կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 12:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ականատես ենք լինելու երկրորդ ամենախոշոր արտագաղթին․ Արա Վարդանյան

Սրտիցս արյուն է կաթում, երբ տեսնում եմ՝ հարյուրհազարավոր հայերի նվիրատվություններով կատարված ծրագրերը հանուն ոչնչի էին. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողներին  ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

«Նախորդ տարի կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց՝ ունենք տեղություններ, որ Արցախում որոշ դավադիր գեներալներ հրահրելու են պատերազմ, որի արդյունքում մենք պարտվելու ենք։ Անցավ որոշ ժամանակ, եւ հայ ժողովուրդը կրեց պատմության ամենախայտառակ պարտություններից մեկը»,- ասաց նա։

Ըստ Արա Վարդանյանի՝ հաղթանակը, թե պարտությունը ցանկացած մարդու և բանակի համար է, բայց մեկ այլ բան է պարտվել արդար կռվում, մեկ այլ՝ բան, երբ քեզ քո ղեկավարությունն է տանում պարտության։

«Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը տարան դեպի դավադիր պարտության։ Մովսես Հակոբյանի կողմից հնչեցված բոլոր բացահայտումները հենց դրա մասին էին՝ որ, ցավոք, մեր երկրի իշխանությունները արել են ամեն ինչ, որպեսզի պարտվենք այս պատերազմում»,- ընդգծեց բանախոսը:

Նա շեշտեց, որ Փաշինյանի մասին խոսելիս պիտի հասկանանք՝ ով է  երկրի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Աննա Հակոբյանը: «Ինքս արդեն չեմ հասկանում, երկու դեպքում է դժբախտություն է։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս պարտությունը չավարտվեց միայն սրանով, սա սկիզբ է նոր պարտությունների, եթե այս իշխանությունը մնա»,- նշեց Վարդանյանը։

Նա չի բացառում, որ դեռևս կան մարդիկ, որոնք շարունակում են սատարել Փաշինյանին ու այս իշխանությանը: «Բայց բոլորս պետք է հասկանանք, որ, Փաշինյանին սատարելով, ամբողջ աշխարհին հղում ենք շատ վատ մեսիջ, որ հայ ազգը պարտվող է, պարտությունը հանդուրժող ազգ է, դրանով իսկ կրկին խայտառակ ենք լինում ամբողջ աշխարհով»,- ասաց Արա Վարդանյանը։

Ըստ նրա՝ մենք ունենք միաբևեռ իշխանություն, որն ամբողջությամբ ենթարկվում է մեկ ընտանիքի ու ցանկացած փոփոխություն պետական գերատեսչությունում, չի բերելու որեւէ փոփոխություն, քանի որ իրական փտած համակարգը կառավարող ամենավերևի օղակն է:

«Կարծում եմ, որ Փաշինյանի և իր ընտանիքի՝ իշխանությունից հրաժարվելու օրերը հաշվված են։ Բոլորս պետք է հասկանանք մի շատ պարզ իրողություն՝ ցավոք, հայ ժողովուրդը վճարում է անհամեմատ ավելի բարձր գին, քան պետք է վճարեր այդ խաբերության համար։ Այն, ինչ մնացել է Արցախից, դեռևս պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք պահելու այդ մնացածը։ Այսօր Արցախի երաշխավորը դարձել է Ռուսաստանի Դաշնությունը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ՀՀ-ն կանգնած է Սիրիա դառնալու շատ լուրջ վտանգի առջև»,- փաստեց Արա Վարդանյանն ու պնդեց, որ եթե այս իշխանությունը մնա՝ չի կարող բացառել, որ Հայաստանը չի դառնա մարտի դաշտ ՌԴ-ի ու Թուրքիայի համար:

Նա կասկած չունի, որ ժողովրդի գերակշիռ մասն այսօր հասկացել է, թե որքան մահաբեր է այս իշխանությունը: «Միակ խնդիրն այն է,  որ այդ մասսան չի ուզում դուրս գալ փողոց, վախենում է ֆեյքերի գրոհներից։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության,  ականատես ենք լինելու երկրորդ ամենախոշոր արտագաղթի։ Քիչ բնակչություն ունեցող երկրի համար սա կարող է  կործանարար լինել, դրա համար պետք է կարողանանք շատ արագ փոխել այս իշխանությունը։ Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք առաջին հերթին կկարողանան կարգավորել մեր հարաբերությունները գլխավոր խաղացողների՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ»,- ընդգծեց Արա Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: