կարևոր
424 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-01 23:53
Աշխարհ

Կայացել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կայացել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկկողմ հանդիպում են անցկացրել չինական Տյանցզինում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում՝ քննարկելով միջազգային օրակարգի տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ հարցը: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր:

Հանդիպումը տևել է 2 ժամ։ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը կնպաստի Թեհրանի և Մոսկվայի կապերի ամրապնդմանը:

«Ես լիովին կիսում եմ ձեր կարծիքն այն մասին, որ մեր հիմնական պայմանագրի ուժի մեջ մտնելը կօգնի երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, ինչպես նաև բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների ընդլայնմանը։ Այդ փաստաթուղթը վերջերս է վավերացվել Իրանի խորհրդարանում»,- նշել է Իրանի նախագահը։

Հանդիպման ընթացքում նա նաև խոստացել է, որ անձամբ կներդնի բոլոր ջանքերը Մոսկվայի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար:

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է որ հունվարին ստորագրված նորացված միջպետական պայմանագիրը նոր մակարդակի է բարձրացրել երկու երկրների հարաբերությունները: 2024 թվականի արդյունքներով փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 13%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այն աճել է ևս 11,4%-ով։ Բացի այդ, հինգ տարվա ընթացքում ՌԴ-ում սովորող իրանցի ուսանողների թիվը եռապատկվել է և կազմել 9,1 հազար մարդ: