կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-15 13:09
Տարածաշրջան

Թուրքիան կրոնի ազատությունը սահմանափակող երկրների ցանկում է

Թուրքիան կրոնի ազատությունը սահմանափակող երկրների ցանկում է

Ապրիլի 11-ին ամերիկյան «PEW» հետազոտական ընկերությունը կրոնի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում ամփոփվել են 198 պետություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «evrensel.net» լրատվակայքի համաձայն՝ 2015թ. վերաբերյալ կազմված զեկույցում Թուրքիան տեղ է գտել կրոնի ազատությունն ամենից շատ սահմանափակող երկրների շարքում: Ուսումնասիրությանը մասնակցող երկրները դասակարգվել են ըստ «պետության կողմից կրոնի սահմանափակումների» և «հասարակության շրջանում կրոնով պայմանավորված թշնամանքի դրսևորումների»:

Պետության կողմից կրոնի սահմանափակումների հաճախականության առումով Թուրքիան առաջատարների ցուցակում է: Կրոնի ազատության ոտնահարման դեպքերի առումով բարձր ցուցանիշ գրանցած երկրների ցանկում, բացի Թուրքիայից, տեղ են գտել ևս 22 երկիր, որոնց թվում՝ Իրաքը, Սիրիան, Իրանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան:

Իսկ հասարակության շրջանում կրոնով պայմանավորված թշնամանքի չափանիշի համաձայն՝ Թուրքիան ներառվել է «բարձր» ցուցանիշ ունեցող երկրների խմբում: Այս խմբում են ընդգրկվել նաև Սոմալին, Լիբիան, Անգլիան, Սաուդյան Արաբիան և Գերմանիան:

Աշխարհի մասշտաբով պետության կողմից կրոնական սահմանափակումներն ու ճնշումներն ամենից շատ տարածված են հատկապես Միջին Արևելքի տարածաշրջանում  և Հյուսիսային Աֆրիկայում: Կրոնի ազատության սահմանափակումներ հանդիպում են այս տարածքում գտնվող երկրների 95 տոկոսում:

«PEW»-ի զեկույցի համաձայն՝ 2015թ. Եվրոպայի 45 երկրներում գրանցված հասարակական միջադեպերի թիրախում են գտնվել հրեաները (33 երկրում), մուսուլմանները (32 երկրում) և քրիստոնյաները (21 երկրում):

Ողջ աշխարհում գրանցվող կրոնական սահմանափակումները գնահատվել են 10 բալանոց սանդղակով: Ըստ այդմ՝ ամենից շատ նման դեպքերը գրանցվել են Միջին Արևելքում (միջին ցուցանիշը՝ 5.9 միավոր), իսկ ամենաքիչը՝ Ամերիկայում (միջին ցուցանիշը՝ 1.7 միավոր):

Թուրքիայի դեպքում իշխանությունների կողմից կատարվող սահմանափակումների համար այդ ցուցանիշը կազմել է 6.8 միավոր, իսկ հասարակության մեջ կրոնով պայմանավորված թշնամանքի դրսսևորումների առումով՝ 6.2 միավոր: