կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 11:41
Հասարակություն

Ինչո՞ւ է նեղացել Աշոտյանը

Ինչո՞ւ է նեղացել Աշոտյանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ անդրադարձել էր Երևանի թիվ 16 հատուկ դպրոցին` նշելով, որ այնտեղ, մեղմ ասած, պայմաններն այնքան էլ «կրթական» չեն: Դպրոցում, մասնավորապես, վթարված է տանիքը, առաստաղների եւ պատերի վրա կան ճեղքեր‚ շատ պատուհաններ չունեն ապակիներ‚ վնասված է մանրահատակը: «Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված հաստատության մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են լուսավորումից‚ քանի որ չկան էլեկտրական լամպեր: Բացի այդ` առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր‚ որոնք վտանգավոր են 6-16 տարեկան երեխաների կյանքի եւ առողջության համար: Մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին: Երեխաների մի մասը գիշերում է հաստատությունում‚ եւ նման պարագայում խնդրահարույց է‚ որ դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ»,- ասվում է ՄԻ պաշտպանի հաղորդագրության մեջ:

ԿԳ նախարար Աշոտյանն այդ կապակցությամբ խիստ վիրավորվել է օմբուդսմենից և որոշել «երեսով տալ», թե ինչ լավություն է արել Անդրեասյանին ժամանակին` օգնելով դառնալ «հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն»: ՄԻ պաշտպանի բախտը բերել է, որ Աշոտյանն օգնել է նրան, հավանաբար` փոխանցել իր փորձը «Էլեկտրիկ Երևան»-ի պայքարից ու հեռուստահաղորդավար դառնալուց հետո:

ԿԳ նախարարն ուշագրավ մի հայտարարություն է անում. «Եթե օմբուդսմենն իր համար նոր է բացահայտում, որ հանրապետությունում առկա են կարիքավոր դպրոցներ, ապա ցավում եմ դրա համար, քանի որ, ՀՀ քաղաքացի լինելով, նա պարտավոր էր դրա մասին իմանալ ի սկզբանե»: Աշոտյանն, ըստ էության, անում է ամեն ինչ` բարձրացված խնդրից ուշադրությունը շեղելու համար, և պատասխանում է ոչ թե ահազանգին, այլ ՀՀ քաղաքացիներին պարզապես հիշեցնում իրենց պարտավորությունների մասին: Խնդիրն այն է, որ Աշոտյանն ահազանգում է` ՀՀ նոր Սահմանադրության մեջ պետք է ավելացնել մի կարևոր դրույթ. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է իմանալ, որ հանրապետությունում առկա են կարիքավոր դպրոցներ»: Ի դեպ, դրույթում պետք է ավելացնել մի կետ` որպես ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ. «Օրենքը չի կիրառվում ՀՀ ԿԳ նախարարի վրա»:

Ու քանի որ Աշոտյանը հիմա հեռուստատեսային դեմք է և մանրամասնորեն տիրապետում է բոլոր հնարքներին, ՄԻ պաշտպանին «սերիալի» թեմա է առաջարկում: Աշոտյանն օրեցօր հանրությանը ցույց է տալիս իր հնարավորությունների լայն շրջանակը, նրա` երգերի բառերի հեղինակ, հաղորդավար լինելը դեռ չմարսած` հիմա էլ պետք է կինոռեժիսորի ունակությունների՞ն ականատես լինենք:

Թե ինչո՞ւ է ԿԳ նախարարն այսքան վիրավորվել, պարզ չէ: Պարզ չէ նաև` որպես ԿԳ նախարա՞ր, թե՞ որպես ՀՀ քաղաքացի է պատասխանել ահազանգին, քանի որ ԿԳ նախարարը պետք է որ կրթության ոլորտին առնչվող խնդրի մասին խոսեր միայն այդ ոլորտի շրջանակներում, այլ ոչ թե` վաղ անցյալից ու անձնական հարաբերություններից սահուն անցում կատարեր դեպի գեղարվեստական-քնարական ժանրը:

Ինչևէ, հուսանք` դպրոցի խնդիրը կլուծվի: