կարևոր
1048 դիտում, 4 ժամ առաջ - 2025-09-01 18:07
Քաղաքական

Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է՝ խաղաղության պայմանագիրը վտանգում է ՀՀ-ի ինքնիշխանությունը

Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է՝ խաղաղության պայմանագիրը վտանգում է ՀՀ-ի ինքնիշխանությունը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է, որ Սպիտակ տանը նախաստորագրված Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագիրը վաղաժամ է ներկայացվում որպես առաջընթաց։ Ինստիտուտի գնահատմամբ՝ այն սպառնում է ամրապնդել Ադրբեջանի նվաճողական օրակարգը և ճանապարհ հարթել նոր ցեղասպանական գործողությունների համար։

Օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համատեղ հռչակագիրը և նախաստորագրված պայմանագիրը խոստանում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանի սահմանազատում և առևտրային ուղիների բացում, այդ թվում՝ «Թրամփի ճանապարհի» միջոցով։ Սակայն Ինստիտուտը պնդում է, որ սա խաղաղության վաղաժամ տոնակատարություն է, մինչդեռ Ադրբեջանի վերջին հանցագործությունները և ռազմատենչությունը մնում են անպատասխան։ Առանց Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող մեխանիզմների՝ այս գործարքը կարող է ճանապարհ բացել նոր պատերազմի։

Մեծ մտահոգություն է նաև Հայաստանի հնարավոր համաձայնությունը՝ հրաժարվելու միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ գործերից, որոնք, ըստ Ինստիտուտի, միակ իրավական մեխանիզմներն են ճշմարտությունն ու հաշվետվությունը ապահովելու համար։ Հրաժարումը կնշանակի արդարության մերժում Արցախի ավելի քան 100,000 տեղահանվածների համար։

Լեմկինի ինստիտուտը դատապարտում է նաև Ադրբեջանի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ դա համարելով միջամտություն ներքին գործերին։ Ինստիտուտը կնքված պայմանագիրը համեմատում է 1938-ի Մյունխենի գործարքի հետ՝ այն անվանելով խաղաղեցում «ցեղասպանական բռնապետության հանդեպ»։

Հայտարարությունում հիշեցվում են Ալիևի հայատյաց հայտարարությունները, գերիների շարունակվող բանտարկությունը և հրադադարի խախտումները։ Ինստիտուտը հորդորում է ԱՄՆ-ին՝ պահանջել Ադրբեջանի կողմից կոնկրետ քայլեր՝ գերիների ազատում, հակահայ կրթության ու հռետորաբանության վերացում, «Արևմտյան Ադրբեջանի» դոկտրինի չեղարկում և Արցախի ապագայի շուրջ իրական բանակցություններ։

Առանց այս երաշխիքների, ըստ Ինստիտուտի, ներկայիս «խաղաղության գործընթացը» կխորացնի անպատժելիությունը։ «Իսկական խաղաղությունը պահանջում է արդարություն, հաշվետվություն և ինքնության պաշտպանություն, այլապես վտանգված է Հայաստանի գոյությունը»,- ասվում է հայտարարությունում։