Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ՄԻԱՎ-ի առաջին դեպքերն արձանագրվել են 1988-ին, և մինչ 2015-ի հոկտեմբերի 31-ը ՄԻԱՎ-ով հիվանդ 2194 դեպք ունենք. այսօր լրագրողներին հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանա-սոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ Մարինե Ասրյանը:
Նա նշեց նաև, որ 2014-ին ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց 334 դեպք է արձանագրվել, որը, նախորդ տարիների համեմատ, առավելագույնն է:
«Վարակվածների մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը` 69 տոկոսը: 41 դեպք էլ երեխաների մոտ է հայտնաբերվել: Վարակի հիմնական աղբյուրը հետերոսեքսուալ ուղին է /64 տոկոս/ և թմրամիջոցների կիրառումը /26 տոկոս/: Ի դեպ, այս տարիների ընթացքում 1140 մարդու մոտ էլ ՁԻԱՀ է եղել, այսինքն` այս դեպքում ուշացած ախտորոշման հետ գործ ունենք»,- ասաց Ասրյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ՄԻԱՎ-ով վարակի դեպքերն առավելագույնը Երևանում են արձանագրվել, հետո` Շիրակի մարզում:
Վերջին 6 տարիների վիճակագրությունը, ըստ Ասրյանի, փաստում է, որ վարակի տարածման հարցում էական դեր ունի միգրացիան` վարակվածների 70 տոկոսը միգրացիոն գործոնի հետ է կապված:
«ՁԻԱՀ-ի հետևանքով 1988-ից մինչ օրս արձանագրվել է 493 մահվան դեպք, այդ թվում` 83 կին, 8 երեխա: Երեխաները «մորից երեխային» ճանապարհով են վարակվել, մի քանիսն էլ արյան փոխներարկման միջոցով: Մեծ խնդիր է ուշ ախտորոշումը, քանի որ ՄԻԱՎ-ն անախտանիշ շրջան ունի, այսինքն` հիվանդությունն ունի թաքնված շրջան, հիվանդ մարդը որևէ գանգատ կարող է չունենալ: Մարդիկ հիմնականում հետազոտվում են ախտանիշների դրսևորման` ՁԻԱՀ-ի դեպքում»,- ասաց Ասրյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-28-ը` ժամը 15:00-20:00-ը, Հյուսիսային պողոտայում բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն, կարող են ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն անցնել, որից հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները կտրամադրեն նաև խորհրդատվություն: Հետազոտման պատասխանները կստանան 15-20 րոպեների ընթացքում: