Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր 87 տարեկանում կյանքից հեռացել է անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Դերասան, ռեժիսոր Արմեն Էլբակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Վարդերեսյանի հետ շատ մտերիմ էին, և թատրոնում միշտ տոն էր, երբ նա մասնակցում էր այս կամ այն ներկայացմանը:
«Ազնիվ, բարի, մարդասեր... Անսահման սիրով սիրում էր թատրոնը և թատրոնի մարդկանց: Նա շատ լավ էր վերաբերվում երիտասարդներին և հույս ուներ, որ կլինեն մարդիկ, ովքեր կշարունակեն այն գործը, որի սկիզբը դրել է մեր սերունդը: Մեր սերունդը մեծ ջանքեր է գործել, որպեսզի կենդանի խոսքը, գեղագիտությունն ու ժամանակակից մտածողությունը թատրոն բերեն և ավելորդ պաթոսը դուրս հանեն թատրոնից: Ցավալի կորուստ է մեզ համար, չնայած նա փառավոր կյանք ապրեց և հրաշալի դերեր խաղաց»,-ասաց Էլբակյանը:
Նա նշեց, որ իր համար դժվար է դերասանուհու կերտած դերերից մեկն առանձնացնել, քանի որ Վարդերեսյանը խաղացել է նաև իր բեմադրությամբ ներկայացումներում:
Վարդերեսյանը, Էլբակյանի հավաստմամբ, մինչև վերջին պահը ստեղծագործում էր: «Մեր վերջին զրույցն էլ ստեղծագործական էր. շատ էի ուզում նրան այցելել, բայց նա ասաց. «Ես ինքս եմ ուզում գալ թատրոն, և հենց մի քիչ ինձ ավելի լավ զգամ, կգամ»: Հասկանալի է` գուցե չէր էլ ուզում, որ իրեն ընկճված տեսնեինք, քանի որ հիվանդ էր: Նա հիվանդ վիճակով էլ ստեղծագործում էր, և արևմտահայ բանաստեղծների` Եղեռնին նվիրված բանաստեղծություններից առանձնացրել էր հատվածներ ու հեռուստատեսության համար ձայնագրել էր կատարումներ: Այսինքն` մինչև վերջին պահը նա ասելու բան ուներ»,- ասաց նա:
Վարդերեսյանը, ըստ Էլբակյանի, անտարբեր չէր նաև Հայաստանում տեղի ունեցող հասարակական, քաղաքական երևույթների նկատմամբ և, մի շարք հարցերի հետ կապված, իր քաղաքացիական դիրքորոշումն ուներ: «Նա իր դիրքորոշումը կարողանում էր ներկայացնել գեղարվեստական միջոցներով` ինչպես վայել է մեծ արտիստին: Մեր յուրաքանչյուր զրույցը նրա հետ տանում էր խոսակցության երկրի մասին, նա ուզում էր, որ աշխարհում մեր երկիրն ավելի լավը լիներ` մնալով իր տեղում, իր արժեքները պահպանելով»,- պատմեց նա: