Փոխարժեքներ
02 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Առավոտ էր, Ազատության հրապարակի լուսապայծառ առավոտներից մեկը: Շուրջբոլորը տարածված էր ծաղիկների բույրը... վարդերի՝ սպիտակ վարդերի: Դրանք ուրիշ հոտ ունեն, ուրիշ նշանակություն: Բայց չէր երեւում մարդը. տղերքը տուն էին գնացել, չնայած հեղափոխությունը սկսվել է, նրանք էլ հեղափոխականներն են:
Բայց հեղափոխությունը տանը հանգիստ քնածները չեն անում, այլ անքունները եւ սովածները: Մեր հեղափոխականները հեղափոխության հետ կապ չունեն, ավելին` չգիտեն, թե ինչ է հեղափոխությունը, հակառակ պարագայում չէին ասի, թե այն սկսվել է: Եկեք անկեղծ լինենք, տղե\'րք, ոչինչ էլ չի սկսվել, համենայն դեպս, դուք ոչինչ էլ չեք սկսել:
Որպեսզի ինչ-որ բան սկսվի, պետք է դա նոր բան լինի, իսկ դուք ի՞նչն եք նոր անում` հանրահավա՞քը, նստացո՞ւյցը, ե՞րթը, ՀՀԿ-ին ռեժիմ անվանե՞լը, թե՞ այդ կուսակցության բակում հավաքվելն ու բղավելը, իրար հրելը, ոստիկանության պատը ջարդելը: Ի՞նչն եք նոր անում, եւ արդյոք դուք նո՞ր եք, բոլորդ` Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով, ի դեպ, հրապարակում առաջարկեց հրաժարվել քաղաքական մումիաներից: Հմայակը, հասկանո՞ւմ եք, Հովհաննիսյան Հմայակը` մումիաներից…
Ու լրիվ հասկանալի է, թե ինչու եք ձեզ կոչում հենց «Նոր Հայաստան», որովհետեւ հասկանում եք, որ եթե դուք ինքներդ ձեզ այդպես չկոչեք, ոչ ոք ձեզ այդպես չի ընկալելու, գոնե կոչեք, որ ձեզ այդպես դիմեն, պաշտոնապես, ոչ` ըստ էության, պաշտոնապես: Կամ ի՞նչ նոր Հայաստան, երբ դրա «ազատամարտիկներից» ամենածաղկասերը տարվա կեսը Ամերիկայում է: Ի դեպ, ինչո՞ւ է գնում, սա հենց այնպես հարց չէ, տղե\'րք, սա լուրջ հարց է, հենց ձեզ համար` լուրջ: Ասում է` անձնական գործերով, նաեւ ասում է, որ Սերժ Սարգսյանն իրենից գողացել է իր ձայները, այսինքն` որ նախագահն ինքն է:
Հիմա, փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը ձայները չգողանար, եւ նա լիներ Սերժ Սարգսյան, պիտի մեր նախագահը անձնական գործերով տարին վեց ամիս Ամերիկա՞ գնար: Դա ի՞նչ անձնական գործեր են, անձնակա՞ն գործեր են: Սպիտակ վարդերն է՞լ են անձնական գործ, սեփական կուսակցությունը պահել չկարողանալն է՞լ է անձնական գործ, երկու էջանոց անհասկանալի ելույթ ունենալն է՞լ է անձնական գործ, ժողովրդի հետ երդվելն ու ժողովրդին թողնելն է՞լ է անձնական գործ, եւ վերջապես, անձնական գո՞րծ է մի քանի տասնյակ մարդու հրապարակում գիշերը, ցրտին թողնելը եւ անձնական գործերով տուն գնալը:
Գուցե հեղափոխությունն է՞լ է անձնական գործ, դե ուրեմն` ինչո՞ւ եք ժողովրդին խառնում ձեր անձնական գործերին, ժողովուրդն ինքն իր անձնական գործերն ունի եւ հրաշալի հասկանում է, թե երբ եւ ում են ծաղիկ նվիրում, ի՞նչ է նշանակում, երբ հենց սպիտակ վարդեր են նվիրում, երբ արժի, երբ չարժի աղոթել, երբ է կարելի հրապարակ գնալ, երբ է կարելի այնտեղից տուն դառնալ…
Ժողովուրդը բոլորիդ էլ լավ գիտի, իշխանությանն էլ լավ գիտի, Օսիպյանի հնարավորություններն էլ, հեղափոխություն անել էլ: Բայց քանի որ անձնական բազմաթիվ գործեր ունի, իսկ ավելի շատ` հոգսեր, դուք են անում: Ամեն:
Հովիկ Աֆյան