Փոխարժեքներ
02 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մտահոգություն և տագնապ է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի ցեղասպանության սպառնալիքի առնչությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» հռչակման ֆոնին։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված համատեղ հռչակագրի ներկայիս լրատվամիջոցների լուսաբանումը և դիվանագիտական ընդունելությունը խաղաղության վաղաժամ տոնակատարություն է, մինչդեռ Ադրբեջանի վերջին զանգվածային հանցագործությունները և շարունակական ագրեսիան անպատասխան են մնում։ Իրականում, հայտարարված համաձայնագիրը կարող է հեշտությամբ նոր պատերազմի և ավերածությունների հանգեցնել և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ցեղասպանական գործողությունների համար պայմաններ ստեղծել»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ։
Ինստիտուտը հիշեցնում է, որ Ադրբեջանը 2020-2023 թվականներին ցեղասպանություն է իրականացրել արցախահայերի նկատմամբ՝ օգտագործելով սպանություններ, կյանքից զրկումներ, շրջափակում, սով, հարկադիր տեղահանում և մշակութային ժառանգության ոչնչացում, և նրա գործողություններն աջակցել են Թուրքիան և Իսրայելը։
«Օգոստոսի 8-ի համաձայնագիրը չի անդրադառնում Ադրբեջանում նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական ցեղասպան բնույթին, հայկական տարածքների օկուպացիային, հայկական մշակութային ժառանգության ճակատագրին, Արցախի Հանրապետության կարգավիճակին, Արցախից ներքին տեղահանված անձանց իրավունքներին, հայ ռազմագերիների և ադրբեջանական բանտերում պահվող Արցախի նախկին քաղաքական առաջնորդների ճակատագրին կամ անցյալում մարդու իրավունքների խախտումների հետաքննության մեխանիզմներին։
Իրականում, վերջին կետերի վերաբերյալ համատեղ հռչակագիրն ուղղակիորեն խաթարում է անցյալում խախտումների հետաքննության ջանքերը՝ ստիպելով Հայաստանին հրաժարվել միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ընթացող գործերից… Այս իրավական գործընթացները կարևոր են տարածաշրջանում խաղաղության համար։ Այս պահին դրանք միակ իրավական մեխանիզմն են, որը կարող է հաստատել ճշմարտությունն ու երկու կողմերի պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ տևած պատերազմի և լարվածության համար։ Հայաստանը, որպես ադրբեջանական ագրեսիայի և ատելության զոհ, շատ ավելի ուժեղ իրավական դիրքում է։ Ահա թե ինչու Ադրբեջանը ձգտում էր ապահովել, որ այս գործերը դադարեցվեն «խաղաղության» համաձայնագրի շրջանակում»,- ասված է հետազոտության մեջ։
Լեմկինի ինստիտուտի փորձագետները ենթադրում են, որ Ադրբեջանի համար խաղաղության համաձայնագիրը գործիք է ծառայում՝ էքսպանսիոնիստական և հակահայկական օրակարգն առաջ մղելու համար, և բնավ հաշտեցման իրական ուղի չէ։ Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը ձգտելով՝ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել և օրինականացնել Արցախում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքները։ Հայաստանին ստիպելով խնդրել Մինսկի խմբի լուծարումը, Ադրբեջանը վերացնում է արցախահայերի իրավունքները ճանաչող միակ դիվանագիտական մեխանիզմը։
«Բացի դրանից, պահանջելով «Ազատ աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման չեղարկում, որը նախկինում արգելափակում էր մարդու իրավունքների խախտող Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, Ադրբեջանը ապահովել է ամերիկյան ուղղակի օգնության, ներառյալ՝ ռազմական օգնության հոսքը։ 907-րդ ուղղման կասեցումը Ադրբեջանի համար նշանակալի փիառ հաղթանակ է, քանի որ այն վերացնում է նրա՝ որպես մարդու իրավունքների խախտող կարգավիճակի մի քանի նշաններից մեկը»,- նշում է ինստիտուտը։
Ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանն արդեն իսկ ցույց է տվել իր մտադրությունը՝ օգտագործել համաձայնագիրը հայկական պետությունը թուլացնելու և նրա ինքնիշխանությունը խաթարելու համար։ Ալիևը պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը՝ պնդելով, որ նախաբանը տարածքային պահանջներ է պարունակում Արցախի նկատմամբ, որը նա համարում է Ադրբեջանի մաս, չնայած մինչև 2023 թվականը Բաքուն երբեք ուղղակիորեն չի կառավարել տարածաշրջանը։
«Հաշվի առնելով, որ Ալիևը պահանջներ է ներկայացնում, Հայաստանը կարող էր նույնն անել։ Հայաստանը, չնայած ռազմական, տնտեսական և աշխարհաքաղաքական ուժի առումով ավելի թույլ կողմ է, տիրապետում է այն հողին, որով անցնելու է նախատեսված առևտրային միջանցքը։ Հայաստանը երկկողմ համաձայնագիր է ստորագրել Թրամփի վարչակազմի հետ, և Միացյալ Նահանգները կշահի այս միջանցքից։ Հայաստանը կարող է հրապարակայնորեն ներկայացնել իր պահանջները՝ հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ վերադարձը, 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը, հայերի վերադարձը Արցախ, մշակութային ժառանգության և ավերված պատմական վայրերի պաշտպանությունն ու վերականգնումը։ Այդ հարցերի անտեսումը խաթարում է Հայաստանի անվտանգությունը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը»,- կարծում են ինստիտուտում։
Նշվում է նաև, որ ազգային անվտանգության հարցերը անտեսելուց զատ, համաձայնագիրը վերացնում է երրորդ կողմերի ներկայությունն ընդհանուր սահմանների երկայնքով, ինչը կթուլացնի Հայաստանի դիրքերը և օգուտներ կբերի Ադրբեջանին։ Դա վերաբերում է Իրանի հետ սահմանին տեղակայված ռուսական ուժերին և Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ԵՄ առաքելությանը։
Ինստիտուտում կարծում են, որ Հայաստանի անվտանգության արմատական վերակողմնորոշումը դեպի Միացյալ Նահանգներ լրացուցիչ ռիսկեր է ստեղծում: Համաձայնագիրը սպառնում է Ռուսաստանի և Իրանի շահերին, որոնք կարևոր են Հայաստանի անվտանգության համար։
«Միացյալ Նահանգները տնտեսապես և ռազմավարական առումով հետաքրքրված է «Զանգեզուրի միջանցքով», որը կվերանվանվի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ» (TRIPP): Միացյալ Նահանգները մենաշնորհ կստանա դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիայի ռեսուրսների միջանցքի զարգացման հարցում, ինչը նրան հնարավորություն կտա մարտահրավեր նետել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությանը»,- համարում են Ինստիտուտում՝ հավելելով, որ պարզ չէ, թե Թրամփի վարչակազմը որքանով է հասկանում Ադրբեջանից սպառնացող վտանգները։
Լեմկինի ինստիտուտը նախագահ Թրամփին կոչ է անում դիվանագիտության միջոցով Ալիևին ստիպել կոնկրետ քայլեր ձեռնարկել հայերի և Հայաստանի իրավունքները հարգելու համար: Կարևոր քայլ է բոլոր հայ բանտարկյալների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Այլ միջոցառումներից են Ադրբեջանի հակահայկական կրթական համակարգի բարեփոխումը, ցեղասպանական հռետորաբանության արգելումը, «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունից հրաժարումը և Արցախի ապագայի շուրջ բանակցությունները՝ 3000-ամյա հայկական ներկայության ճանաչմամբ։
«Ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը ԱՄՆ դիվանագիտական շրջանակի միջոցով Ադրբեջանի ցեղասպանական նպատակների զոռով պարտադրանքի է նման։ Լեմկինի ինստիտուտը կասկածում է, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը լիովին ընկալում է Ալիևի ռեժիմի ցեղասպանական բնույթը։
Պատմությունը զգուշացնում է հանուն կարճաժամկետ շահույթի բռնապետերին հանդարտեցնելու ռիսկերի մասին։ Ամենաակնառու օրինակը 1930-ականներին նացիստական Գերմանիայի հանդարտեցումն է, այդ թվում՝ 1938 թվականի Մյունխենի համաձայնագիրը, որը չկանխեց պատերազմը, այլ ընդհակառակը, սրեց ագրեսիան»,- ասված է զեկույցում։