կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-24 12:07
Մշակույթ

Կյանքից հեռացել է Վարդուհի Վարդերեսյանը

Կյանքից հեռացել է Վարդուհի Վարդերեսյանը

87 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ու սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

Նա կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի  «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի, «Պաղդասար Աղբար»` Անույշ և այլն: Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում:

Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1958-ից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ, եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից:

1985թ. հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Նա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանի կինն էր։