Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակակից հայ բանաստեղծների պոեզիան՝ զուգակցված երաժշտությամբ և իմպրովիզներով. երեկ Պոեզիայի միջազգային օրն էր: «Գրանիշ»-ը, մշակույթի նախարարության աջակցությամբ, յուրօրինակ միջոցառում էր կազմակերպել օրվա կապակցությամբ՝ մեկտեղելով բանաստեղծությունն ու երաժշտական ռիթմերը. Ավագ Եփրեմյանի, Հասմիկ Սիմոնյանի, Ներսես Աթաբեկյանի, Կարեն Անտաշյանի, Հուսիկ Արայի, Արփի Ոսկանյանի, Վահե Արսենի բանաստեղծություններն ուղեկցվեցին երաժիշտներ Դավիթ Բալասանյանի, Վարդան Հարությունյանի, Ալեքս: Անգամ միջոցառմանը ներկա Տիգրան Մանսուրյանն անմասն չմնաց, նա դաշնամուրային իմպրովիզի զուգակցությամբ ընթերցեց Կարեն Անտաշյանի գործերից մեկը:
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով՝ օրը հնարավորություն է` անդրադառնալու արվեստի մի ճյուղի, որն ունի հատուկ փայփայանքի և ուշադրության կարիք: Ըստ նրա՝ գրականության շատ այլ ճյուղեր գրաշուկայի կամ ընթերցող-գրող կապի միջոցով կարող են զարգանալ, իսկ պոեզիան միշտ ուշադրության կարիք ունի: «Սա է հիմնական պատճառը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ուշադրություն է դարձնում այս ճյուղին, և մենք ունենք Պոեզիայի համաշխարհային օր: Այն մեղեդին ու հնչյունը, որ պոեզիան պարունակում է, փաստում են, որ, ըստ էության, լեզուն պոեզիան բացարձակ բնորոշողը չէ, այլ նաև` հնչյունը: Սա է պատճառը, որ, պոեզիան երաժշտության հետ համադրելով, ստանում ենք երկխոսություն»,- ասաց Տեր-Վարդանյանը:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն էլ նշեց, որ միջոցառմանն իր ներկայությունը հայ բանաստեղծության նկատմամբ տարիների սիրուց է գալիս: «Ես մշտապես կապված եմ հայ բանաստեղծների հետ, իսկ այսօրվա սերնդին, որոնց առանձին-առանձին չգիտեմ, բայց բոլորին հետևում եմ «Գրանիշ»-ով և որտեղ որ պատահի, շատ եմ սիրում, որովհետև մենք` բոլորս, մի ընտանիք ենք հայոց լեզվի ներսում»,- ասաց նա:
Ներկայացնում ենք միջոցառման ընթացքում հեղինակների ընթերցած գործերից:
***
Ավագ Եփրեմյան
Քերականի սխալներ
Ահա բացված օրը
վերջին գրքից հետո գրվող գիր է:
Եւ ահա աչքերդ՝ լիով երկնակալած,
բայց դու դեռ այստեղ ես՝ արարումի
ճիգին չդիմացած մարդաբղետ մաղձում:
Ափսոսանքից մինչեւ սփոփանքը տեւող
այս վիհերում քանի՜
գուրզ կա անմիտ թալած…
Եւ խղճվում ես, որպես քերականը՝
Լեզվի՝ իր Տեր Աստծուն:
Պարտքը՝ պարտվել: Այստեղ, ամենուրեք
մանվան անճառագայթ լույսն է բարդվել,
եւ կյանքի ճառագը՝ առանց լույսի,
պատճառներ են վխտում՝ հանգած հուրեր,
պատկերներ են գվվում՝ անկոչ հյուրեր,
եւ երկնային թաքուն կարիքներ հոգացող
համրեր, խուլեր, հաշմեր, խոնջեր, կույրեր.
հսկա ներկապնակ, ցնծուն տարակույսի
մի ողջ՝ քերականի կալվածք, որտեղ պիտի
ի՛նքը, սեփական իր մահվան բերմամբ,
կյանքի մնացյալը երկրին ընդելուզի:
Սեր է թե դաշնադիր հաշվի հարդարք՝
միշտ էլ մարդու անբառ սիրտն է մաշվել,
դեռ քո կալվածքում ես, դառնաս՝ քեզ էլ հաշվես.
թվես՝ հայրապատիր, խազես՝ մայրապաղատ,
եւ քարերին փորես՝ եղբայրագար…
որ ո՞ւմ գոհացընես,
հազիվ մի ինքնություն եւս գոյացընես,
բառեր, մի ընկրկում եւս խոյացընես,
բառեր, որբությամբդ…
…Երեւի մթնում է: Քեզ գտնում են
լույսեր, որոնք այստեղ չէին մտնում,
փոխադարձել դրանք ի զորու չէ արդեն
անդարձ ջրերի մեջ
պղտորացած յամբը:
…Գրքից առաջ, հետո անանդրադարձ
գիրը կյանք ու մահվան՝ արարումի
ցնծապատճենը չէր, չարչարանակիրն է,
մեկուսի երկիրը քերականի. բառեր:
Փառք Քեզ, որ ամեն ինչ հոսում է, որ
ամեն ինչ հոսել է, բառն՝ առավել,
եւ որ՝ գետի նման, չէ՞ գետերով…
Ամեն ինչ հոսել է մինչեւ Ծովը
Ցավի, որ անփարատ, որ քառավեր
քո գրքերը՝ փակում, իր օրերն է բացում՝
չավարտելով վերջը,
եւ սկիզբ չավետելով:
***
Հասմիկ Սիմոնյան
Ես շախմատ էի խաղում, դու ճառ էիր կարդում դատարաններում,
ես նկարում էի կատուներ դռներին ու բազմոցի գլխին,
դու գրադարակին քեզ ծանոթ մարդկանց ծաղրանկարներն էիր անում
երբեմն մենք կռվում էինք, երբեմն գիրք կարդում միասին
դու ինձ էիր գրկում, ես` քեզ
ես պատահաբար ինչ-որ բաներ էի շրջում` հյութով լի բաժակ, աթոռ սրճարանում, աթոռ տանը, աթոռները գրեթե միշտ շրջվում էին անխտիր բոլոր վայրերում
դու ծիծաղում էիր
ես ամաչում էի ու տխրում
ես բարկանում էի ու ջարդում բաժակները
դու գրկում էիր ինձ ու լեզվով արցունքներս հավաքում
ես բարկանում էի ու ծաղկամանը ծաղիկներով շրջում քո գլխին
դու հիվանդանում էիր ու գրում, որ ճանկռած տեղերը մրմռում են,
որ ջերմությունդ 38,5-ից չի իջնում,
որ ես քեզ բնավ չեմ սիրում, իսկ այ դու շարունակում ես սիրել համառորեն, բոլորից շատ
մենք որդուդ տանում էինք գազանանոց, նա վախենում էր ամեն ինչից, սիրելիս,
դու ամաչում էիր ու տխրում ու նրա քաջությունն ամրապնդելու համար վարգում էիր ձիով կատաղի,
բայց որդիդ վախենում էր, սիրելիս,
ու որպեսզի մեր որդին էլ չմեծանա վախլուկ, մենք խնդրեցինք նրան հեռանալ,
և իմ սիսեռահատիկ քաջ տղան հեռացավ, սիրելիս, որ մենք չամաչենք,
չունենանք խնդիրներ, դու` տանը, ես` հասարակության մեջ,
հետո բոլորը հեռանում էին քեզանից` կնոջդ հայրը, քո հայրը, երեխան,
իսկ, ընդհանուր առմամբ, դու գոհ ես,
բերքառատ տարի էր, շատ հաջող
ես բարկանում էի ու քեզ վռնդում տանից
դու հեռանում էիր ու քիչ անց վերադառնում
դու անվերջ թակում էիր դուռը, մինչ ես արցունքների ջրափոսում
քեզ ջնջում էի բոլոր հնարավոր տեղերից` սոցցանցեր, հեռախոս և այլն
հետո դու թակում էիր դուռը
հետո դու թակում էիր դուռը
հետո դռների արանքում վարդերի ծաղկեփունջ էիր խցկում` երկտողով, որ կարող եմ շպրտել
ես գրկում էի վարդերն ու հեծկլտում
հետո մեր նախկին սիրածները սկսեցին ամուսնանալ, սկզբում` քո, հետո` իմ,
մենք լուռ մրցակցում էինք, թե ով ավելի շատ սիրածի կամուսնացնի այդ ամառ,
հետո ես գրեցի թվիթերում,
զառան էլ քոմենթեց, որ իր սիրածները երբեք չեն ամուսնանում,
նրանք է՜ն գլխից են էդպիսին,
այո, սիրելիս, ձկնորսները ճանաչում են միմյանց թվիթերում ու կյանքում
հավասարաչափ
դու անընդհատ տրորում էիր վերքերդ
ես քո վերքերին աղ ցանեցի, սիրելիս, ու քո վերքերը կերա
հետո մենք նորից կռվեցինք, աստված իմ, ինչքան էինք մենք կռվում
օրվա մեջ մի քանի անգամ ես ձանձրույթից լվանում էի ձեռքերս,
դու ձանձրույթից միզում էիր կանգնած, հետո նստած, հետո լվանում էիր ձեռքերդ
հետո արդեն ամաչում էինք կռվելուց
մենք գիտեինք, ինչպես հպվել իրար ու սահում էինք փափուկ, ինչպես դանակը հասած սեխի միջով
մենք անընդհատ ցավեցնում էինք իրար
ու անվերջ փորձում էինք կիսել` տեսնելու մեր ներսի ցերեկները թաքուն և անունները` քնի մեջ բարձրաձայնած
մենք անընդհատ փնտրում էինք լավ ֆիլմեր, լավ երաժշտություն, իրար
ես կարոտում էի քեզ, դու լռում էիր,
ես կարոտում էի քեզ, դու համբուրում էիր թարթիչս ու գնում
մենք անընդհատ ինչ-որ բաներ էինք գտնում`
ուրիշներին գրած նամակներ
եղևնու չոր ճյուղեր` հավաքած սևանի թաց ափից
և ամառվա դռնից ներս մտած բզեզ, մոծակ, մեծ ճանճեր,
որոնք, որպես կանոն, իմ ճիչերից սարսափած, պատեպատ էին խփվում, ես սարսափում էի ավելի ու ավելի,
բայց դու հերոսաբար սատկացնում էիր նրանց, և ես ինձ զգում էի փրկված ու երջանիկ
դու ինձ էիր գրկում, ես` քեզ
կյանքը փոքրիկ կատու էր, ում հարկավոր էր խնամել
ես քեզ համար սուրճ էի պատրաստում, դու հավաքում էիր սենյակը
մենք գիտեինք` սիրո խնամքը սկսվում է մանրուքներից
ես կանգնում էի թմրած ոտքերիդ, դու քայլում էիր ու ընկնում
մենք ծիծաղում էինք ու լռում բան պատմելու պես
մենք ժամերով խոսում էինք հեռախոսով և ապրելը կարելի էր թվում
…դու մոտեցար ինձ վախով, այդպես երկչոտ քնած վերքին են հպվում
ես տեսա քո ներսի կենդանուն, որ գեղեցիկ էր, ինչպես սպանված արքայազնի ձին
մենակությունը սուրում էր մեր բջիջների արանքով ու մենք մրսում էինք, սիրելիս
ես մրսում էի անընդհատ` անկախ եղանակից
դու միացնում էիր տաքացուցիչները, բայց ես լավ գիտեի`
հենց հեռանաս,
մրսելու եմ
շատ
երկար,
շատ
երկար
Շատ
***
Ներսես Աթաբեկյան
Տիեզերքի եզրին
(չնեղանաք, որ այսպես եմ ասում)
մի տնակ կա՝
դուռ ու երդիկը բաց,
ինքը ճերմակ-ճերմակ,
ինչպես տենդը,
ոտքերը՝
առվի սառցաջրերում,
ձեռքերը խաչած,
աչքը՝ հեռուն...
Մի այսպիսի տնակ՝
ծնվելուց առաջ տեսած,
ուր իջնում է հոգիների հերթափոխը
ու մինչև լույս հսկա ալբոմներ է թերթում՝
կիսադեմ ու անֆաս
ֆոտոներով,
իրեր,
որ կունենան,
բառարաններ,
մի քիչ շարժման վարժանք,
ամսագիր են կարդում՝ ոտը ոտին,
ու զրույցներ վարում բազմաժանր,-
մինչեւ x ժամ,
մինչև դուռը թակի Հերթական Ճամփորդը
և ուզի ջուր կամ աղ կամ ուղեցույց,
նայած ինչ է ասել Աստծո Որդին,
ու փոխատեղման բանաձևն ում է
նրանցից ընտրել ըստ Այս մարմնի
ու հիշողության - դեպի վերադարձ՝
Կենդանակերպով Չհանդիպումի:
***
Հուսիկ Արա
Ինքս եղա իմ Հուդան.
մանրամասն ու խնամքով,
անգամ վայրկյանն առանց կորցնելու,
սպանեցի Փրկչին իմ մեջ,
ու միայն մատնողը մնաց`
էժան, մինչևիսկ անարծաթ ծախվող:
Ի՞նչ գիշեր էր, որ մութի բարակ եզրով ինձ տարավ
ու էլ ճիգ ու ջանք չթափեց նորից իրենով անելու,
արդեն ես էի ամեն անգամ մտնում գիշերը
ու մազե կամուրջով գնում:
Աշխարհի վերջից եկողների խրախճանքն էր դառն ու կծու.
տեսել էին անհայտը ու ժամանակի կախարդանքով դարձել դև.
անջատվում էին, որ եկող օրը թմբիրի մեջ մոռանան:
Թավշե հեղափոխության կրունկների տակ ճմռթվածներ`
անկախության պատերազմից, վաղվա հայրենիքից կշտացած.
պատսպարվել էին մոռացված խղճի բոզանոցներում,
որ փրկություն էր կյանքի չգիտեմ որ մասից պռճոկած:
Հարբում էին մինչև վերջին խազը
ու դատարկ շիշը ցցում պորտներին.
«Ո՞ւմ քածն ես, երկիր, դե ի՛նձ էլ տուր»,- գոռում ճաքած:
Հաշիշի այրվող ծայրը թքոտում`
սվվոցով ներս էին քաշում ծուխը
ու դմմած հայացքով նայում
մեզնից մեկի ձեռքով Աստծուն մերկ խզբզած պատին:
Վայրի պորտապարով ցատկում սեղաններին,
գալարվում էին անճոռնի.
«Ես էլ եմ կին, ի՛նձ էլ շինեք»,- ոռնալով:
Թմրադեղի ջնջող չափաբաժնով լցնում էին թևերը,
թթու հեգնանքով դեմքը կծկում,
որ Ռեյ Չարլզի մորմոքի տակ երակները բացեն:
Մի ամբողջ սերունդ էր հոգեվարքում՝
անտեր շան պես սատկելով
այս ընկած քաղաքի խութ ու խորշերում,
և չէր գտնում խոստովանություն
ոչ Աստծո առաջ, ոչ էլ սատանայի:
Այդ գիշերը ես մտա`
վատնող, վերջինը տվող ու ինքնակործան,
ժամանակի քարթու ձեռքն էր խզբզել ճակատիս.
«Հուսիկ Արա,
անիծված պոետների ցեղից,
որ լուսանցքի մարդկանց չտեսած երազը պատմեց»:
Դեռ ի՜նչ բառեր կան առջևում ինձ սպասող,
որ չեն կարդացվում.
ասես նախամարդու բրդոտ թաթով լինեն գրված`
որպես քարանձավի պատերին փորված
հին նշաններ ու նախագիր:
***
Կարեն Անտաշյան
Ներբողական. Շարքային Մարտիրոսյանին
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
ես այսօր գործից, ընտանեկան ընթրիքից,
տղերքիս քնացնելուց, սերիալս նայելուց հետո,
մեծահոգաբար փորձեցի ժամանակ գտնել
վորդի նոր դոկ բացել, ընտրել իմ սիրած տառատեսակը
ու գրել քո մահվան առիթով
այս պոստմոդերնիստական հավակնութուններով ներբողը անսեթևեթ:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
մեկ անգամ որ գրեցի անունդ, արդեն հեշտորեն կարող եմ քոփիփեյսթել
ամեն հնգոտնյակը մեկ, ամեն, տոնացույցը մեկ, ամեն ռազմաշքերթը,
ամեն մահազդը մեկ մեր մյուս ախպերների, ամեն… չձգելու համար
միանգամից ասեմ, որ քեզ պատշաճ սգալու լիքը հեշթեգեր կան հերթապահ
խոսքի՝ հայրենիք, զինվոր, մատաղ, հերոս, փառապանծ, խոնարհվում եմ
խոսքի, նրանք ընկան որ մենք, նրանք չկան որ մենք, նրանց անունը մենք
միանգամից ասեմ, որ քեզ սգալու համար հստակ կանոնակարգ կա մշակված
և ժամանակավոր հանձնաժողով, որը ստեղծվելուց ի վեր չի ցրվել
հաստիքային աշխատող կա, որ ճիշտ պահին հանդիսավոր կլռի ու կարտասվի անգամ:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
քո մահն արդարացնելու համար էպիկական նախադեպեր կան
դեռ քո մշուշոտ նախնիների ձեռքով այս քարերին ծեծված
ու այս լռագրողների լեզուներին թույն լիզելուց չեչոտ մի դավադիր հաճույք
ու այս ցինիկ լրահոսում թսիկ սնոբներիս համար
հա վար, հա վար սքրոլ անելով քեզ ջնջելու, մոռանալու պահանջը կա:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
դու անտեղյակ ես, բայց քո փոքրիկ մահը թաղային ժեկից մինչև ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակ շարժման պոտեցյալ է ստեղծում այս ահռելի աշխարհի համար՝ մեկն ասում է, չի կարող չլինել երկնային արքայությունը, այլապես ուր պիտի մեր թագավոր ախպերը գնա, մեկն ասում է ինձ հանգիստ չկա, քանի չեմ խմել էդ բոզի տղա թուրքի արյունը, մեկն ասում է ընտրեք ինձ և ես էականորեն կկրճատեմ մահացության դեպքերը նորակոչկների շրջանում, մեկն ասում է առ այս փողն ու մխտռի քաղաքիդ պատերը խաղաղություն և հանդուրժողականություն խրախուսող արտ-պռոեկտներով, մեկն ասում է սա հայու գենի հաղթանակն է, մենք այսպիսի անձնազոհությունների գնով ենք գոյատևել հազարամյակներով, էն մեկն էլ չի ասում, բայց հասկացնում է՝ հեյ, դուք էդտեղ շատ մի խլվլացեք իմ կայսրության գավառում, թե չէ ձեր տղերքին էլ… ու մենք չենք խլվլում:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
կներես, բայց ես ու կինս քնելուց առաջ ու ընթացքում հա ստուգում ենք Արարատին բացվող մեր դռներն ու Արարատին նայող լուսամուտները, ու համենայն դեպս մեր տղերքի ապագան լռելյայն պատկերացնում մի անշառ, ծովամերձ քաղաքում ուր չի կարող հասնել քեզ խոցած գնդակը, թեպետ այն հա շարունակում է թռչել ու հա շարունակում է խոցել տարածության ու ժամանակի միջով խոնարհ հեռացող մարտիրոսների գունդը:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
քո մահվան առթիվ ամենաազնիվը թախիծն է այս կույս ծիտիկների, որ անծաղիկ թոշնելու են առանց քո սիրո, իրենց երազներում իսկ չեն ճաշակելու քո ազդրերի մեղրը ու չեն ընկնելու խոցված քո փառապանծ տեգից, դեղձենու ծաղկագույնն այլևս մեռնում է նրանց շուրթերին քո անունը տալիս, նրանք կյանք են ուզում, զավակներ են ուզում, հիպոտեկով տուն են ուզում, Փարիզի ուղեգիր ու ուզում են զզված լինել քեզանից, տառապած քո ձեռը, քո անճարությունից հոգնած, բայց.. չեն ուզում քեզ թաղել, ախպերս:
Շարքային Մարտիրոսյան, Մռդո,
ամենածանրը մորդ կոտրված սիրտն է, նրա հայացքի ավերակներում էլ գնարբուկներ չեն ծաղկելու ինչքան էլ հետմահու մեդալներ տանեն ձեր տուն, ինչքան էլ դրամահավաքներ անեն քո անունից, անշուք դասարաններ անվանակոչեն, ինչքան էլ քարոզարշավներով քաշ տան նրան ու օպեռաներում համերգներ հնչեցնեն՝ ստիպելով հա լինել որդեկորույս, հա սգավոր, հա սևավոր, հա հերոսական…
Մենք էլի սքրոլ կանենք ու կմոռանանք, բայց քո ճակատի սառնությունը հա այրելու է իր շուրթերը՝ այնկողմնային ամայության սարսափելի ակնարկով, սարսափելի ակնարկով, որ քեզ հավերժ մենակ է թողել:
***
Արփի Ոսկանյան
Անտերուդուս
Հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
ապրում է վարձով,
ծերը ծերին հասցնելով, մի կերպ,
անընդհատ վտարման սպառնալիքի տակ,
խուսափելով տանտիրոջ հետ հանդիպումներից
և անհամբեր սպասելով նրա այցին,
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
իրեն պահում է տնվորի պես.
մեխեր է մեխում պատերին,
աղմկում, դեբոշներ սարքում,
քայլում վարագույրների վրայով,
չանգռտում կահույքը,
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ,
որ ընդունում է հոգուս չափսերը,
իսկ ես մեծահոգի եմ ու լայնախոհ.
ինձ չի հաջողվում գտնել իմ տեղն աշխարհում
և հարմար դիրք բազմոցի վրա,
ինչ-որ տեղ ինչ-որ բան ցավում է՝
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
փակվել է տանտիրոջը հանդիպելու ահից,
սպասում է անակնկալ այցի՝
երազելով վռնդվել տնից ավեր,
վաղուց կարոտ կապիտալ վերանորոգման
և սեփական ճիրաններով բզկտված,
հոգնած, քանդուքարափ մարմինն այս
հանձնել մեկի, ինչպես մայր հողին։
***
Վահե Արսեն
Իմ անգին
մի քանի օրից
եթե քեզ շաբաթ օրով չկանչեն գործի-
մենք կհանդիպենք...
մի շաբաթից
եթե գլխացավս ինձ լքի ու
հազիս խորհուրդը հասկանամ-
կհանդիպենք նորից...
մի քանի ամսից
եթե ինձ կրկին լքեն
ու կամ էլ ինքս ձանձրանամ-
կմերձենանք առաջվա պես...
երբ տարին լրանա
ու անցյալում չեղած ինչ-որ բան դեռ մնա-
կդեսանտվենք մի նոր սիրադաշտ...
... ու եթե մահից հետո դեռ պատճառ մնա
իրար գտնելու
ու շաբաթ օրով քեզ չկանչեն գործի
ու գլխացավս մեզ չընկերանա
ու հազս քեզ չվանի կաղկանձի հանգույն
ու դու չլքես ձանձրացածիս
ու եղածից բացի մի նոր բան մնա մեր անցյալներում
ու այսքանից հետո
մահվանից բացի ավելի պատեհ պատճառ մենք գտնենք-
այդժամ մենք նորից, նորովի, կրկին ու էլ չգիտեմ ինչից ու ինչին...
կհանդիպենք հաստատ
իմ անգին...