կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 15:45
Իրավական

Հասկացանք մարդասիրությունը, բա կողմի իրավո՞ւնքը. Վարդուհի Էլբակյան

Հասկացանք մարդասիրությունը, բա կողմի իրավո՞ւնքը. Վարդուհի Էլբակյան

Կենտրոնական կլինիկական հոսպիտալի նախկին պետ, գնդապետ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը պատրաստվում է դիմում բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ զորակոչիկ Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի վերաբերյալ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Էլբակյանը:

 

Ըստ նրա՝ 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով իր պաշտպանյալին հասցեագրված մեղադրանքի պայմաններում Հայկ Խաչատրյանը չպետք է գործով տուժող ճանաչվեր: «Փորձագետների՝ հանրապետության լավագույն մասնագետների տված եզրակացությամբ հաստատվել է, որ այս մարդկանց գործողություններում մահը, որպես պատճառահետևանքային կապ, գոյություն չունի: Որքան էլ ցավալի է, այդ երեխայի հիվանդությունն այնպիսին էր, որ նա պետք է մահանար»,- ասաց նա եւ հավելեց. «Մենք երկու տարի գործ քննեցինք, արդարացման բոլոր հիմքերը դրեցինք, բայց քանի որ իմ պաշտպանյալը ցանկացավ, որ համաներման ակտով կարճվի գործը, մենք նման միջնրդությամբ հանդես եկանք, սակայն ես, որպես փաստաբան, դրան դեմ էի»:

 

Պաշտպանի խոսքով՝ այսօր տուժողի իրավահաջորդի կամայականությունների արդյունքում ամբաստանյալները զրկվել են ազատ տեղաշարժվեու իրավունքից:

 

Yerkir.am-ի դիտարկմանը` արդյոք կարելի՞ է դատավորի՝ տուժողներին դիրքորոշում հայտնելու հնարավորություն ընձեռելը կանխակալ վերաբերմունքի դրսևորում համարել, փաստաբանը պատասխանեց. «Եթե այսպես շարունակվի, ես դատավորին ինքնաբացարկի միջնրդություն կներկայացնեմ, որվհետև դատաքննության սկզբից դատավորն ինքնուրույն որոշում կայացրեց՝ այս գործով տասնչորս վկա հարցաքննել, սակայն իրականում այս գործով վկաներ չկային»:

 

Էլբակյանի խոսքով՝ տուժող կողմը բազմիցս անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ թողնելով և դուրս գալով դահլիճից: «Իմ կարծիքով` դատարանը նրանց նկատմամբ պետք է սանկցիա կիրառի: Հասկացանք մարդասիրություն, բա կողմի իրավո՞ւնքը, մենք հո գերի՞ չենք  ընկել իրենց ձեռը, այսինքն` նրանք կարող են չգալ կամ մտացածին ինչ-որ բան որոշել և ներկայացնել: Թող դատարանը որոշում կայացնի, որ այս գործով տուժողը տուժող չէ, կամ թող դատախազությունը պարզի` ով է տուժող, ով՝ ոչ»,- ասաց նա:

 

 Նշենք, որ օրենքը սահմանում է, որ համաներման ակտ կիրառելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև տուժողի դիրքորոշումը: