Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների ֆան-ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր. «Հոկտեմբերի 16-ին ՖԱՖ-ը ներկայացրեց 3 պահանջ /երկրպագուների 3 ցանկություն/ ուղղված ՀՖՖ-ին՝ Հայաստանի հավաքականին վատագույն վիճակից դեպի լույսի կողմ տանող 3 քայլ: Հավաքականի մրցաշրջանի վերջին խաղից հետո մենք ակնկալում էինք ՀՖՖ-ի նախագահի ամփոփիչ ասուլիս՝ հավաքականի ելույթների վերաբերյալ, որտեղ կխոսվեր նաև մեր պահանջների մասին, սակայն, մինչ օրս չկա որևէ արձագանք:
Մինչև նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ի կողմից պատասխան չլինելու դեպքում ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնի երկրպագուների երթ դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու և տեր կանգնելու ներկայացված պահանջներին»:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պատասխանել է ՖԱՖ ֆան-շարժմանը: «Ուրախությամբ տեղեկացա, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական խնդիրներով է սկսել հանդես գալ, բայց զարմացա, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ:
Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում օրինակ Իտալիայի ազգային հավաքականին: Ընդհանրապես ՖԱՖ կոչվող խմբակը մինի շոուներ կազմակերպելու մեծ փորձ ունի, բայց Հայաստանի ազգային հավաքականի համար վճռորոշ պահերին օտար երկրների հավաքականներին երկրպագելու մասով:
ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին: Նրանք միշտ և հատկապես հավաքականի համար վճռորոշ պահերին մեր ազգային հավաքականի հետ են և մենք ամեն ինչ անելու ենք որ մեր հավաքականը վերագտնի իրեն արժանի խաղը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ես անձամբ բազմիցս ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր հավատարիմ հարյուր հազարավոր երկրպագուներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային հավաքականը նրանց վերադարձնի իրենց նվիրումը: Հայաստանում և արտերկրում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց նաև շնորհակալ ենք իրենց աշխատանքի, դիտողությունների և խորհուրդների համար: Որևէ խմբակի իրավունք չի տրված խոսել ազգային հավաքականի բոլոր երկրպագուների անունից:
ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ և տոմսերի առ ու վաճառքով: Դա ավելի լավ է ստացվում»,- ասված է ՀՖՖ պաշտոնական կայքի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆան-ակումբի անդամները պահանջներ էին ներկայացրել ՀՖՖ-ին: