կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 16:44
Քաղաքական

Նաղդալյանը պատրաստ է հրաժարական տալ` առանց մտածելու

Նաղդալյանը պատրաստ է հրաժարական տալ` առանց մտածելու

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը չի կարծում, որ ճիշտ և արդարացի կլինի ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված Ռոբ Ուոլթերի հակահայկական զեկույցը համարել հայկական պատվիրակության ձախողում: Այսօր խորհրդարանում նա լրագրողներին ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր պատվիրակությունն ինտենսիվ, ամբողջ թափով աշխատել է, տարբեր հանդիպումներ, բանակցություններ ունեցել, սակայն տվյալ գործընթացքում իրենց անմիջական դերակատարումն են ունեցել աշխարհաքաղաքական իրավիճակն ու Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը:

«Էս ֆոնի վրա ողջ խնդիրը բերել նրան, թե հայկական պատվիրակությունը պասիվ գտնվեց և լավ չաշխատեց, դա միամտություն է և մանկամիտ մոտեցում: Այս մեղադրանքները մակերեսային, ոչ պրոֆեսիոնալ, երբեմն նաև անձնավորված են, և որևէ բան չի լուծվում: Ես այսօր չեմ կարող բողոքել պատվիրակության որևէ անդամից, թեև այս պատվիրակության կազմի մեջ իշխանության ներկայացուցիչներն ընդամենը երեքն են»,- ընդգծեց Նաղդալյանը: 

Պատասխանելով դիտարկմանը, թե արդեն մեկ տարի է՝ այդ զեկույցը կար, և տեսակետներ կան, որ հենց մեր պատվիրակության աշխատանքի թերացման արդյունքն է այն, նաև անդրադառնալով այն դիրքորոշմանը, թե հայկական պատվիրակությունը պետք է հրաժարական տա, Նաղդալյանը նշեց, որ դրանք տարբեր խնդիրներ են: «Մենք աշխատակազմի խնդիրներ ունենք, ու լավ կլիներ, որ ԵԽԽՎ-ում մեր հնարավորություններն ավելի մեծ լինեին, որովհետև բազմաթիվ  ուղղություններով աշխատանքներ են ընթանում: Տարիներ առաջ մենք ունեցել ենք ընդամենը մեկ զեկույց`մոնիթորինգի զեկույց, և ամբողջ աշխատանքը կենտրոնացված է եղել մոնիթորինգի զեկույցին, իսկ պատվիրակներից յուրաքանչյուրն ինքը տեսել է, որ անհրաժեշտ է և մասնակցել է Եվրոպայի խորհրդի այլ աշխատանքերին, այլ զեկույցների նախապատրաստմանը և այլ քննարկմանը: Դրանք արվել են ինքնուրույնաբար»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով`այսօրվա վիճակով մենք ունենք Հայաստանին վերաբերող երեք զեկույց: «Սա պահանջում է շատ լուրջ աշխատանք` տարբեր ուղղություններով: Սա բավականին ջանքեր պահանջող աշխատանք է: Մի երկրից գալիս են տարբեր քաղաքական ուժերի, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, և նրանցից յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներ ունի, ուստի շատ կարևոր է, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի հետ կարողանաս աշխատանք կատարել: Մենք խնդիր ունենք՝ վերլուծաբանների հետ կապված և այլն, սա կապված է մեր ԱԺ-ի հնարավորությունների հետ»,- ասաց Նաղդալյանը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ պատրաստ է իր տեղը զիջել ցանկացած մեկին, ով ավելի լավ կկատարի այդ աշխատանքը, Նաղդալյանը պատասխանեց. «Ասեմ, որ ես գտնում եմ` որևէ մեկը ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ խորհրդարանական պատվիրակության մեջ չի կարող և չի էլ իրեն կառչած զգում այստեղ: Պոստ էլ չեմ ուզում ասել: Տպավորություն է ստեղծվել որ սա ինչ-որ մի պաշտոն է, որ սա մի պոստ է: Սա պոստ չէ, սա ծանր պարտավորություն է, որը պետք է շատ լուրջ ձևով իրականացնես: Ես չգիտեմ մեր պատվիրակության կազմից մեկին, այդ թվում՝ և ես, որ պատրաստ չլինի ավելի որակյալ մասնակցով փոխելուն»:

Հարցին,՝ այսինքն` Դուք պատրա՞ստ եք հրաժարական տալ, պատասխանեց. «Առանց մտածելու, առանց որևէ անհանգստություն ցուցաբերելու: Ես կարծում եմ, որ խնդիրը պետք է այսպես դնել, որ ոչ միայն պատվիրակությունն է պարտավոր այս աշխատանքները կատարել, այլ նաև խորհրդարանի բոլոր անդամները, որոնք միջազգային հարթակներում աշխատում են, որոնք բարեկամական խմբերի շրջանակներում աշխատում են, տարբեր երկրների խորհրդարանականների հետ հանդիպումներ են իրականացնում»: