այն չի կարող փակվել միայն քաղաքական հայտարարություններով, ինչպես նաև չի կարող օգտագործվել հասարակությանը վախեցնելու կամ ընտրությունների ժամանակ ընտրություն պարտադրելու համար։

Վախը չի կարող լինել պետական քաղաքականության հիմքը։ Իսկ հասարակության առաջ դրված ընտրությունը պետք է կառուցված լինի ոչ թե վախի, պատերազմի սպառնալիքի, այլ արժանապատիվ և արդար քաղաքականության վրա։ Ինչի հետ այս իշխանություններն առերեսվելու համարձակություն չունի։

 

Ապառաժ

Խմբագրական, 13 մարտ, 2026թ․