կարևոր
2347 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-05 11:39
Քաղաքական

Բլինքենը պետք է չեղարկեր բանակցությունները, քանի դեռ իր հորդորն Ադրբեջանն արհամարհում է․ «Հրապարակ»

Բլինքենը պետք է չեղարկեր բանակցությունները, քանի դեռ իր հորդորն Ադրբեջանն արհամարհում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ավարտին է մոտենում Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի եւ Բայրամովի գլխավորած պատվիրակությունների քառօրյա բանակցային «մարաթոնը», որի սեղանին, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այն փաստաթուղթն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հեռակա՝ միմյանց փոխանցելով, քննարկել են մի քանի ամիս, չորս փուլով:

Վաշինգտոնում ընթացող բանակցությունները փակ են Հայաստանի հասարակության համար, մենք տեղեկությունների պատառիկներ ենք ստանում օտար աղբյուրներից։ Այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրությունների ու հայտարարությունների տողատակերից փորձագիտական համայնքի մոտ համոզմունք է ձեւավորվել, որ բանակցային սեղանից այլեւս Արցախի հարցը բացակայում է՝ ՀՀ իշխանությունները չեն քննարկում Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի ապագան: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էնթոնի Բլինքենը բաց տեքստով հայտարարեց, որ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարեւոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին: Այսինքն՝ Արցախն ու արցախահայությունը դիտարկվում են բացառապես էթնիկ փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից, ինչը դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ Փաշինյանը վերջնականապես ընդունել է, որ «Արցախն ադրբեջանական է, եւ վերջ», ուստի Արցախի հայությունն էլ դիտարկվում է որպես Ադրբեջանում ապրող «էթնիկ փոքրամասնություն»: 

Հիմա խնդիրը Հայաստանն է ու Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների սակարկումը։ Այս իշխանությունն ամեն ինչ հասցրեց նրան, որ բանակցային սեղանին ոչ թե Արցախի անկախության, այլ, ըստ էության, Հայաստանի գոյության եւ տարածքային ամբողջականության հարցն են սակարկում։

Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, Փաշինյանը գրեթե հաստատեց դա՝ ընդգծելով Ադրբեջանի՝ մեր նկատմամբ ունեցած տարածքային նկրտումները։ Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնում հայտարարված մեկշաբաթյա բանակցային մարաթոնից պարզ է դառնում, որ ի սկզբանե համաձայնեցված դիրքային եւ սկզբունքային զիջումները, որը պաշտոնական Երեւանը կատարել էր մինչ բանակցության մեկնելը, ադրբեջանական կողմին չեն բավարարում՝ անգամ Արցախի հարցից հրաժարումը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը նոր զիջումներ է պահանջում․ «Մինչեւ բանակցություններն Արցախի թեման այլեւս փակ էր, Փաշինյանը դրա մասին բոլոր հնարավոր ձեւերով եւ ակնարկներով ասել է։ Երբ Ազգային ժողովում խոսում էր, որ այլեւս կորցրել ենք փաստացի բոլոր հնարավորությունները, դրանք ակնարկներ էին ոչ միայն ներքին լսարանին, քաղաքական հակառակորդներին, այլեւ միջազգային հանրությանն ուղղված։ Երբ բանակցություններից առաջ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ ենք ամեն գնով եւ յուրաքանչյուր տեսակի փաստաթուղթ ստորագրել, վկայում է այն մասին, որ Փաշինյանին թույլ են տվել մոտենալ բանակցման գործընթացին, քանի որ նա այլեւս շատ եւ շատ բաներ ունի զիջած, դիցուք՝ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները, որոնք ունի Ադրբեջանը։ Կարծում եմ՝ Հայաստանն այս պահանջներին եւս համաձայնություն է այլեւս տվել, մի շարք այլ ենթատեքստեր, դեռեւս մութ համաձայնություններ, որոնք առայժմ չեն գաղտնազերծվում եւ մեզ համար քաղաքական սյուրպրիզ են լինելու»։ 

Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանին նոր զիջումներ են պարտադրվելու, իսկ Ադրբեջանը ոչինչ չի պատրաստվում զիջել, նա միայն «ստանալու» ակնկալիքով է բանակցում։ Այս իրավիճակի մասին է վկայում մեկշաբաթյա բանակցությունների վերաբերյալ հայտարարությունը․ ԱՄՆ-ն փորձելու է ամեն գնով փաստաթուղթ պարտադրել, որպեսզի գործընթացն ի նպաստ իր շահերի օգտագործի։ «Իսկ ԱՄՆ-ի գերակա շահը մեր տարածաշրջանում երկրորդային եւ երրորդային պլան է մղել Ռուսաստանին»,- ասում է Մարտիրոսյանը եւ հավելում․ «Մեզ համար ամենաէականը՝ թե ինչ նոր զիջումների է գնալու Հայաստանը»։

Վաշինգտոնյան քառօրյա բանակցությունների փաստն ինքնին քաղաքագետ Սուրեն Զոլյանին մտահոգիչ եզրահանգումների առիթ է տվել․ «Բանակցություններն ընթանում են այն պայմաններում, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կապիտուլյացիայի ակտն Ադրբեջանի համար այլեւս գոհացուցիչ չէ, եւ ինքը փորձում է հասնել ավելիին։ Ինչին չկարողացավ հասնել պատերազմի հետեւանքով, փորձում է հիմա ստանալ։ Այն պարագայում, երբ այդ չարաբաստիկ փաստաթուղթը գերակատարվել է Հայաստանի կողմից, եւ զիջել են նաեւ ավելին, քան դա էր արձանագրում, նույն Կապանի ճանապարհը, Սեւ լճի տարածքը եւ այլն»։ Իսկ Ալիեւն իր պահանջների մասին բազմիցս է հայտնել՝ տարածքային պահանջներից սկսած, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ վերջացրած․ «Հայաստանը պետք է հայտարարի՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ, որ պետք է էթնիկ փոքրամասնությունների փոխադարձ պաշտպանություն լինի, հավանաբար՝ խոսքը գնում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց անկլավներ, ապրեն, եւ իրենց համար երաշխիքներ պետք է ապահովել եւ այլն։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 29 800 ք/կմ-ն է իր համար կարեւոր, իսկ ո՞վ է բացառում, որ Երեւանի կենտրոնում կարող են լինել անկլավներ կամ այլ վայրերում՝ Քյարքի եւ այլն։ Այսինքն՝ այդ 29 800 ք/կմ-ի մասին հայտարարությունը բոլորովին չի բացառում, որ այստեղ՝ Երեւանի կենտրոնում ստեղծեն անկլավներ կամ վերականգնեն նախկին անկլավները»։

Բացի այդ՝ բանակցությունները, քաղաքագետի խոսքով, ընթանում են այն ժամանակ, երբ խնդիրները կարգավորվում են, ոչ թե կողմերից մեկը ճնշումներ է գործադրում․ «Տվյալ դեպքում Ադրբեջանը ճանապարհին տեղակայել է ուժեր եւ անցակետ, որով ակնհայտորեն խախտում է ստատուս քվոն։ Նման պայմաններում բանակցություններ չէին կարող լինել, եւ Բլինքենը, որ մինչեւ բանակցությունները կոչ էր անում բացել ճանապարհը, հանել անցակետերը, պետք է, որպես բանակցությունների նախապայման, պնդեր իր առաջարկը, չեղարկեր բանակցությունները, քանի դեռ իր հորդորն արհամարհվում է Ադրբեջանի կողմից, մինչդեռ Բլինքենն ընդունեց Բայրամովին եւ սիրալիր խոսքեր շռայլեց, ինչը վկայում է այն մասին, որ կա հատուկ ծրագիր։ ԱՄՆ-ն ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից կամ ստեղծել պայմաններ, որ ՌԴ-ն ներքաշվի եւս մեկ հակամարտության մեջ, տվյալ դեպքում ԱՄՆ-ի կողմից գուցե ցինիկ, բայց իրատեսական հաշվարկ է ընթանում։ Այս պարագայում միամիտ է ակնկալել, որ ԱՄՆ-ն պետք է չեզոքացնի Ադրբեջանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում