Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը հանդիպել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ: ՀՅԴ-ականի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներին «այո» կամ «ոչ» ասելով՝ մենք կանխորոշելու ենք մեր վաղվա օրը: Համբարձումյանը Արենիի ընտրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ դեկտեմբերի 6-ին կուսակցություն չէ, որ ընտրելու ենք, անհատի չէ, որ ընտրելու ենք, ինչ-որ մեկին չէ, որ վստահության քվե ենք հայտնելու, այլ, բարեփոխված Սահմանադրությանը «այո» ասելով, փոխելու ենք մեր երկրի կյանքն արմատապես:
««Ոչ» ասելով՝ ունենում ենք այն, ինչ այսօր ունենք: Պարզ, մարդկային տրամաբանություն է. եթե մի կողմ դնենք բոլոր տեսակի փաստարկները, պարզ է դառնում, որ եթե մենք չենք ուզում փոփոխություններ, ուրեմն մեզ այս վիճակը դուր է գալիս, սակայն, հայտնի է, որ մարդիկ ուզում են, որ օր առաջ դրական տեղաշարժեր լինեն: Ամենուրեք տնտեսական, քաղաքական մոնոպոլիա է»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր երկրի բնակիչներն այժմ ունեն լավ հնարավորություն՝ փոխելու արմատացած մոնոպոլիան:
ՀՅԴ-ականը հայտարարեց, որ կառավարման այս պայմանները փոխելու համար մարդիկ կա՛մ պետք է գնան իշխանափոխության, կա՛մ էլ էվոլյուցիոն համակարգով, քայլ առ քայլ, տարբեր մեխանիզմներ մշակելով, գնան դրական փոփոխութունների:
«Մենք քանիցս ունեցել ենք համապետական ընտրություններ, որոնց մասնակցել ենք, գնացել ենք մեր վստահության քվեն ենք տվել որևէ մեկին և այսօր ունենք այն, ինչ ունենք: Դժգոհ էինք Լևոն Տեր-Պետրոսյանից, դժգոհ էինք Ռոբերտ Քոչարյանից, հիմա էլ դժգոհ ենք Սերժ Սարգսյանից: Դժգոհ ենք լինելու նաև հաջորդ նախագահից, եթե այս համակարգը մնա: Խնդիրն անձերի մեջ չէ, խնդիրն այն համակարգի մեջ է, որը մենք այսօր ունենք»,- ասաց Արսեն Համբարձումյանը:
Նրա բնորոշմամբ՝ դեռևս 90-ական թվականներին Լևոն Տեր- Պետրոսյանը հայտարարում էր, որ մեր երկրին Սահմանադրություն պետք չէ և բերում էր Մեծ Բրիտանիայի օրինակը, բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ և իրենք էլ հասկացան, որ առանց հիմնական օրենքի, առանց Սահմանադրության պետություն-հասարակություն, քաղաքացի-իշխանություն հարաբերությունները կարգավորել, պետական շինարարություն իրականացնել հնարավոր չէ:
«1995 թվականին ստեղծեցին մի Սահմանադրություն, որը միայն մեկ մարդու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, մասին էր: Ամբողջ շարադրանքը վերաբերում էր նրան, թե նախագահն ինչ լիազորություններ ունի և ինչ դերակատարություն ունի պետական կառավարման համակարգում: Մենք այս ամենի պտուղները քաղում ենք առ այսօր»,- բացատրեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Նրա կարծիքով՝ որքան էլ հիմա ցանկություն լինի գործող Սահմանադրության թերի կողմերը շտկել, հնարավոր չի լինի փոխել երկրի վիճակը, կայունացնել այն, քանի որ ողջ համակարգն ի սկզբանե է սխալ եղել: «Պետք է ֆունդամենտն ամուր լինի, որ դրա վրա կառուցվող շինություններն էլ ամուր և հիմնական լինի: Ինչքան էլ ուզում է շինարարը լավը լինել, եթե նախագիծը վատն է, չի համապատասխանում չափորոշիչներին, շենքը բանի նման չի լինելու: Մենք սխալ նախագծով պետականություն ենք կերտում արդեն 25 տարի և այսօր դրա հետևանքները բոլորիս աչքերի առջև են»,- ասաց Համբարձումյանը:
ՀՅԴ ներկայացուցիչը նշեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր երկրում կվերանա անձակենտրոն համակարգը, այսինքն՝ ողջ իշխանությունը մեկի ձեռքում կենտրոնացած չի լինի: Ըստ նրա՝ եթե Սահմանադրությունը չի արգելում, քաղաքական ուժն ունի իշխանութուն, եթե մրցակցության ազատություն չի լինում, ի վերջո ունենում ենք այս վիճակը: «Պետք է պատճառների վրա աշխատենք, որպեսզի հետևանքները վերացնենք: Դեկտեմբերի 6-ին եթե «ոչ» ասենք և առաջնորդվենք այն թեզով, թե պետք է գնալ իշխանափոխության, միամտություն կլինի: Չի կարող այդ տեսակ բան լինել: Ամեն ընտրության շեմին, ամեն ընտրությունից հետո մեր երկրում տեղի է ունենում ճամբարների բաժանում: Հակառակ բևեռը պնդում է, որ գնալու է իշխանափոխության, բայց մենք տեսնում ենք, որ նման բան չի լինում, քանի որ դա հնարավոր չէ ներկայիս կառավարման համակարգի պայմաններում: Անձակենտրոն համակարգ է գործող Սահմանդրությունը: Գործող համակարգն այնպիսի լծակներ ունի, որ կարող է առանց մեծ դժվարության կանխել իշխանափոխության գործողությունները»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ «ոչ»-ի շարժման ներկայացուցիչների ներկայիս բարձրագոչ խոստումները իրականության հետ կապ չունեն:
«2012 թվականին ՀՅԴ-ն հանդիպում ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի առանցքում մի կարևորագույն հարց էր: Մենք յոթ կետեր էինք հրապարակել: Այդ և մի շարք այլ կետերի շուրջ քննարկան արդյունքում արձանագրեցինք, որ մեր և նախագահ Սարգսյանի տեսակետները տարբեր են: Նա ասում էր, որ մեր երկրում խորհրդարանական համակարգի ժամանակը չէ, համամասնական ընտրակարգն ընդունելի չէ և այլն, բայց դրանից հետո տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որ նոր Սահմանադրության առաջ քաշման հարցն անհրաժեշտություն դարձավ»,- շեշտեց ՀՅԴ ներկայացուցիչը և հավելեց. «Եթե 13 թվականի ընտրությունների ժամանակ հաղթեր Րաֆֆի Հովհաննիսյանը կամ մեկ այլ թեկնածու, պատկերացնո՞ւմ եք՝ գործող Սահմադրության պայմաններում ինչ ներքաղաքական կոնֆլիկտ էր լինելու: Մենք կունենայինք ՀՀ նախագահ մեկ այլ քաղաքական ուժից, ով չուներ քաղաքական մեծամասնություն»:
Համբարձումյանը նշեց նաև, որ իշխանությունները կողմ են սահմանադրական բարեփոխումներին, քանի որ ամեն ինչ կորցնելու վտանգ կա և դրան չգնալու համար պետք է զիջել մի մասը: Այսինքն՝ ամբողջը չկորցնելու համար, անհրաժեշտ է զիջել մի մասը: ՀՅԴ ներկայացուցիչի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը լավ հնարավորություն է նաև դատական համակարգի հնարավորինս անկախ գործելու համար: