կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 19:56
Քաղաքական

Եթե հակակոռուպցիոն խորհուրդը շոշափելի արդյունքներ չգրանցի, ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական աջակցությունը. դեսպան

Եթե հակակոռուպցիոն խորհուրդը շոշափելի արդյունքներ չգրանցի, ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական աջակցությունը. դեսպան

 Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների առաջ՝ ներկայացնելով Հայաստանում իր դեսպանության ինը ամիսների  և  հետագա աշխատանքի հիմնական գերակայությունները: Դրանք Միլսը բաժանել է չորս ուղղության, որոնցից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Նա խոսել է այն իրական կորուստների մասին, որոնցով Հայաստանը հատուցում է կոռուպցիայի համար:

«Կոռուպցիայի մասին ես լսում եմ հնարավոր ամերիկյան ներդրողներից ու շարքային քաղաքացիներից, երբ շրջագայում եմ երկրով մեկ: Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ և չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական ու քաղաքական հետևանքների են հասցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը, տուժում է ողջ տնտեսությունը և երկիրը»,- ասաց ԱՄՆ դեսպանը՝ հավելելով, որ օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով, և եթե ներդրողները նկատում են, որ կոռուպցիան կեղեքում է երկիրը, ապա նրանք կամ հրաժարվում են ներդրումներ կատարելուց կամ կարող են հետ վերցնել իրենց ներդրումները:

Ըստ դեսպանի, կոռուպցիան խաթարում է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը, այն անկայունություն ու անվստահություն է ծնում և կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությանը: Ռիչարդ Միլսն անդրադարձել է նաեւ Հակակոռուպցիոն խորհրդին` ասելով, որ ԱՄՆ-ը աջակցելու է այդ խորհրդին, դեսպանությունը կտրամադրի դրամաշնորհներ, ֆինանսական աջակցություն: «Ուզում եմ շեշտել, որ մեր աջակցությունը Խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի: Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությւոնը կդադարեցվի: Ամեն ինչ շատ պարզ է ու հստակ»,- ասաց դեսպանը: