Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սրտնեղել է, թե Թուրքիան ռուսական ռազմական ռմբակոծիչը ոչնչացնելու համար բարձրագույն մակարդակով ՌԴ-ից ներողություն չի խնդրել, ոչ էլ հասցված վնասը փոխհատուցելու, հանցագործներին պատժելու առաջարկ է արել:
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում Չավուշօղլուն բավարարվել է` ընդամենը ափսոսանք հայտնելով:
Խոսելով Անկարայի` ներողություն խնդրելու մասին` Պուտինը, փաստորեն, ի սկզբանե ակնարկել է, որ Ռուսաստանը պատրաստ է մոռանալ ինքնաթիռի խոցմամբ իրեն «թիկունքից հասցված հարվածը» և հարաբերություններն աստիճանաբար վերադարձնել նախկինին մոտ վիճակի: Դա պայմանավորված է նրանով, որ իրականում Ռուսաստանը Թուրքիայի հետ առճակատման գնալու համարձակություն չուն, գուցե նաև` հարաբերությունների ամբողջական դադարեցման: Թե ինչո՞ւ, առանձին քննարկման հարց է: Սակայն, որ Մոսկվան դրան չի գնալու, ակնհայտ է դառնում արդեն երրորդ օրը Կրեմլից հնչող ուղերձներից ու Մոսկվայի առավել քան զգուշավոր քայլերից:
Սու-24-ի կործանման օրը ՌԴ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպման ժամանակ ընդամենը նշեց Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շատ հստակ հայտարարեց, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ պատերազմի մեջ չի մտնի: Չնայած ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին խիստ զգուշացումներ փոխանցելուն` Մոսկվան խուսափեց անգամ նման իրավիճակներում ամենաշատը կիրառվող դիվանագիտական քայլից` ոչ բարեկամական քայլ կատարած երկրից, տվյալ դեպքում` Թուրքիայից, իր դեսպանին ժամանակավորապես ետ կանչելուց: Թուրքիայի հետ տնտեսական մանր ու խոշոր որևէ գործարքի, որևէ նախագծի սառեցման մասին Մոսկվայից անգամ ակնարկ չեն անում:
Սա հստակ ցույց է տալիս, որ Մոսկվան որդեգրել է Թուրքիային, գոնե նախնական շրջանում, ոչ ուղղակի քաղաքական ու տնտեսական «հարվածներով» պատասխանելու մարտավարություն: Այդ շարքից էին Թուրքիայից թռչնամսի ներկրման արգելումը, ռազմական ոլորտում համագործակցության որոշ ծրագրերի դադարեցումը, արտգործնախարար Լավրովի` Անկարա կատարելիք այցի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին կայանալիք ռուս-թուրքական հասարակական ֆորումը չեղարկումը, ռուսական կործանիչի խոցմանն ի պատասխան, Թուրքիայի հանդեպ տնտեսական և մարդասիրական միջոցառումների համալիր մշակելու` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տված հրահանգը: Իսկ «ամենալուրջ» քայլը, որը կատարեց Մոսկվան, Պետդումայում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծ շրջանառության մեջ դնելն էր:
Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության կողմից արված այդ քայլն, իհարկե, ողջունելի է, հայկական հետաքրքրությունների տեսանկյունից, բայց այն ավելին չէ, քան Ցեղասպանության հարցը ռուս-թուրքական քաղաքական հարաբերություններում շանտաժի միջոց և մանրադրամ դարձնելը: Ընդ որում` որևէ երաշխիք չկա, որ այն կընդունվի: Որովհետև, ըստ էության, այդ նախաձեռնությունը կոչված է Թուրքիային «զղջման» դրդելուն, քան պատմական փաստն անվերահորեն արձանագրելուն և մարդկության առջև իր պարտքը կատարելուն: Պարզ է, որ եթե Անկարան կատարի Մոսկվայի պահանջը կամ խնդրանքը, այդ նախաձեռնության մասին Դումայում շատ արագ կմոռանան այնպես, ինչպես չէին հիշում մինչ այդ:
Ինչևէ, Էրդողանից «ներողություն» բառը քաշելու` Պուտինի հայտարարությունն իրականում մատնում է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի փակուղայնությունը, դեմքը փրկելու ցանկությունը: Օբյեկտիվորեն չունենալով Թուրքիային համարժեք պատասխանելու կարողություն` Պուտինն ունի ինքնաթիռի ոչնչացումից հետո թե\' անձամբ իր և թե\' Ռուսաստանի հեղինակությունը փրկելու խնդիր: Նա հասկանում է, որ Էրդողանն այս իրավիճակում ձեռք է բերել թե\' իրեն և թե\' Ռուսաստանին ապտակողի և մարսողի համարում`բարձրացնելով իր հեղինակությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Իսկ եթե Անկարան ներողություն խնդրեր, կնշանակի` Թուրքիան ընդունում է, որ, ռուսական ռմբակոծիչը կործանելով, մեծ սխալ է թույլ տվել, զղջում է դրա համար ու ավելի շատ ինքն է շահագրգռված Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հարցում:
Կրեմլի այդ ակնկալիքները, սակայն, չեն բավարարվելու երկու պատճառով: Նախ` Մեջլիսում ելույթ ունենալիս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հպարտացել է, թե ռուսական Սու-24-ին հարվածելու հրամանն անձամբ ինքն է տվել: Իսկ այսօր էլ նախագահ Էրդողանն է հավելել, որ եթե նորից խախտվի իրենց օդային տարածքը, Անկարան նույն կերպ կվարվի: Այսինքն` այդ քայլի համար Անկարան պատասխանատվություն է վերցրել ամենաբարձր մակարդակով: Իսկ նման դեպքերում ներողություն խնդրելը, այն էլ` թուրքերի պարագայում, միամտություն է:
Երկրորդ` Դավութօղլուն այդ հրամանը տվել էլ բոլորովին ոչ նրա համար, որ հետո ներողություն խնդրի: Այնքանով, որքանով ինքնաթիռի խոցումը սառը և տևական ժամանակում վերլուծված ու հաշվարկված որոշում էր, Անկարան հաշվի է առել նաև դրա հնարավոր հետևանքները: Անկարան «խաղադրույք» է կատարել ատամները կրճտացնելուց ավելին չանելու` Ռուսաստանի կաշկանդվածության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին իր հանդեպ ունեցած պարտավորություններից կախվածության մեջ դնելու վրա: Եվ այդ խաղադրույքն աշխատեց:
Հայաստանի հետաքրքրությունների առումով, իհարկե, այս իրողություններն էական չեն: Էականը երկու այլ կարևոր հանգամանք է: Առաջին` Թուրքիայի հետ լիակատար առճակատման չգնալու Ռուսաստանի որոշումը Հայաստանին փրկում է ռուս-թուրքական ուղղակի բախումների առանցքում հայտնվելու վտանգավոր հեռանկարից: Երկրորդ` ակնհայտ է, որ որքան էլ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերականգնվեն, Անկարայի նկատմամբ Մոսկվայի ունեցած վստահությունը ջարդվել է և, հավանաբար, ոչ կարճ ժամանակով: Իսկ որքան Ռուսաստանը քիչ վստահի Թուրքիային, այնքան լավ Հայաստանի համար:
Գևորգ Դարբինյան