Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լը Պենը, ով, հիշեցնենք, 2012-ին առաջադրել էր իր թեկնածությունը երկրի նախագահի ընտրություններում, Փարիզի ահաբեկչությունից հետո հայտարարել է, թե անհրաժեշտ է փակել Ֆրանսիայում գործող բոլոր մզկիթներն ու երկրից վտարել մահմեդականներին: Այլ կերպ ասած` տիկին լը Պենն ընդգծել է, որ փարիզյան ակաբեկչությունը կոնկրետ կրոնական հողի վրա էր, եւ Փարիզում ոչ մի ահաբեկչություն էլ չէր լինի, եթե Ֆրանսիան մահմեդական լիներ, կամ «Իսլամական պետությունը» կոչվեր «Քրիստոնեական պետություն»:
Այս համատեքստում խիստ ուշագրավ է ԻՇԻՊ-ի այն հայտարարությունը, թե եվրոպական տարածքում որտեղ են իրենք իրագործելու հաջորդ ահաբեկչությունը: ԻՇԻՊ-ը նշել է, որ հաջորդը Լոնդոնն է, եւ եթե սա հասկանալի է, քանի որ Լոնդոնը ոչ միայն խիստ կարեւոր քաղաք է` աշխարհաքաղաքական գործընթացներն ուղղորդելու առումով, այլ նաեւ` քրիստոնյա պետության մայրաքաղաք, թեև այնտեղ նորածինների ամենատարածված անունը Մուհամեդն է, ուշագրավն այն է, որ ԻՇԻՊ-ի ահաբեկիչները, Լոնդոնից բացի, որպես իրենց ահաբեկչական գործողության հաջորդ հասցե նշել են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան, իսկ Ալբանիան, տիկնա\'յք եւ պարոնա\'յք, մահմեդական պետություն է: Սա նշանակում է, որ եթե Աստված չանի, տվյալ պարագայում` Ալլահը չանի, հաջորդ ահաբեկչությունը հենց Տիրանայում լինի, ապա Ալբանիայի իշխանությունը կամ այդ երկրի ընդդիմությունը չեն կարող երկրից արտաքսել բոլոր մահմեդականներին եւ փակել բոլոր մզկիթները, քանի որ այդ կերպ երկիրը կդատարկվի:
Պետք է նշել, որ Ֆրանսիայի իշխանությունը որոշակիորեն ընդունել է տիկին լը Պենի խոսքերը եւ ինչ-որ առումով հիմա շարժվում է այդ խոսքերի տրամաբանությամբ: Մասնավորաբար` Ֆրանսիան ոչ միայն օդային հարվածներ հասցրեց ԻՇԻՊ-ի մայրաքաղաք կոչեցյալին, ոչ միայն մի քանի այլ հարվածներ հասցրեց «Իսլամական պետությանը» եւ շարունակում է հասցնել, այլեւ այդ երկրի վարչապետ Մանուել Վալսը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ֆրանսիայում կփակվեն որոշ մզկիթներ, նրանք, որտեղ «ծայրահեղական հայացքների տեր քարոզիչներ կան»: Վալսն առհասարակ հայտարարել է, որ փակվելու են բոլոր այն մզկիթներն ու մահմեդական ասոցիացիաները, որոնք վնասում են հանրապետության արժեքներին, հասկանալի է` Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին:
Այս ամենից կարելի է անել հետեւություն, որ Ֆրանսիան պատերազմ է հայտարարում մահմեդականներին կամ մտնում է մահմեդականների հետ պատերազմի մեջ: Թե ո՞ւր կտանի եւ ինչքա՞ն կտեւի այս պատերազմը, այս պահին գոնե դժվար է ասել, բայց այստեղ ուրիշ բան կա, որն ավելի հետաքրքրական է. իսկ ի՞նչ պատրեազմի մասին ենք խոսում, արդյոք մտացածին չէ՞ այդ` մահմեդականություն-Ֆրանսիա /քրիստոնյա աշխարհ/ պատերազմը, մի՞թե մահմեդականները պայթեցնում են Փարիզը, որպեսզի բոլոր ֆրանսիացիները մահմեդական դառնան, կամ արդյո՞ք ֆրանսիական օդուժը ռմբակոծում է ԻՇԻՊ-ը` որպես նոր խաչակրաց արշավանք: Ո՞վ ասաց, որ նավթը, տնտեսական շահերն առհասարակ կրոնի հետ կապ ունեն կամ կրոն են ճանաչում: Եղբա\'յր, չե՞ք ուզում, որ ձեզ պայթեցնեն, մի\' խլեք նրանց նավթը, չե՞ք ուզում, որ ձեզ օդից հարվածեն, կիսե\'ք նրանց հետ նավթը: Ի՞նչ կրոն, իսկ Տիրանան ինչո՞ւ են պայթեցնելու, իսկ Պակիստանի Փեշավար քաղաքի 100-ից ավելի երեխաներին ինչո՞ւ սպանեցին, իսկ Սիրիայում ինչո՞ւ են կոտորում, կամ` Իրաքում, կամ` Աֆղանստանում, այդ ե՞րբ են Պակիստանը, Սիրիան, Աֆղանստանը, Ալբանիան քրիստոնյա եղել եւ դրանով իսկ իսլամիստների թիրախ դարձել….Ուրեմն կրոնը կապ չունի, կրոնն առհասարակ ոչ մի բանի հետ կապ չունի եւ ստեղծվել է մի նպատակով, որպեսզի մարդիկ դառնան հեշտ կառավարելի եւ, ահա, հեշտ կառավարվում են` երկու կողմերում էլ:
…
Իմիջիայլոց, մահմեդականություն-քրիստոնեություն պատերազմի ժամանակ մենք ո՞ր կողմում ենք կռվելու` քրիստոնյաների՞` որպես աշխարհում այդ կրոնն ընդունած առաջին երկիր, թե՞ մահմեդականների, որոնցից Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ Ասադը 90-ականներին, երբ Թուրքիան /որը եւս մահմեդական է, բայց ամեն մահմեդական չէ, որ թուրք է/ փակեց Հայաստանի հետ սահմանը, տոննաներով հացահատիկ էր ուղարկում Հայաստան…
Հովիկ Աֆյան